«Հայաստանը մեծ ներուժ ունի, և մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես է երկիրը դառնում ավելի նշանակալի ՏՏ կենտրոն»․ Aravot.am-ի զրուցակիցն է Բելգիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը։
Հայաստանը և Բելգիան ընդլայնում են համագործակցության ուղիներն արհեստական բանականության և նորարարությունների ոլորտում, ինչի առիթով, Հայաստանում Բելգիայի դեսպանությունն օրերս մեկ հարկի տակ էր հավաքել նորարարական կազմակերպությունների, ակադեմիական ու բիզնեսի հայ և բելգիացի ներկայացուցիչներին։
-Մեկ տարի է ջանքեր են ներդրվում հայ-բելգիական տնտեսական կապեր ստեղծելու ուղղությամբ. ի՞նչ արդյունքներ կան:
-Այդ ջանքերն առնվազն վերջին 20 տարիների ընթացքում` 2005 թվականից Բելգիա-Հայաստան առևտրի պալատը հիմնելուց ի վեր են, և այժմ դրանք սկսում են խոստումնալից արդյունքներ ցույց տալ։ Վերջին 20 տարիների ընթացքում Բելգիա-Հայաստան առևտրի պալատը կազմակերպել է բազմաթիվ այցեր՝ Հայաստան բերելով ավելի քան 200 ընկերություններ։ Մենք ականատես ենք բելգիական ընկերությունների աճող հետաքրքրությանը՝ Հայաստանում ներդրումային հնարավորությունները ուսումնասիրելու հարցում։ Սակայն, անցյալ տարի Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը վճռորոշ դեր խաղաց այդ հարաբերությունների զարգացման հարցում։ Մեզ համար պատիվ է տեսնել Բելգիայի դեսպան Էրիկ դե Մյունքի բացառիկ ոգևորությունը, ով մեծ ցանկություն ունի նպաստելու Հայաստան-Բելգիա առևտրային կապերի զարգացմանը։ Այս տարի առաջին անգամ կարողացանք աշխատել դեսպանության հետ ընդհանուր մի նախագծի վրա, որը կենտրոնացած էր տեղեկատվական տեխնոլոգիաների (ICT) ոլորտի վրա, ի տարբերություն մեր նախորդ տարիների պատվիրակությունների, որոնք միշտ եղել են բազմաոլորտային։ Մենք հավատում ենք, վստահ ենք, որ սա կբարելավի առաքելության արդյունքները։
Կարդացեք նաև
Դեսպանության հետ միասին մենք ապահովեցինք բելգիական գործարարների ու բանախոսների ամենամեծ ներկայացուցչություններից մեկը՝ Նորարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) համար։
Հայաստանը մեծ ներուժ ունի, և մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես է երկիրը դառնում ավելի նշանակալի ՏՏ կենտրոն։
-Ի՞նչ ոլորտներ են Հայաստանում հետաքրքրում բելգիացի գործարարներին։
-Բելգիացի գործարարները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի տնտեսության մի քանի առանցքային ոլորտների նկատմամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և նորարարության ոլորտները հատկապես գրավիչ են՝ շնորհիվ Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ կենտրոն, աճող հեղինակության։ Բելգիացի ներդրողները հետաքրքրված են նաև վերականգնվող էներգիայի նախագծերով, մասնավորապես՝ արևային և քամու էներգիայով, քանի որ Հայաստանն ունի զգալի ներուժ այս ոլորտում։ Գյուղատնտեսությունն ու ագրոբիզնեսը, հատկապես օրգանական գյուղատնտեսությունը և գինեգործությունը, նույնպես գրավել են բելգիական ընկերությունների ուշադրությունը՝ Հայաստանի բարենպաստ կլիմայի և զարգացող գյուղատնտեսական հատվածի շնորհիվ։
Ավելին, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտները նույնպես դիտարկվում են որպես ուղղություններ, որտեղ բելգիացի գործարարները կարող են ներդրում կատարել և օգտվել, մասնավորապես Բելգիա-Հայաստան ուղիղ թռիչքների շնորհիվ, որոնք իրականացվում են «Brussels airlines» ավիաընկերության կողմից։
Կարևոր է նշել նաև, որ Բելգիայի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերություններին հասանելի դարձնել եվրոպական շուկան և տեխնոլոգիաները, հատկապես կիբերանվտանգության և տվյալների պաշտպանության ոլորտում։ Եթե հայաստանյան ընկերությունները ցանկանում են մուտք գործել ԵՄ շուկա, Բելգիան լավագույն կենտրոնն է՝ այստեղ դուստր ընկերություն հիմնելու կամ տեղական գործընկեր գտնելու համար, և դա մի շարք պատճառներով։ Օրինակ, Բելգիայի ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմում է 35 միլիարդ եվրո, և այն ամեն տարի ապահովում է երկրի ՀՆԱ-ի 5-10%-ը, ինչը զգալի մասնաբաժին է։ Բելգիան առաջատար է նաև GDPR-ի և DORA-ի կարգավորումների հարցում, որոնք նախնական պարտադիր պահանջներ են ցանկացած հանրային մրցույթին մասնակցելու կամ եվրոպացի քաղաքացիների անձնական տվյալները օգտագործելու ենթապայմանագրերի համար։
-Հայաստանի` Եվրասիական միության անդամ լինելու հանգամանքը խոչընդո՞տ է, թե՞ օգնություն հայ-բելգիական տնտեսական կապերի զարգացման համար։
– Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) բարդ պատկեր է ստեղծում հայ-բելգիական տնտեսական կապերի զարգացման համար, հատկապես՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը։ Մի կողմից՝ Հայաստանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ հնարավորություն է տալիս մուտք գործել անդամ երկրների շուկա, ինչը կարող է ստեղծել հնարավորություններ բելգիական ընկերությունների համար, որոնք ձգտում են ընդլայնվել այս տարածաշրջանում։ Սա կարող է հատկապես օգտակար լինել գյուղատնտեսության, արտադրության և լոգիստիկայի ոլորտներում, որտեղ Բելգիան կարող է օգտագործել իր փորձն ու տեխնոլոգիաները։
Սակայն ԵՄ-ի և Ռուսաստանի/Բելառուսի ներկայիս հարաբերությունները թույլ չեն տալիս խթանել նման շուկաների ուսումնասիրությունները։ Բացի այդ, Հայաստանը չունի ուղիղ սահման մյուս անդամ երկրների հետ։ Այդ իսկ պատճառով, սա այն գործոնն է, որը մենք (Բելգիա-Հայաստան առևտրի պալատը) առաջ չենք մղում։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