Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանում նույնիսկ, եթե ընդդիմությունը խորհրդարան մուտք գործի, դա չի նշանակում, որ իրենք բողոքի ցույցերից հրաժարվելու են»

Դեկտեմբեր 12,2024 14:00 Share

«Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է դոմինոյի էֆեկտի սկզբունքով Վրաստանում տեղի ունեցողը նաեւ տարածվի ՀՀ-ի վրա, Ջոնի Մելիքյանը պատասխանեց. «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումները Վրաստանի հետ չէի կապի»։

«Վրաստանում որեւէ բան չի կարելի անտեսել։ Ինչ-որ մի միջադեպից կարող է նոր բողոքի ալիք բարձրանալ, որն իր հերթին կարող է ավելի մեծ կորուստների հանգեցնել»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել Վրաստանում՝ հատկապես այն ֆոնին, որ իրավիճակն ավելի է թեժանում, այսպես պատասխանեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը։
 

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներն ընդդիմության եւ Վրաստանի արեւմտյան դաշնակիցների կողմից չճանաչվելուց հետո Վրաստանում բողոքի ալիք բարձրացավ։ Սրան հաջորդեց նաեւ այն, որ իշխող «Վրացական երազանք»-ը հանդես եկավ նոր աղմկահարույց հայտարարությամբ, թե որոշել են դադարեցնել Եվրամիության հետ բանակցությունները մինչեւ 2028 թվականը։ Սա էլ ավելի սրեց ներքաղաքական իրադրությունը։ Ընդդիմախոսների համոզմամբ՝ սա նշանակում է, որ իշխանությունը ցանկանում է երկիրը վերադարձնել Ռուսաստանի ուղեծիր: Նշենք, որ Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են եղել ոստիկանների հետ, որոնք կոշտ միջոցներ են կիրառել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ։ Դեկտեմբերի 4-ին ուժայինները խուզարկություններ են իրականացրել ընդդիմադիր «Ազգային շարժում», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա» եւ «Ախալի» կուսակցությունների գրասենյակներում։ Արտերկրում Վրաստանի հինգ դեսպան հրաժարական է տվել։ Ավելի քան 135 դիվանագետներ ստորագրել են եվրաինտեգրման շուրջ բանակցությունները հետաձգելու՝ իշխանությունների որոշումը դատապարտող հայտարարություն։ Քաոսային իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանություններին քննադատում են Ազգային բանկի, կրթության նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակիցներից։ Երկրի որոշ համալսարաններ եւ դպրոցներ ի նշան բողոքի դասադուլ են հայտարարել։

Ջոնի Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ Վրաստանում իրավիճակի կայունացում մոտ ապագայում կարելի՞ է ակնկալել, նա պատասխանեց. «Խորհրդարանում հատուկ ռեժիմը կարմիրից վերանայվել է դեպի դեղին։ Նշանակում է, որ այս պարագայում այն վտանգը, որը նախկինում տեսնում էին խորհրդարանի շուրջ բողոքի ցույցերի հետ կապված, արդեն այնպիսին չէ, ինչ նախկինում էր։ Քիչ թե շատ վերջին օրերի ցույցերը ցույց են տալիս, որ կառավարելի եւ կառուցողական ցույցեր են տեղի ունենում եւ երկու կողմից հավելյալ բարդություններ չեն առաջանում։ 12 տարվա փորձը ցույց է տալիս, որ միշտ էլ ինչ-որ լուծում  գտնվել է, եւ ընդդիմությունը մուտք է գործել խորհրդարան եւ աշխատել։ Այսօր ով կլինի այդ միջնորդը, որ երկրից կլինի, ինչքանով կհաջողվի կողմերին բանակցային սեղանի մոտ նստեցնել եւ ինչ-որ չափով ճգնաժամը հանգուցալուծել, արդեն ժամանակը ցույց կտա։ Բայց շանսեր կան։ Տեսնենք՝ ինչ տեղի կունենա»։

