Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի նվերը Նիկոլին․ Մեղրիի անցակետի նշանակությունը՝ թե քաղաքական, թե անվտանգության տեսակետից, շատ ավելի բարձր է, քան «Զվարթնոցինը»

Հոկտեմբեր 10,2024 14:35

 «Եթե Լաչինը հայտնի էր ոչ այնքան որպես քաղաք, այլ որպես միջանցք, ապա այժմ Մեղրիին են սպառնում քաղաքից պարզապես միջանցքի վերածվելու»․ Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Աղասի Ենոքյան

-Երեք ամսից Մեղրիի հսկիչ անցակետում ծառայություն կիրականացնեն հայ սահմանապահները, իսկ սահմանային հատվածում կիրականացվի համատեղ հսկողություն։ Սա, թերեւս, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամենագլխավոր նորությունն էր։ Իշխանավորները դա ներկայացնում են ՀՀ ինքնիշխանության վերականգնման տարր, օրինակ են բերում նաև «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալը։ Դա այդպե՞ս է։ Եթե դա քարոզչական տարր է, ապա, ըստ ձեզ, ի՞նչ է կատարվում իրականում։

-Մենք հիշում ենք «Զվարթնոց» օդանավակայանի անցակետից ռուս սահմանապահներին հայերով փոխարինելու ոդիսականը․ ինչպիսի՜ դրամատիկ զարգացումներ էին, որքա՜ն էր Մարիա Զախարովան քննադատում Հայաստանի իշխանություններին այս հարցում, ինչպե՜ս էին «քաղաքագետները» կանխատեսում դրա հետ կապված հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամ։

Իսկ հիմա, իր իսկ ծննդյան օրվա կապակցությամբ, Պուտինը Նիկոլին նման նվեր է մատուցում։ Ընդ որում, Մեղրիի անցակետի նշանակությունը՝ թե քաղաքական, թե անվտանգության տեսակետից, շատ ավելի բարձր է, քան «Զվարթնոցինը»։ Ընդ որում, այնպես չէ, որ Նիկոլն ավելի է խելոքացել եւ ավելի բարի է դարձել Պուտինի նկատմամբ․ էլի ինչ-որ «կամակորություն» է ցուցաբերել, ԱՊՀ ժողովին մի քանի անկապ կետերին դեմ է հանդես եկել, էլի անդարդ հեծանիվ է քշել՝ կարծես սա ոչ թե պատերազմական Մոսկվան է, այլ ժպտուն Փարիզը կամ Նյու- Յորքը։ Պուտինն էլ առանձնապես չի բարիացել Նիկոլի նկատմամբ, ու դրա վառ ապացույցը ադրբեջանական դրոշի տակ կռացած Նիկոլի լուսանկարն է ռուսական պաշտոնական աղբյուրներում։

Այստեղ տեղին է հիշել «Էնեականում» Լաոկոոնի նախազգուշացումը․ «Մի վստահեք ընծաներ բերող դանայացիներին (թշնամիներին) »։ Այս ընծան՝ սահմանապահների նման փոփոխությունը, քաղաքական քայլ է, ընդ որում՝ շատ կարեւոր քաղաքական քայլ։ Իսկ քաղաքական նման ընծաներն արվում են համապատասխան քաղաքական խոշոր զիջումների դիմաց։ Այլեւս Հայաստանը ռուսներին զիջելու լուրջ բան չունի Ադրբեջան-Նախջեւան (Թուրքիա) միջանցքից բացի։

Հատկանշական է, որ հայկական լրատվամիջոցների համար անսպասելի էր Ռուսաստանի կողմից Մեղրիի անցակետը հայ սահմանապահներին զիջելու եւ համատեղ սահմանապահ զորքեր ստեղծելու նախաձեռնությունը, այլապես նրանք հանրային կարծիքը կնախապատրաստեին դրան, որպեսզի Նիկոլը լիակատար վայելեր իր «տրիումֆը», անգամ այժմ շփոթված իշխանական մեդիան անհրաժեշտ հզորությամբ չի կարողանում հնչեցնել «ինքիշխանության վերականգնման» հրավառությունը։

Իսկ հայկական ֆեյք ընդդիմությունները շարունակում են ֆեյք հանրահավաքներն ու ֆեյք հանրաքվեները։

-ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց տարածաշրջանային ապաշրջափակումից ու տպավորություն էր, որ ամեն կերպ ջանում է, որպեսզի Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը, որը որոշ վերլուծություններով հենց այն է, ինչը կոչվում է «Զանգեզուրի միջանցք», անցնի հենց Հայաստանով։ Այլընտրանքը` ԻԻՀ-ով ճանապարհն է։ ՌԴ փոխվարչապետն էլ հստակ հայտարարեց` տարածաշրջանում որևէ ապաշրջափակում չի լինի առանց ՌԴ ի։ Ինչի՞ շուրջ է այս վեճը։

– Սա վեճ չի, սա հենց հաստատում է, որ ռուս-ադրբեջանական տերմինաբանությամբ ասած «Զանգեզուրի միջանցքը» արդեն համաձայնեցված է բոլոր կողմերից։

Իրանով անցնող ճանապարհն, իհարկե, սրան ամենեւին էլ այլընտրանք չէ, այլապես այն կկառուցվեր ու կգործարկվեր ավելի քան 30 տարի առաջ՝ դեռեւս 1992-93-ին։ «Զանգեզուրի միջանցքի» շահառուն ոչ այնքան Ադրբեջանը, Նախիջեւանը, կամ Թուրքիան է, որքան Ռուսաստանը, քանի որ Կրեմլն է վերահսկելու Թուրքիայի եւ Թուրքեստանի միջեւ հաղորդակցությունը։ Պատահական չէ, որ միջանցքի մասին ավելի շատ Մոսկվան է խոսում, քան Բաքուն։ Իսկ Անկարան վերջին ընթացքում հազվադեպ է անդրադառնում այս խնդրին, քանի որ շատ լավ հասկանում է, որ Մոսկվայի վերահսկողությամբ «թյուրքական աշխարհի» հետ հաղորդակցություն զարգացնելու դեպքում իր քաղաքականությունը դառնալու է Ռուսաստանի պատանդը։

