Լրահոս
Օրվա լրահոսը

Microchip Technology-ի ընդլայնված ներկայացվածությունը Հայաստանի մարզերում առանցքային նշանակություն ունի պետական քաղաքականության տեսանկյունից. Մխիթար Հայրապետյան

Մարտ 04,2025 16:42

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 3-ին մասնակցել է միկրոէլեկտրոնիկա նախագծող և մշակող Microchip Technology ընկերության հայաստանյան՝ թվով չորրորդ գրասենյակի բացման արարողությանը։

Գրասենյակի բացումն ազդարարող պաշտոնական ժապավենը կտրել են նախարար Մխիթար Հայրապետյանը և Microchip Technology-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանը։

Նախարարը շնորհավորելով ներկաներին նոր գրասենյակի բացման կապակցությամբ՝ անդրադարձել է պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության կարևորությանն՝ ի նպաստ ՀՀ տնտեսության առաջընթացի։

Նախարարը նշել է, որ յուրաքանչյուր նոր ընկերության մուտք մեր երկիր՝ արտադրողական և հետազոտական կարողություններն ընդլայնելու տեսանկյունից, կարևոր նշանակություն ունի, և այն համագործակցությունը, որը հիմնված է երկարաժամկետ փոխշահավետության սկզբունքի վրա, երկար կյանք է ունենալու։

«Microchip Technology-ի ընդլայնված ներկայացվածությունը Հայաստանի մարզերում առանցքային նշանակություն ունի պետական քաղաքականության տեսանկյունից։ Այս մոտեցումը ռազմավարական կարևորություն ունի, և ապագայում անհրաժեշտ է ներդնել լրացուցիչ գործիքներ՝ խթանելու վերազգային ընկերությունների գործունեությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ մարզերում»,- ընդգծել է նախարարը։

Microchip Technology-ի փոխնախագահ Շակիլ Պիրան էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը համագործակցության համար՝ կարևորելով դրա դերը Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում։ Միջոցառման ընթացքում Microchip Technology-ի ծրագրային ապահովման և ճարտարագիտական լուծումների ավագ տնօրեն Ռաջիվ Ջայարամանը նույնպես հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով Հայաստանի մեծ ներուժը տեխնոլոգիական ոլորտում։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը և «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Վահագն Պողոսյանը:

Այնուհետև միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել նորաբաց գրասենյակում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։

Պաշտոնական արարողությանը հաջորդել է փակ քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Microchip Technology-ի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ընկերության առաջիկա ծրագրերն ու ռազմավարական տեսլականը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները և ձեռք բերվել պայմանավորվածություն՝ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ շարունակական քննարկումներ ունենալու վերաբերյալ։ Քննարկվել է նաև Հայաստանում արտադրություն սկսելու հնարավորությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև պետական կառույցների և համայնքային առաջնորդներ, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի առանցքային ներկայացուցիչներ։

Microchip Technology ընկերությունը Հայաստանում գործունեությունը սկսել է 2023 թվականից՝ համագործակցելով Instigate ընկերությունների խմբի հետ, ձեռք բերելով հայկական «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը։ Միկրոչիպերի արտադրությամբ զբաղվող և մոտ 50 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիա ունեցող ամերիկյան Microchip Technology ընկերությունը հիմնադրվել է 1989-ին։ Այն միկրոկոնտրոլերների, խառը ազդանշանային սխեմաների, անալոգային կիսահաղորդիչների և ֆլեշ IP լուծումների առաջատար մատակարար է։ Ընկերության կենտրոնական գրասենյակը տեղակայված է ԱՄՆ Արիզոնա նահանգի Չանդլեր քաղաքում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31