Հարցին՝ Վրաստանը ռուսական ուղեծիր տանելու փորձեր տեսնո՞ւմ է, փորձագետն այսպես պատասխանեց. «Հստակ է, որ Արեւմուտք-ՌԴ առճակատման ֆոնին Վրաստանը բավականին լուրջ ճնշումների տակ է գտնվում։ Այս ամենը ներքին գործընթացների արդյունքն է, ունի բավականին հստակ երեւացող արտաքին երանգ, եւ արտաքին ճնշումների ներքո է տեղի ունենում, ինչն էլ ավելի է խորացնում թե՛ բեւեռացումը Վրաստանի հասարակության մեջ, քաղաքական ուժերի միջեւ, թե՛ վտանգավոր տարրեր է ներմուծում։ Տեսնենք՝ ինչ տեղի կունենա։ Առնվազն Վրաստանի իշխանություններին մինչեւ հունվար որեւէ բան չի սպասվում։ Չեմ տեսնում, որ այս տրամաբանության մեջ ակնկալիք կարող ենք ունենալ։ Իրենց հույսը Թրամփի հետ ինչ-որ մի ընդհանուրի գալն է, որից հետո որոշ եվրոպական երկրներ եւս կարող են վերանայել իրենց մոտեցումը Վրաստանի նկատմամբ։ Ռուսական ուղեծրի հետ կապված դա ընդդիմության նարատիվն է, որը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ Արեւմուտքում հստակ կիրառվում է։ Բոլոր հարեւան երկրները միմյանց վրա ազդեցություն ունենում են։ Ռուսաստանի ազդեցությունը տնտեսական բնույթի է, ինչ-որ չափով որոշ տարրեր կան աշխարհաքաղաքական այն իմաստով, որ Վրաստանը համարում է իր երկու տարածքներն օկուպացված։ Այնտեղ ՌԴ-ն ունի ռազմաբազաներ։ Բայց Մոսկվայի քաղաքական ազդեցության, Մոսկվայի թելադրանքների իրականացման հետ կապված մեղադրանքներն անհեթեթություն են։ Ի սկզբանե՝ 2012-ից այս իշխանություններին անվանել են ռուսամետ։ Բայց այս իշխանությունների օրոք թե՛ վիզային ռեժիմը վերանայվեց, թե՛ Ասոցացման  համաձայնագիր ստորագրվեց, երկիրը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ Բրյուսելի կողմից։ Չեմ կարծում, որ ռուսամետ կառավարությունն այս քայլերն աներ»։

Մեր հակադարձմանը՝ բայց նույն այդ կառավարությունն է հայտարարել, որ ԵՄ-ի հետ բանակցությունները դադարեցնում է մինչեւ 2028-ը, Ջոնի Մելիքյանն այսպես արձագանքեց. «Որեւէ ձեւով այդպես տեղի չի ունեցել։ Իրենք հայտարարել են, որ բանակցությունների սկիզբը, որը դրված չի եղել եւ ֆինանսական օժանդակությունը, որը նախկինում արդեն սառեցվել է, իրենք այդ ամենին չեն դիմելու, քանի որ այդ ամենը շանտաժի ձեւով իրենց դեմ օգտագործվում է։ Բայց որեւէ ձեւով իրենք չեն ասել, որ եվրաինտեգրում են դադարեցնում։ Դա ընդդիմության հերթական նարատիվն է, որը ՀՀ-ում որոշ շրջանակներ տարածում են։ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ մինչեւ 2028-ն իրականացնելու են Ասոցացման համաձայնագիրը բոլոր դրույթներով ու բարեփոխումներով՝ 2028-ին ավելի քան 50 տոկոսով կատարելով փաստաթղթի պահանջները։ Սա նշանակում է, որ իրենք առնվազն մինչեւ 2028-ը հայտարարում են՝ քանի որ շանտաժ կա, քանի որ բարդ իրավիճակ եւ ընտրություններ են, իրենք չեն նախաձեռնելու իրենց կողմից անդամակցության բանակցությունների սկիզբ։ Եվ եթե Բրյուսելում համարեն, որ Վրաստանը պատրաստ է, իրենք կողմ են, կարող են սկսել բանակցությունները։ Այդ սառեցումը նախկինում արդեն Բրյուսելից եկել էր, որ ասել էին՝ մենք սառեցնում ենք գործընթացը, իսկ երբ Վրաստանի վարչապետը դրա մասին խոսեց, բոլորը նրան վերաբերեցին, թե իբր Վրաստանն է դադարեցնում»։