Ներկա պահին խիստ կարեւոր է Իրանի պարագան։ Գաղտնիք չէ, որ Իրանը կտրուկ դեմ էր Սյունիքի միջանցքը ռուսական վերահսկողության տակ դնելուն, եւ երբ Նիկոլը դիմադրում էր Մոսկվայի առաջարկներին, ավելի շատ հաշվի էր առնում Թեհրանի վերաբերմունքը եւ ոչ թե Արեւմուտքի տեսակետը, կամ Հայաստանի շահերը։ Ակնհայտ է, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները համաձայնեցված են Թեհրանի հետ․ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ հանկարծ Իրանը փոխեց իր դիրքորոշումը։

Պետք է շատ լուրջ նայել, թե ի՞նչ է հիմա կատարվում է Մերձավոր Արեւելքում։ Չնայած, որ Իրանը կտրուկ դեմ է Իսրայել-Պաղեստին հակամարտությունը ռեգիոնալ կոնֆլիկտի վերածելուն, Իրանն այժմ հայտնվել է այնպիսի հանգամանքներում, որ այդ կոնֆլիկտն ակամա զարգանում է նաեւ իր ձեռամբ։ Այժմ Մերձավոր Արեւելքում հիմնական թեման Իսրայելի կոշտ սպառնալիքներն են Իրանը ոչնչացնելու մասին։ Բնական է, որ այս պարագայում Թեհրանը կարող է զիջել հյուսիսային սահմանի մասին ռազմավարական նպատակները իր անվտանգության անմիջական սպառնալիքներին դիմագրավելուն։

Ռուսաստանը, որ երազում է ոչ միայն եւս մեկ ռեգիոնալ կոնֆլիկտ, այլեւ համաշխարհային նոր պատերազմ, հաճույքով օգնում է Իրանին։ Արդեն առնվազն հայտնի է Մոսկվայի կողմից Իրանին ՍՍ-400 հակաօդային հրթիռների մատակարարման մասին։

Բնական է, որ Պուտինը պահը բաց չթողեց եւ իր օգնության դիմաց Թեհրանից զիջումներ է պահանջում։ Սյունիքի միջանցքի վերաբերյալ մեր հարավային հարեւանի դիրքորոշման փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, հենց սրա հետ է կապված։ Ավելին, կարծում եմ, որ Մեղրիի անցակետը Հայաստանի վերահսկողությանը հանձնելը եւ ռուսական սահմանապահների կազմում մի քանի հայ մտցնելը ավելի շատ զիջում է Իրանին, քան Հայաստանին։

Սրանով է պայմանավորված դեպքերի արագընթաց զարգացումը, սրանով է պայմանավորված, որ հայկական մեդիան տեղեկացված չէր, թե Մոսկվայում ի՞նչ է տեղի ունենալու։ Թերեւս Նիկոլն էլ առանձնապես տեղեկացված չէր, թե ի՞նչ են պատրաստվում անել իրեն վստահված երկրի սահմանների հետ։

Ի դեպ, Պուտինն այս ամիս Նիկոլին կանչեց Կազան՝ հեծանիվ քշելու, որտեղ նրան հընթացս ավելի շատ մանրամասներ կբացի ու կասի, թե ի՞նչ է անելու։

-Նիկոլ Փաշինյանը նաև պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, որը 80 տոկոսով է համաձայնեցված, կնքման` հենց այս ամիս, այն պարագայում, երբ օրերս, եվրոպական մեկ այլ քաղաքից Արարատ Միրզոյանը կրկնում էր իր թեզը, որ COP 29-ից հետո պատերազմի սպառնալիքը մեծ է։ Ինչպե՞ս կբնութագրեք տեղի ունեցողը, ինչի՞ սպասել։

– Նույն պատմություններն են։ Հանկարծակիի եկած Հայաստանի ղեկավարները, որ առաջ ուրիշ պատմություններ էին պատմում, հիմա փաստի առաջ կանգնեցին։

Իսկ պատերազմի մասին սպառնալիքները Հայաստանի ղեկավարների ամենասիրելի պատմություններից են։ Նրանք չեն էլ հասկանում, որ իրենց գործը ոչ թե պատերազմով բնակչությանը վախեցնելն է, այլ այդ սպառնալիքը կանխելը։ Իսկ պատերազմի սպառնալիքը ոչ թե անընդհատ զիջումներ անելով է, կամ ինչ-որ անհեթեթ պայմանագրեր ստորագրելով, այլ ձեռքբերումներով (տարածքային, դիվանագիտական, բանակաշինության, սպառազինության, տնտեսության, եւ այլն) երկրի անվտանգությունը բարձրացնելը։

-Իսկ «ադրբեջանական» Լաչինը եւ հայկական Մեղրին ԱՊՀ մշակութային քաղաքներ հայտարարելու քաղաքական ենթատեքստը ո՞րն է։

-Այստեղ ոչ թե քաղաքական ենթատեքստ է, իրական ծաղր, ցինիկ սիմվոլիզմ։ Եթե Լաչինը հայտնի էր ոչ այնքան որպես քաղաք, այլ որպես միջանցք, ապա այժմ Մեղրիին են սպառնում քաղաքից պարզապես միջանցքի վերածվելու։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031