Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակը մեկն է՝ կոտրել կարծրատիպերը». Հայաստանի երեք մարզերում սկսել են գործել հայրիկների ակումբներ. JAMnews

Մարտ 03,2025 10:30

JAMnews. Հայաստանի երեք մարզերում սկսել են գործել հայրիկների ակումբներ։ Կազմակերպիչները դրանք ուսուցողական հարթակ են համարում տղամարդկանց համար։ Նպատակն է նոր գիտելիքների ու հմտությունների շնորհիվ նրանց դարձնել ընտանիքում ավելի ներգրավված հայրեր և աջակցող ամուսիններ։

Հայրիկների ակումբ գործում է Շիրակի, Տավուշի ու Լոռու մարզերում։ Բոլորը ստեղծվել են «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։

Ծրագրի որակի պատասխանատու, Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արթուր Նաջարյանը պատմում է.

«Կանխակալ մոտեցում, կասկած կար նման ակումբ ավանդական Գյումրիում բացելու վերաբերյալ։ Սակայն փորձը ցույց տվեց, որ տղամարդկանց հավաքագրման հարցում խնդիրներն ավելի շատ Տավուշի մարզում էին, քան Շիրակի։ Հայրիկների ակումբ գալիս են ինչպես կրթության բավականին բարձր մակարդակ ունեցող անձիք, այնպես էլ միջին մասնագիտական կրթություն ունեցողներ։

Մեկը՝ դասախոս, մյուսը՝ ավտոմեխանիկ։ Հետաքրքիր կոնտրաստով միջավայր՝ մեկ հարթությունում։ Տղամարդիկ կային, որոնք գրասենյակ մտնելով, ասում էին․ «Թող մտածեն՝ եկել եմ երիտասարդական ծրագրին մասնակցելու, բայց ոչ հայրիկների ակումբին»։ Ամաչում էին, մինչդեռ հաջորդ հանդիպմանը գալիս էին ընկերների հետ։ Դեռ ավելին՝ արդեն ծաղրում էին նոր եկածին կարծրատիպային մտածելակերպի համար»։

Հայրիկների ակումբում տեղի են ունենում թեմատիկ հանդիպումներ։ Շահառուները 18-40 տարեկան տղամարդիկ են։ Նրանց մեջ կան և ամուսնացած, երեխաներ ունեցողներ, և տղամարդիկ, որոնք դեռ միայն պատրաստվում են ընտանիք կազմել։

«Դա կնոջը օգնելու ֆունկցիա չէ, դա իրենց պարտականությունն է»

Կազմակերպիչները կարծում են, որ հայրիկների ակումբներին հաջողվում է ջարդել ընտանիքում ձևավորված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համակարգող Թագուհի Հարությունյանը կարևոր է համարում տարիներ հետո ունենալ սերունդ, որն ամեն հնարավոր և անհնար պահի կհիշատակի հայրերին որպես իր դաստիարակության, ձևավորման, խնամքի հարցում մեծ դերակատարում ունեցողների։

Ըստ նրա՝ որոշ հայկական ընտանիքներում հայրերին պատկերացնում են առավոտյան աշխատանքի գնացող ու երեկոյան ինչ-որ ժամի տուն վերադարձող անձ։ Մինչդեռ հոր, ամուսնու գործառույթը առողջ ընտանիքում էականորեն տարբերվում է այս պատկերացումից։

«Ակումբների անդամները սովորում են՝ որն է տղամարդու դերը՝ սկսած կնոջ հղիության փուլից, երբ նա բազմաթիվ ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխությունների է բախվում։ Նրանց բացատրում են, թե երեխայի ծնվելուց հետո ինչ պարտականություններ կան, որ ծնողները պետք է կիսեն կամ համատեղ իրականացնեն։ Շատ հետաքրքիր դասընթացներ են իրականացվում՝ սկսած տակդիր փոխելուց մինչև լուրջ գինեկոլոգիական խնդիրների քննարկում։

Երբեմն այնքան մեծ է եղել հետաքրքրությունը մասնակիցների մոտ, որ առանձին փակ դասընթացներ են կազմակերպվել երիտասարդների համար վերարտադրողական խնդիրների վերաբերյալ։ Նպատակը մեկն է՝ կոտրել կարծրատիպերը։ Տղամարդը պետք է հասկանա, որ ընտանիքի հոգսերը կիսելը կնոջը օգնելու ֆունկցիա չէ։ Դա իրենց պարտականությունն է, որը հավասարապես պետք է կիսեն կանանց հետ»,- ասում է Թագուհի Հարությունյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31