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարել էր. «Վրացական երազանք»-ն է դադարեցրել Եվրամիությանն անդամակցության գործընթացը։ «Վրացական երազանք»-ն է զրկվել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունից։ Այլոց մի մեղադրեք»։

Ջոնի Մելիքյանը փաստեց՝ ընդդիմության կողքին կանգնած է թե՛ Բրյուսելը, թե՛ ԵՄ որոշ պետություններ եւ թե՛ ԱՄՆ դեսպանատունը. «Բայց պետք է հստակ հասկանան, որ  այսօրվա վարչակազմը գնացող վարչակազմ է, եւ իրենք նորից սառեցնելով ռազմավարական հարաբերությունները Վրաստանի հետ, ցույց են տալիս, որ իրենք Վրաստանի ներքաղաքական հակամարտությունում կողմնակալ են եւ արդեն կողմ են ընտրել, ինչը հստակ ցույց է տալիս, որ իրենք շահագրգռված են, որ իշխանությունը փոխվի, քանի որ այս իշխանությունները ոչ լիարժեք են իրենց ակնկալիքներն իրականացնում հակառուսական ճակատում։ Այս իշխանությունները հայտարարեցին, որ իրենք Կիեւին աջակցում են, բայց որոշ վերապահումներ ունեն թե՛ ռազմական աջակցության մասով, թե՛ այլ հարցերի շուրջ»։

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է դոմինոյի էֆեկտի սկզբունքով Վրաստանում տեղի ունեցողը նաեւ տարածվի ՀՀ-ի վրա, Ջոնի Մելիքյանը պատասխանեց. «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումները Վրաստանի հետ չէի կապի։ Վրաստանում ընտրություններից առաջ այդ գործընթացները եղան, ՀՀ-ում ընտրությունները սպասվում են 2026-ին, եւ քաղաքական ուժերը մինչեւ 2026-ը մեկուկես տարին օգտագործելու են եւս ինչ-որ նախընտրական գործընթացների համար։ Ուստի մեկը մյուսի հետ չէի ուզի կապել։ Բայց հստակ է, որ այսօրվա աշխարհաքաղաքական ֆոնին, որը տեղի է ունենում Արեւմուտքում, ՌԴ-ում, Մերձավոր Արեւելքում, նաեւ Ասիայում, այդ ամենը էլ ավելի է բարդացնում մեր տարածաշրջանում կյանքը, քանի որ տարբեր բեւեռներ փորձում են փոքր պետություններին իրենց շահերին ծառայեցնել, ինչը հասկանալի է նաեւ Երեւանում։ Թե՛ վրացական, թե՛ հայկական իշխանություններն աշխատում են օգտագործված չլինել, եւ այդ գլոբալ խաղերի մեջ ներգրավված չլինել»։

Ջոնի Մելիքյանի կարծիքով՝  Վրաստանում նույնիսկ, եթե ընդդիմությունը խորհրդարան մուտք գործի, դա չի նշանակում, որ իրենք բողոքի ցույցերից հրաժարվելու են։ Փորձագետը չի բացառում՝ ինչ-որ դրսեւորումներ եւս կարող են տեղի ունենալ նոր կամ հին օրենքների հարցով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ TOKTV-ի

«Առավոտ» օրաթերթ
11.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031