Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

«Երկրի մեջ ամենագլխավոր բանը մարդն է, որ դուք չեք մտածում մարդու մասին»․ Գեւորգ Պապոյանի եւ տնտեսվարողների հանդիպումը ուղեկցվեց նախատինքներով

Մարտ 03,2025 15:37

«Մեր քաղաքականությունը սա է, ձեր պատկերացումները՝ սա են, բայց ինչ որ մի հատված կա, որտեղ խնդիրները հատվում են։ Մի քիչ դուք պիտի գաք մեր դաշտ, մի քիչ մենք, որ դրանք լուծենք»,- այսօր տնտեսվարողների հետ հանդիպման ընթացքում` նրանց բողոքները լսելուց հետո ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Հիշեցնենք, այսօր՝ գործարարի օրը, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները գործադուլ էին հայտարարել եւ կառավարության շենքի մոտ ցույց էին անում՝ պահանջելով հարկային բեռի վերանայում, որը բավական բարձրացել է՝ շրջանառության հարկի մասին կառավարության վերջին որոշման արդյունքում։

Փետրվարի 27-ին կայացած նիստում կառավարությունը հայտարարեց «ժամանակավոր հետքայլի» մասին․ 2025-ի առաջին կեսին 5 տոկոսից ավելի վճարվելիք հարկը կվերադարձնեն բիզնեսներին:

Երկու ժամ տեւած ցույցի ընթացքում ցուցարարներին կառավարությունից ոչ ոք չհանդիպեց։ Ցուցարարները շարժվեցին էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ՝ նախարարության թաղումը բեմադրելու համար, որտեղ նրանց դիմավորեց նախարար Գեւորգ Պապոյանը։ Նա ցուցարարներին առաջարկեց՝ շենքի դահլիճում քննարկել հարցը եւ մերժում ստացավ։ Ապա դիմեց ցուցարարներին․ «Ովքեր ընդդիմադիր գործիչ են, թող մնան այստեղ, ովքեր ցուցարար, խնդրեմ անցնեն ներսում քննարկենք»։ Ցուցարարների մի մասը նախարարի հետ մտան շենք։

Ցուցարարների հետ քննարկման սկզբում Գեւորգ Պապոյանը հայտարարեց՝ հիմնական խնդիրը որոշ խոշոր գործարարներ են, որոնք աշխատում են ոչ փաստաթղթավորված՝ խնդիրներ ստեղծելով համընդհանուր տնտեսական կյանքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Քանի որ հանդիպմանը ներկա էին ՓՄՁ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ եւ բարձրացվող հարցերն էլ տարբեր էին, Գեւորգ Պապոյանն առաջարկեց՝ ընդհանուր գրավոր առաջարկներ մշակել եւ քննարկել դրանք։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Երկրի մեջ ամենագլխավոր բանը մարդն է, որ դուք չեք մտածում մարդու մասին»,- վրդովված հայտարարեց տնտեսվարողներից մեկը։

Ոչ թեմային վերաբերվող հարցերով Գեւորգ Պապոյանը չցանկացավ բանավիճել հավաքվածների հետ․ «Ամենայն հարգանքով՝ դուք սկսեք մեզ վիրավորել, չենք պատասխանելու։ Առաջարկում ենք կոռեկտության մեջ մնալ, դա գեղեցկացնող բան է, մնացածը՝ կլուծենք»։

Բոլորս աշխատում ենք ԱԱՀ-ով՝ Գեւորգ Պապոյանին առաջարկը տնտեսվարողները մերժեցին, քանի որ երկրում հնարավոր չէ մեկ միասնական հարկային համակարգ ունենալ, նման երկիր աշխարհում գոյություն չունի։ Նկատի առնելով համաշխարհային շուկայում ապրանքների թանկացումը՝ առաջարկ հնչեց՝ ԱԱՀ-ի գոտում աշխատող ձեռնարկությունների հարկման 115 միլիոն շեմը 180 միլիոն դարձնել, իսկ ՓՄՁ-ների համար՝ 24 միլիոնի չհարկվող շեմը, ասենք, 38 միլիոն դարձնել:

«Ես հասկանում եմ, որ մենք ունենք պետական պարտք, որը 12 միլիարդի շեմը հատել է եւ հավելյալ հարկային գործիքներ են պետք պետությանը, բայց սա տարբերակ չէ»,-նախարարին դիմեց տնտեսվարողներից մեկը։

Ի վերջո, մոտ 1,5 ժամ տեւած հանդիպումից հետո, Գեւորգ Պապոյանի առաջարկով՝ ինչ-որ պարբերականությամբ եւ ինչ-որ ձեւաչափով ցուցարարների հետ հանդիպումներ կլինեն առաջիկայում՝ ՓՄՁ ասոցիացիայի միջոցով, կքննարկվեն բոլոր խնդիրները եւ փոխզիջումային տարբերակներ կգտնվեն։

Ցուցարարները նախարարությունից հեռացան հակասական տրամադրություններով․ «Նախնական խոսակցություն է՝ տեսնենք, թե ինչ կստացվի, բայց հույսն այդքան մեծ չէ։ Հույս ունեմ, մեր վարչապետը, որ ասում է՝ հարստացեք եւ հարստացրեք, իր այդ թեզն առաջինը մեզ վրա կօգտագործի»։

Մեկ այլ տնտեսվարող էլ հասկացել էր, որ այս նախարարությունում ինչ-որ հարցերով պատրաստ են իրենց աջակցել ու «ոնց որ լավ էլ ժողովուրդ էին, լավ ընդունեցին»։

Տնտեսվարողներից մեկն էլ եզրակացրել է՝ սխալ նախարարություն էինք եկել, այդ հարցերով այս նախարարություն պետք չէր գալ։

Քննարկումն ամբողջությամբ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31