«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Youtube-ի ուղիղ եթերում անդրադառնալով Բաքվում անօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ ասաց. «Կարծում եմ, որ դա առաջին հերթին շատ էմոցիոնալ ուղերձ է, հուզիչ, բայց նաեւ շատ բովանդակային, շատ իմաստալից: Բայց ես ուղում եմ խոսել ընդհանրապես Բաքվի բանտերում գտնվող ռազմագերիների, պատանդների մասին, որոնք թե Արցախի ռազմական, քաղաքական ղեկավարներն են, թե նաեւ այլ մարդիկ, որոնք որեւէ պետական, կիսապետական, ներկայացուցչական կարգավիճակներ չեն ունեցել:
Ես չեմ հոգնում բացատրել մեր ժողովրդին, որ մեր եղբայրներին բանտերից ազատելու խնդիրը մեր խնդիրն է, Հայաստանի Հանրապետության խնդիրն է: Մարդու իրավունքների մասնագետ լինելով հանդերձ, ուզում եմ ասել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրոպական պառլամենտը, Ֆրանսիայի սենատը, բազմաթիվ այլ միջազգային կառույցներ, որոնք կան, գործում են, Կարմիր խաչը, որի գրասենյակն ի դեպ Ադրբեջանը փակում է, բոլոր այս մարմինները ինչ էլ խոսեն, լինելու են էմոցիոնալ հայտարարություններ, արձագանքներ, որը լավ է, թող լինի, ես դեմ չեմ, բայց դրանցով հնարավոր չի լինելու ազատել մեր հայրենակիցներին:
Մեր հայրենակիցներին ազատելու ճանապարհը բանակցային պրոցեսն է: Քաղաքական է: Այն իրավական պրոցես չէ: Այն բանակցային գործընթացի մաս պետք է լինի: Մինչդեռ, մեր իշխանությունները ուղղակի դիմել են ՄԻԵԴ ու ասում են՝ դե դիմել ենք Եվրոպական դատարան՝ կնայենք, կտեսնենք:
Ես ԵԴ-ում Ադրբեջանի դեմ հաղթած ոչ քաղաքական, դատական գործ ունեմ, չնայած, էլի քաղաքական է, եւ հաղթել եմ: Անգամ այդ գործով Ադրբեջանը գումար ունի տալու, բայց չի տալիս փոխհատուցում: Ինչ մնաց՝ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի եւ մյուսների, որոնք քաղաքական պրոցեսներով հիմա դատվում են Բաքվի դատարանում, նրանց գործով Եվրադատարանը մի բան անի: Չկա, չի լինելու տենց բան: Հիմա մենք գործ ունենք իմիտացիայի հետ, որ իշխանություններն ասում են. ժողովուրդ ջան, մենք դիմել ենք Եվրոպական դատարան, շատ մտահոգված ենք, շատ հուզված ենք: Այո, բոլորս ուզում ենք իրենց ազատել, բայց դե սա է:
Կարդացեք նաև
Հիմա մեր իշխանության թիվ մեկ օրակարգը Ադրբեջանից մի հատ թուղթ պոկելն է, որի անունը պետք է դրվի խաղաղության պայմանագիր: Քանի որ դրա էությունն էլ, բովանդակությունն էլ գոյություն չունի, դա նրա համար է, որ ընտրություններում դա օգտագործվի: Որ ասեն. Ժողովուրդ ջան, մենք էս թուղթը բերել ենք, խաղաղության պայմանագիրն է, գնացեք մեզ ընտրեք: Բայց ես ձեզ ասում եմ. Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո այդ թուղթը, որ պետք է լիներ, այլեւս չկա: Ինչ թուղթ որ կլինի, դա այն թուղթը չի: Բանակցություն էլ չկա: Սա էլ ասեմ:
Հետեւաբար, իրենք չեն ասելու, իրենք չեն բանակցում Ադրբեջանի հետ, որ մեր ռազմագերիները ազատ արձակվեն: Ինչո՞ւ: Որովհետեւ բանակցային պրոցեսները, որոնք ընթանում էին, այդ բանակցությունների ժամանակ Հայաստանին դուրս մղեցին բոլոր հարթակներից: Հիմա բանակցային գործընթաց գոյություն չունի: Խաղաղության գործընթաց գոյություն չունի: Կան Նիկոլ Փաշինյանի Արմենպրեսի հոդվածները որպես բանակցային գործընթաց եւ կան Ալիեւի հայտարարությունները: Անգամ Ալիեւն էլ արդեն չի արձագանքում: ԱԳՆ-ի մակարդակով խոսնակն է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին: Տեսնում ե՞ք՝ ինչ ձեւի են հարթությունները փոխվել:
