Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Անդրեասյան. «Ալեն Սիմոնյանը վիրավորվել է, որ ասել ենք «հող հանձնող», «դավաճան», «թուրքի առաջ կզած», բայց ես այդտեղ ոչ մի սխալ բան չեմ տեսնում»

Հունվար 24,2025 21:12

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանն իր դեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցով դատական նիստից առաջ լրատվամիջոցներին ասաց. «Ամեն անգամ ասել եմ, որ ես իմ ասածների համար չեմ զղջում: Ես իրերը իրենց անունով եմ որակել: Ալեն Սիմոնյանը նեղվել կամ վիրավորվել է, որ ասել ենք «հող հանձնող», «դավաճան», «թուրքի առաջ կզած»: Ես այդտեղ ոչ մի սխալ բան չեմ տեսնում: Թող այնպես ապրեին, որ քաղաքացիներն իրենց համարժեք որակումներ չտային:

Ալեն Սիմոնյանը պահանջում է իրենից ներողություն խնդրել, վիրավորանքների համար ինչ-որ 2,5 մլն. դրամ տուգանք վճարել: Նախ եւ առաջ ես չեմ վիրավորել, իրերը կոչել եմ իրենց անուններով: Եվ երկրորդ՝ ոչ ներողություն եմ խնդրելու, ոչ էլ տուգանք եմ վճարելու, որովհետեւ իրենք իրականում վաճառել են մեր հայրենիքը:

Նիստը վերջնական փուլում է: Երեւի թե դատավորը պետք է որոշում կայացնի: Կանխատեսում անել չեմ ցանկանա: Դատավորը կարող է արդարացի լինել, փորձի կամ ուզենա ճիշտ դատել: Բայց այս իշխանությունների օրոք ոչ մի պետական կառույց չի գործում արդար: Գիտենք, թե ինչպիսի ռեպրեսիաներ են թե ընդդիմադիրների, թե դատավորների վրա, թե դատարաններում ինչ է տիրում, եւ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը ինչպես են խառվում բոլոր գործերին: Այնպես որ, կանխատեսում չանենք եւ սպասենք»:

Հարցին, թե ինչո՞ւ է  Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչը միշտ նրա դատական նիստերը լուսաբանելուց խուսափում, Աշոտ Անդրեասյանը պատասխանեց. «Որովհետեւ նախ ինքնին շատ ամոթ իրավիճակ է Ալեն Սիմոնյանի համար: Չի ուզում լուսաբանվի, որ հանրությունն այդ խայտառակությունը չտեսնի, որ մարդիկ չտեսնեն եւ իրենք էլ իրենց գնահատականները չտան: Եթե ամոթ չլիներ կամ ինքը արդար լիներ, դեմ չէր լինի, որ դատական նիստերը բաց լինեին եւ լուսաբանվեին»:

Անդրադառնալով հող հանձնելու վերաբերյալ լրագրողների հարցին Ալեն Սիմոնյանի տված պատասխանին, թե բոլոր մարդիկ սխալվելու իրավունք ունեն, Աշոտ Անդրեսայանը ասաց. «Հասարակ մարդու սխալվելը եւ քաղաքական գործչի, իշխանականի սխալվելը տարբեր բաներ են: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ մնացածի սխալից մենք կորցրել ենք հայրենիք, մեր հինգ հազար եղբայրներին ենք կորցրել, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ենք կորցրել: Ցանկացած սխալին կա համարժեք պատասխան, որից իրենք չեն խուսափելու»:

Դատական նիստի ավարտից հետո ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ասաց. «Սա շինծու քրեական գործերի շրջանակներում եւս մեկ շինծու գործ է: Այն շինծու գործերի, որոնց շրջանակներում մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրեթե երկու տարի ապօրինի կերպով պահվում է անազատության մեջ: Ոտնահարվում են մարդու իրավունքները եւ պետք է փաստենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության կողմից  չկա մարդու իրավունքները հարգելու ինստիտուտ: Այսօր քրեական գործեր են հարուցում ընդդիմախոսների, այն մարդկանց նկատմամբ, որոնք ընդդիմանում են Նիկոլ Փաշինյանի պարտվողական, թրքասեր քաղաքականությանը:

Այսօր մեր փաստաբանները դատարանում ներկայացրել են ամբողջ ճշմարտությունը, հիմնավորումները տվել, թե Աշոտ Անդրեասյանը ինչի է ասել դավաճան, թափթփուկներ, ինչի է ասել հող հանձնող եք: Իսկ թե դատարանը ինչ կորոշի, չեմ կարող ասել: Կսպասենք ու մեկ ամսից որոշումը կստանանք: Բայց պետք է փաստենք, որ մենք չունենք անկախ դատական համակարգ: Նիկոլ Փաշինյանը ուզուրպացրել է դատա-իրավական համակարգը եւ ուժային կառույցները»:

Իսկ Աշոտ Անդրեասյանի շահերի պաշտպանն ասաց. «Գործի քննությունն ավարտվեց: Փաստաթղթերը եւ գործում առկա այլ տեսագրությունները այսօր հետազոտվեցին, ավարտվեցին: Դատարանը որոշում դեռ չի կայացրել: Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 14-ին: Կանխատեսելիության մասին ոչինչ ասել չեմ կարող: Դատավորից ընդհանուր լավ տպավորություն կա: Հուսով եմ՝ օբյեկտիվ դատական ակտ կկայացնի: Երբ կհրապարակվի դատական ակտը, կիմանանք նաեւ որոշման հիմնավորումներն ու պատճառաբանությունները: Միայն դրանից հետո կարող ենք գնահատական տալ դատական ակտի մասով:

Մեր բոլոր ապացույցները ներկայացրել էինք նախորդիվ եւ այսօր այդ ապացույցների հետազոտությունն էր: Փաստաթղթերի տրամաբանությունն այնպես է ներկայացվել, որ փորձել ենք հիմնավորել, որ Աշոտ Անդրեասյանը ինչ բառ ասել է, դրանց հիմքում որոշակի փաստական տվյալներ է ունեցել եւ դրանց հիման վրա գնահատողական դատողություններ է արել կամ իր կարծիքն է արտահայտել, այդ թվում նաեւ բացասական կարծիք: Բայց ուզում եմ անպայման նշել, որ Աշոտ Անդրեասյանի խոսքերն ուղիղ  ուղղված չեն եղել Ալեն Սիմոնյանին: Չգտես ինչի իրենք դա իրենց ենք վերագրել: Խոսքերի մեծ ծավալ ուղղված է եղել նիկոլականներին: Ալեն Սիմոնյանին ուղղված արտահայտությունը եղել է «գործ տվող» հասկացությունը, որի հիմքում Աշոտ Անդրեասյանն ունեցել է բազմաթիվ փաստական տվյալներ, մասնավորապես, բազմաթիվ քաղաքական գործիչների եւ լրատվության միջոցների նկատմամբ նրա ներկայացրած բազմաթիվ հայցերը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031