Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ակնհայտ է, որ իրականում, բացի Բաքվի պահանջը կատարելը, ոչ մի ուրիշ հիմնավորում այս իշխանությունը չունի». «Հրապարակ»

Փետրվար 28,2025 10:28

«Հրապարակ»-ի զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է:

– Վերադառնալով նոր սահմանադրություն ունենալու իշխանության հիմնավորումներին՝ արդարադատության նախարարը խոսել էր մարդու իրավունքները շեշտադրելու, տարբեր պետական մարմինների տեղի եւ դերի կարգավորումների մասին, բայց գլոբալ առումով, նոր սահմանադրության օրակարգով իշխանությունը չի դնում կառավարման համակարգ փոխելու խնդիր, այն դեպքում, երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանն անխնա քննադատում էր Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումը»: Վարչապետի աթոռին Փաշինյանն իրեն շատ լավ է զգում այդ «կոստյումով»:

– Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը 3 անգամ տարբեր հիմնավորումներ է բերել՝ Սահմանադրությունը փոխելու համար. մի անգամ ասել է, որ սուպերվարչապետական համակարգը պետք է փոփոխվի, հետագայում այս մասին խոսակցություններն ավարտվեցին: Երկրորդ անգամ՝ պատերազմից հետո, ասել է, որ պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգին: Այդ խոսակցությունը եւս ինչ-որ ժամանակ անց փակվեց: Եվ երրորդ անգամ արդեն խոսեցին այն մասին, որ պետք է Սահմանադրությունից հանել երաշխավորված մեծամասնության դրույթը, որը խոչընդոտում է կոալիցիաներ կազմելու ժողովրդավարական մշակույթի ձեւավորմանը: Սրա մասին էլ արդեն չեն խոսում, եւ ակնհայտ է դառնում, որ Փաշինյանին կառավարման մոդել չփոխելը ձեռք է տալիս, նրան ձեռք է տալիս սուպերվարչապետական համակարգը եւ երաշխավորված մեծամասնությունը պահելը, այսինքն, ըստ էության, ոչ մի ռեալ ռեֆորմ չի առաջարկվում, որովհետեւ այս Սահմանադրությունն ամբողջությամբ համապատասխանում է իշխանությունը պահելու Փաշինյանի նպատակին, եւ Ալիեւի պահանջի կատարումը նրա միակ մոտիվացիան է սահմանադրական բարեփոխումների հարցում:

– Այսինքն, կատարել Բաքվի պահանջը եւ այդկերպ փորձել մնալ իշխանությա՞ն:

– Իրականում խնդիրը հենց դրա մեջ է: Իրենք ասում են, թե մարդու իրավունքների ծավալը պետք է մեծացնել, բայց 1995 թվականի Սահմանադրության մեջ էլ շատ լավ ամրագրված են եղել բոլոր դեմոկրատական իրավունքները: Եթե հիշում եք, 2015-ի Սահմանադրության ընդունման ժամանակ նույն հիմնավորումն էր բերվում, որ մարդու իրավունքների բաժինը պետք է ընդլայնել, ամրացնել: Ես կարծում եմ, որ ոչ մի էական բան չի ավելացել, չի ամրապնդվել, չի հարստացվել արդեն իսկ արձանագրված մարդու իրավունքների համեմատ: Հիմա նորից խոսում են մարդու իրավունքների բաժնի հարստացման մասին, բայց որեւէ կոնկրետ բան չկա, թե այդ ինչն է պակաս մարդու իրավունքների բաժնում, որ պետք է լրացնել: Այսինքն, ըստ էության, Սահմանադրության փոփոխության հետ կապված՝ ոչ մի լուրջ խնդիր նրանք չեն դնում, այն դեպքում, երբ Հայաստանի համար այսօր ամենաէական բանն է՝ վերադառնալ  համաժողովրդական եւ համաքաղաքական կոնսենսուսով  ընդունված կիսանախագահական համակարգին: 1991 թվականին «ՀՀ նախագահի մասին» սահմանադրական օրենքով Հայաստանում որդեգրվեց կիսանախագահական համակարգը, եւ ցանկացած ժողովրդավարության համար ամենակարեւոր բանն այն է, որ կառավարման համակարգը մեկ անգամ ընդունվում է եւ չի փոխվում: Ցավոք սրտի, դա խախտվեց, եւ հիմա միակ սահմանադրական ռեֆորմը, որը կարող է արդարացված լինել, այն է, որ մենք վերադառնանք մեր անկախության ակունքներում ընդունված կառավարման մոդելին եւ այլեւս թույլ չտանք կառավարման մոդելի որեւէ փոփոխություն, բայց այս մասին իրենք չեն խոսում: Այսինքն ակնհայտ է, որ իրականում, բացի Բաքվի պահանջը կատարելը, ոչ մի ուրիշ հիմնավորում այս իշխանությունը չունի:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728