Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում, ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք ավելի սերտ չեն եղել, քան այժմ, եւ ընդլայնվում են արագորեն». Վասիլիս Մարագոս. «Հրապարակ»

Մարտ 05,2025 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Եվրոպական Միության արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը պատասխանել է «Հրապարակի» հարցերին։

– Մի հարց, եթե կարելի է, Հայաստանում ԵՎՐԱՔՎԵ-ի գործընթացի առնչությամբ։ Գիտեք, ինձ արտառոց է թվացել այն, որ ոչ մի ԵՄ հաստատություն, նույնիսկ euneighbourseast.eu կայքը մի բառ անգամ չասացին Հայաստանում ԵՎՐԱՔՎԵ-ի արշավի մասին, ո՛չ 2024-ի ամռանը, երբ այդ գաղափարը ներկայացվեց, ո՛չ այն ժամանակ, երբ այն նախաձեռնության էր վերածվել, ո՛չ ստորագրահավաքի փուլում, ո՛չ հետո: Այժմ ԵՎՐԱՔՎԵ-ի օրինագիծն Ազգային ժողովում է, անցել է առաջին ընթերցում, Դուք ինչպե՞ս կգնահատեք գործընթացը սկզբից մինչեւ ներկա պահը։ Այն որեւէ նշանակություն ունի՞, որեւէ բան փոխո՞ւմ է Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկայում։

– Մենք ողջունում ենք դրական մղումը եւ աջակցում ենք ամենասերտ հարաբերություններին։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հաստատված՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ցույց է տալիս Եվրպական Միության ու նրա արժեքների գրավչությունը։ Ես ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ ԵՄ-ում կա ամուր հանձնառություն եւ ներքին համաձայնություն՝ շարունակելու ամրապնդել ԵՄ-Հայաստան գործընկերությունը, հենվելով մեր ընդհանուր արժեքների, շահերի եւ կանոններով առաջնորդվող աշխարհակարգին նվիրվածության վրա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա դրա ընթացակարգերը, չափանիշները հստակ են եւ հանրահայտ, դրանք գործարկվում են երկրի կողմից անդամակցության հայտ ներկայացնելուց հետո։

Իրականում, ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք ավելի սերտ չեն եղել, քան այժմ, եւ ընդլայնվում են արագորեն։ Ի հավելումն առաջընթացի, որ արձանագրվել է գոյություն ունեցող Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) գործադրմամբ եւ այն աշխատանքների, որ դեռ պետք է կատարվեն՝ այդ համաձայնագրի ողջ ներուժը վեր հանելու համար, ես կցանկանայի մատնանշել վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի որոշումը, որը ԵՄ-ի կողմից ընդունված այդ կարգի միակ որոշումն էր վերջին 5 տարում։ Նշեմ նաեւ «Կայունության եւ աճի ծրագիրը Հայաստանի համար» (Resilience and Growth Plan for Armenia) իր՝ 2024-27թթ․ համար նախատեսված 270 միլիոն եվրոյի հատկացումով, ինչի մասին հայտարարվեց անցյալ ապրիլին։ Ծրագիրը, թիրախային օժանդակություն ցուցաբերելով, կխթանի երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ հաղորդակցությունը, ձեռնարկատիրությունը, առեւտուրը, էներգետիկ դիվերսիֆիկացումը  եւ Հայաստանն ավելի կմոտեցնի Եվրոպային:

– Մի հարց եւս՝ Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից, իմ կարծիքով, սուտ ու կեղծիք է տարածվում, թե «ԵՄ-ին ինտեգրումն իրականում նշանակում է ինտեգրում Թուրքիային»։ Նման քարոզչությունը, իմ կարծիքով, բարոյազուրկ եւ մոլորեցնող արարք է՝ հայ ժողովրդի հանդեպ, եւ անսքող թշնամանք՝ ԵՄ-ի հանդեպ։ ԵՄ-ն չպե՞տք է արձագանքի այդ հայտարարություններին, օրինակ, նման բան հայտարարողներին persona non-grata հայտարարելով։

– Եվրամիությունը շատ բաց եւ թափանցիկ քաղաքականություն է վարում։ Սա, իհարկե, տեսանելի է նաեւ հասարակության համար, եւ հայ ժողովուրդը կարող է տարբերակել քարոզչությունը, ապատեղեկատվությունն ու շահարկումը։ Մենք, անշուշտ, աջակցում ենք հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը Հայաստանի եւ նրա բոլոր հարեւանների միջեւ, այդ թվում՝ Թուրքիայի։ Սրանից դուրս ցանկացած այլ պնդում ակնհայտ կեղծիք է: Բայց ես նաեւ շատ հստակ լինեմ, որ ԵՄ-ն հարգում է խոսքի ազատությունը, որը հիմնարար իրավունք է՝ եվրոպական ու համընդհանուր։

– Վերջին, թերեւս, ամենակարեւոր հարցը՝ ԵՄ-Հայաստան նոր Գործընկերության օրակարգի վերաբերյալ: Չե՞ք ասի՝ քանի՞ բաժին ունի այդ փաստաթուղթը, որո՞նք են դրա սկզբունքային տարբերությունները CEPA-ից, եւ, վերջապես՝ Գործընկերության օրակարգը կծառայի՞ որպես Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման ճանապարհային քարտեզ, թե՞ ճանապարհային քարտեզը կսահմանվի մեկ այլ փաստաթղթով:

– Հենվելով ԵՄ-Հայաստան հարաբերություններում առկա զարգացումների դրական արագացման վրա՝ ԵՄ-Հայաստան նոր «Գործընկերության օրակարգը», որի շուրջ բանակցությունները շարունակվում են, կսահմանի ավելի հավակնոտ առաջնահերթություններ՝ բազմաթիվ ոլորտներում համագործակցության համար․ քաղաքական երկխոսություն, անվտանգություն, հիմնարար իրավունքներ, տնտեսություն, տրանսպորտ, կրթություն եւ զբաղվածություն: Այն կօգնի նաեւ՝ վեր հանելու «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) զգալի ներուժը:

Նոր Գործընկերության օրակարգի համար ֆինանսական հենք կծառայի ԵՄ-ի՝ արդեն հիշատակված «Կայունության եւ աճի ծրագիրը Հայաստանի համար» (Resilience and Growth Plan for Armenia)՝ իր 270 միլիոն եվրո ֆինանսավորմամբ 2024-27թթ․ ժամանակաշրջանում։ Այն կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ՝ հաղորդակցությանը, ձեռնարկատիրությունը, առեւտրին եւ էներգետիկայի դիվերսիֆիկացմանը։ Այս փաստաթղթերը, վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում մշակվելիք Գործողությունների ծրագրի հետ միասին, հիմք կծառայեն հաջորդ փուլի մեր ձեռքբերումների համար, անշուշտ, շատ ասպարեզներում Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին: Այդ աշխատանքն առանցքային կլինի մեր երկկողմ հարաբերությունների եւ կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի համար:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31