Չկա բանակցություն, որովհետեւ Հայաստանն ինքը չի ուզում բանակցել այն ֆորմատում, որը միակ լեգիտիմ ֆորմատն է: Դա մեր ունեցած եռակողմ հարթակն է, որի միակ թղթի տակ երեք ստորագրություն դրված է՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Քանի որ Հայաստանը չի ուզում դրա շրջանակներում բանակցել, ռազմագերիների ազատման հարցն էլ չի լուծվելու, որովհետեւ այդ ճանապարհով պետք է լուծվեր: Այդտեղ է դրա լծակը, մեխանիզմը: Այդ բոլոր մեխանիզմները մեր կառավարությունում են: Ուղղակի մեր կառավարությունը, ում որ 54 տոկոս ձայն եք տվել, ճանաչում ենք, շփվել ենք, աշխատել ենք, բոլորին գիտենք, իրենք չունեն այդպիսի օրակարգ: Ակնկալել, որ դա անելու են, շարունակաբար դիմել, թե ինչ պետք է անեն, չեն անելու: Ինչի՞ համար եք դիմում սրանց: Դա չի լինելու:
Հետեւաբար, պետք է ֆիքսել: Առաջինը, որ մեխանիզմը մեր պետական մեխանիզմն է՝ այս մարդկանց պաշտպանելու եւ ազատելու: Եվ մեր պետական մեխանիզմը գտնվում է մարդկանց ձեռքին, որոնք չեն պաշտպանում մեր պետության իրավունքները եւ շահերը: Հետեւաբար, պետք է այս մարդկանց փոխել: Պետական մեխանիզմները մնալու են իրենց տեղերում: Եվ նոր մարդիկ, որոնք գիտեն՝ ոնց օգտագործել այդ մեխանիզմները, կգնան, կօգտագործեն եւ կպաշտպանեն: Սա ասում եմ, որովհետեւ այստեղ մարդիկ կան՝ ասում են դե լավ, մի 20 հոգի են, իրենք մեղավոր են: Մի անասուն պրապագանդա է այստեղ գնում: Եվ ՀՀ քաղաքացիները, նաեւ սփյուռքում ապրողները մտածում են, որ այս մարդկանց դատերը մեր հետ կապ չունեն:
Այս եթերի երկրորդ մասում ուզում եմ ասել, որ այս մարդկանց դատում են մեր ժողովրդի վերջին 30 տարուց ավելի ապրած կյանքի համար, աշխատած գումարի, վճարած հարկերի, երեխաներին որպես զորակոչիկ բանակ ուղարկելու, ապրելու, շնչելու, արարելու համար: Ուղղակի իրենց են բռնել, իրենց են դատում: Ձեզ, մեզ բռնեին, ձեզ, մեզ էին դատելու: Այս մարդիկ մեր տեղն են դատվում՝ իրենց սիրենք, չսիրենք: Ես գիտեմ, թե ինչ այլանդակ ատելություն է տարածվում: Բայց արձանագրումը հետեւյալն է. մի տարանջատվեք: Որ դատական գործերը նայեք, կհասկանաք, որ բոլորիս դատում են այնտեղ: Հետեւաբար, նրանց պաշտպանելով՝ բոլորիս ենք պաշտպանում, նրանց լքելով՝ բոլորս ենք դատվում եւ դատվելու ենք: Եվ Հայաստան պետությունն է դատվելու՝ ճանաչվելով օկուպանտ, ագրեսոր: Եվ սերնդե-սերունդ վզներիս դնելու են՝ գնացեք, այսքան փող բերեք, տվեք Ադրբեջանին:
Սիրելի ժողովուրդ, ի՞նչ լեզվով ձեզ բացատրեմ, որ հետեւություններ անեք, որոշեք, որ եղած այս մարդկանց պետք է փոխել ուրիշ մարդկանցով: Սա չի կարող այսպես շարունակվել: Ես միջազգային իրավունքի մասնագետ եմ: Արցախյան շարժման, Լեռնային Ղարաբաղի պայքարի բոլոր իրավական թեզերը պետք է այս պետությունը պաշտպանի, որովհետեւ եթե այս պետությունը այս թեզերը չի պաշտպանում՝ ինքը չի պաշտպանվում, ինքը հանձնվում է: Իսկ եթե հանձնվում է, իրեն մինչեւ վերջ դատելու են, կեղեքելու են, կտրտելու են, մասնատելու են, կտոր-կտոր են անելու: Սրա մասին է իրենց օրակարգը: Եվ այդ օրակարգը կանգնեցնելու մի ճանապարհ կա, որն այս իշխանությունը չի օգտագործելու: Պետք է փոխել այդ իշխանությունը, որի թիվ մեկ օրակարգն այն է, որ երկար ապրեն դաչաներում: Ուրիշ մտահոգություն չկա:
Պետք է իմաստանանք, հասկանանք, որ սա մեր մասին է, հասկանանք, որ մեզ բաժանում են իրարից, որպեսզի տիրեն, որ իրար հետ զզվացնեն, թուլացնեն, գան բոլորիս կոտորեն: Ոտքի կանգնենք, միավորվենք, գործ անենք»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