Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացավ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:
Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը միջամտելու մեջ: Ըստ քրեական գործի, լինելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ Ռուբեն Վարդազարյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին հորդորել, խնդրել է՝ կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի («Ալավերդցի Վահագն») խափանման միջոցը փոխել: Վարդազարյանի դեմ հաղորդում ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որից հետո նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ:
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Քրգործի քննության ընթացքում հրապարակվել է մի ձայնագրություն, որում Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում է հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ դրա դիմաց խոստանալով անել ամեն ինչ, որպեսզի Վարդազարյանի վերաբերյալ գործը կարճվի:
Այսօրվա դատական նիստում Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կրկին պնդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում եւ դրա միակ նպատակը եղել է ԲԴԽ նախագահի նրա լիազորությունները կասեցնելը եւ քաղաքական իշխանության համար յուրային ԲԴԽ նախագահ նշանակելը, վերջինի միջոցով անհնազանդ դատավորներին իրենց ենթարկեցնելը եւ այդպես դատական համակարգին տիրանալը:
Կարդացեք նաև
Երեմ Սարգսյանը նաեւ նշեց, որ այս պնդումն իր հիմքում անհերքելի ապացույցներ ունի եւ հիմնավորեց դեռ 2018 թվականից հետո սկսված Հայաստանի Հանրապետության դատա-իրավական համակարգի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների օրինակներով:
Ամփոփելով իր պաշտպանական ճառը՝ Երեմ Սարգսյանը միջնորդեց առաջադրված մեղադրանքում հռչակել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի անմեղությունը եւ արդարացնել նրան:
Մեղադրող կողմը պատասխան ռեպլիկով հանդես գալուն նախապատրաստվելու համար ժամանակ խնդրեց դատարանից: Դատավոր Դոլմասյանը հաջորդ դատական նիստը նշանակեց դեկտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































