Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանի ավագանու ՔՊ-ական անդամներից մեկի պաշտոնն անհամատեղելի է․ կմնա՞, թե՞ կհեռացնեն․ համայնքապետի պարզաբանումը

Մարտ 03,2025 21:35

Մի քանի տարի է՝ բուռն քննարկման թեմա է Ալբերտ Այվազյանի՝ Շիրակի փոխմարզպետի պաշտոնը Ախուրյանի ավագանու անդամի պաշտոնի հետ համատեղելու հարցը։

Դեռևս 2022 թվականին, երբ Ախուրյանում դեռ իշխանափոխություն չէր եղել, համայնքը գլխավորում էր դաշնակցական Արծրուն Իգիթյանը, նրա տեղակալը՝  Ախուրյան խոշորացված համայնքի «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Կարեն Արշակյանը, դիմել էր ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Ալբերտ Այվազյանը երկու անհամատեղելի հանրային պաշտոններ է զբաղեցնում․ նա, լինելով  Ախուրյան խոշորացված համայնքի ՔՊ խմբակցության ավագանու անդամ, միաժամանակ Շիրակի մարզպետի տեղակալ է։

Այդ ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ պաշտոնի անհամատեղելիությունը ոչ թե առնչվում է ավագանու անդամի, այլ մարզպետի տեղակալի պաշտոնին, ուստի և այդ խախտումը, ըստ հանձնաժողովի, հիմք է մարզպետի տեղակալի լիազորությունների դադարեցման։

Հանձնաժողովը գտել էր, որ նա խախտել է «Հանրային ծառայության մասին օրենքի» 31 հոդվածի 1-ին մասի պահանջները։

2025 թվականին փետրվարին Asparez.am կայքն այս հարցով դարձյալ գրավոր հարցում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն այս անգամ պատասխանել է, որ Ալբերտ Այվազյանը կարող է շարունակել պաշտոնավարումը։

«Ալբերտ Այվազյանը 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընտրվել է Ախուրյան համայնքի ավագանու համայնքային քաղաքական պաշտոնում, իսկ 2022 թվականի հունվարի 5-ին նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալի  պետական վարչական  պաշտոնում (վերանշանակվել՝ 2025 թվականի հունվարի 20-ին):

Հաշվի առնելով, որ Ալբերտ Այվազյանը հանրային պաշտոնը համայնքի ավագանու պաշտոնի հետ համատեղել է մինչև 2024 թվականի մայիսի 25-ը՝ վերջինիս նկատմամբ կիրառելի է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված՝ քննարկված անցումային դրույթը (խոսքը 2024 թվականի մայիսի 22-ին ընդունված՝ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի (ՀՕ-227-Ն) անցումային դրույթների մասին է), ուստի, Ա․ Այվազյանը կարող է շարունակել համատեղ պաշտոնավարումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը»,- գրված է պատասխանում:

Սակայն, ըստ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Ախուրյան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության մեկ այլ անդամի՝ Նարինե Մուշեղյանի պաշտոնն է անհամատեղելի նրա՝ «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական մասի համակարգողի պաշտոնի հետ։

Նարինե Մուշեղյանը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 9-ը զբաղեցրել է Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 9-ից զբաղեցնում է վարչական մասի համակարգողի պաշտոնը: 2021 թվականի դեկտեմբերի 16-ին Նարինե Մուշեղյանն ընտրվել է Ախուրյան համայնքի ավագանու համայնքային քաղաքական պաշտոնում:

Հանձնաժողովը գտել է, որ  համայնքի ավագանու անդամի պաշտոնի և պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի) պաշտոնի համատեղումը «Տեղական ինքնակառավարման մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներով սահմանված անհամատեղելիության պահանջների (այլ պաշտոն զբաղեցնելու արգելքի) խախտում է:

Ախուրյան խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց․ «Ըստ օրենքի՝ կամ ավագանու անդամը պիտի ինքնաբացարկի դիմում ներկայացնի կամ մենք իրեն պիտի ծանուցենք անհամատեղելիության մասին, արձանագրենք ու ուղարկենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։

Հանձնաժողովը, քննության առնելով, կորոշի՝ մանդատը տալիս է ցուցակի հաջորդ համարին, թե՞ չի տալիս»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31