Լրահոս
Օրվա լրահոսը

Շվարցի հերոսը, ցանկացած վատ արարքից հետո գտնում է ինչ-որ արդարացում, մեղադրում իր նախկիններին, ինչը հիշեցնում է մերօրյա քաղաքական այրերի` մեղքերն այլոց վրա բարդելու սովորությունը

Մարտ 12,2025 16:33

Համաշխարհային գրականության և թատերգության գերհագեցած բնագավառում չափազանց դժվար է իր ուրույն ստեղծագործական և անշփոթելի տեղն զբաղեցնելը: Բոլորովին այնպես չէ, որ պիեսներ քիչ են գրվում. ընդհակառակը, դրանք չափազանց շատ են, բայց շատ քիչ պիեսների և առավել քիչ հեղինակների է հաջողվում ժամանակի դաժան «գերանդիից» խուսափել և իրենց հաստատուն տեղը գրավել ոչ միայն ազգային, այլ համաշխարհային դրամատուրգիայում: Այդպիսի միայն իրեն հատուկ թատերախաղեր է ստեղծել գրող, երգիծաբան և թատերագիր Եվգենի Շվարցը (լուսանկարում), որը կարողացավ բացառիկ ճանապարհ գտնել, ստեղծել, հարթել և չափազանց բեղմնավոր գտնվել իր իսկ ստեղծած թատերական այնպիսի ուրույն և նոր ժանրում, ինչպիսին դարձան համաշխարհային գրականության թափառական և հեղինակային հայտնի հեքիաթների հիման վրա ստեղծված Շվարցի թատերականացված հեքիաթները, որոնք հաջողությամբ բեմադրվեցին ոչ միայն խորհրդային հսկայական երկրի բոլոր քաղաքներում հիմնադրված թատրոններում, այլ դարձան համաշխարհային դրամատուրգիայի անքակտելի մասը: Եվ այն պիեսները, որոնք գրված են Շվարցի կողմից, երբեք շփոթելի չեն համաշխարհային դրամատուրգիայի որևէ հեղինակի հետ:

Նրա թատերախաղերը այնքան շատ են, որ դրանց մասին թերևս միայն թվերով կարելի է խոսել: Հեքիաթների հիման վրա ստեղծված պիեսների թիվն անցնում է 50-ից, այդ պիեսների հիման վրա ստեղծված ներկայացումների թիվն անցնում է 5000-ից:

Իհարկե, հայ թատրոնը նույնպես իր արձագանքները ունեցավ Շվարցի պիեսներին, որոնցից դեռևս մեր օրերում ապրող հին ու միջին սերնդին հայտնի են 70-ականների Հայաստանում իր իսկ գրած հեղինակային երգերով հագեցած Ռուբեն Հախվերդյանի բեմադրությունները` «Վիշապը», «Սատանայի ջրաղացը»… սիրված ներկայացումները, որտեղ Հախվերդյանը հանդես է գալիս իր առաջին մասնագիտությամբ` ռեժիսուրայով: Եվ հենց այդ թատերախաղերից են ծնվել Ռուբենի հայտնի և սիրված երգերը, որոնք հետագայում նրան հայտնի դարձրին ոչ այնքան որպես ռեժիսոր, որքան որպես բացառիկ ինքնատիպ երգերի հեղինակ և անմրցելի կատարող:

Ինչ վերաբերում է Եվգենի Շվարցի պիեսների թեմաներին, դրանք հայտնի են բոլորին, թեև քչերը գիտեն, որ Շվարցը այդքան շատ պիեսներ է գրել: Պարզապես պետք է հիշել բոլոր հեքիաթները և հստակ իմանալ, որ այդ հեքիաթի շվարցյան թատերախաղը հաստատ գրված է: «Մոխրոտը», «Մերկ թագավոր», «Կարմիր գլխարկ», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Ձյունե թագուհի», «Գեղեցկուհին և խոզարածը» և համոզված եղեք, որ այդ հեքիաթի շվարցյան պիեսը կա: Հասկանալի է, որ այդ հսկայական տաղանդի հեղինակը իր հեղինակային այլ թեմաների գործեր ևս շատ ունի, որոնք նույնպես մեկը մյուսից ինքնատիպ են: Բայց սա այլ թեմա է, այնպես որ դառնանք այսօրվա խնդրին:

Շվարցյան գործերից հայաստանցի թատերասերին հայտնի «Սովորական հրաշքին» անդրադարձել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որի պրեմիերան կկայանա վաղը` մարտի 13-ին, ինչին կանդրադառնանք առաջիկայում:

Կարեն Մանուչարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Իսկ շվարցյան թեմայով զրույցի ենք հրավիրել երիտասարդ գրականագետ Կարեն Մանուչարյանին:

– Ինչպե՞ս կբնութագրեք Շվարցի ստեղծագործական առանձնահատկությունները։

-Շվարցի պիեսները համաշխարհային դրամատուրգիայի գլուխգործոցներ են։ Հայտնի է, որ նա նորովի մշակել է տարբեր հեքիաթներ, բայց «մշակում» բառն այս դեպքում մի փոքր նեղ է թվում։ Ավելի ճիշտ կլինի կիրառել «վերաիմաստավորում» բառը։ Առհասարակ հեքիաթը բանահյուսական ստեղծագործություն է, ժողովուրդն է ստեղծում այն (թեպետ հատկապես նոր ժամանակներում հայտնի են նաև բազմաթիվ հեղինակային հեքիաթներ)։ Հեղինակը վերցնում է սյուժեն, ինչ-ինչ դետալների փոփոխություններով, այս կամ այն հանգամանքը առաջին կամ երկրորդ պլան տեղափոխելով, իր ժամանակին համահունչ գաղափարական շերտերն ընդգծելով՝ կերտում է նոր ստեղծագործություն։

Այս գործում լավագույնս դրսևորվում է ավանդականի և նորի, ժողովրդականի և հեղինակայինի համադրությունը։ Այն կարելի է բնութագրել նաև իբրև «ինչ»-ի և «ինչպես»-ի հարաբերություն։ «Ինչ»-ը՝ իրադարձային շղթայի ընդհանուր գծերը, բանահյուսության տիրույթում են, «ինչպես»-ը՝ եղածը նորովի ներկայացնելու եղանակը, հեղինակի վարպետության արդյունքն է։ Եթե ելնում ենք այս հարաբերությունից, ապա կարող ենք փաստել, որ հեղինակի տաղանդն առավելապես գնահատվում է «ինչպես»-ի դիրքերից։ Այսինքն՝ գնահատվում է այն նորույթը, որ բերել է հեքիաթի մշակումը։

Շվարցի պիեսները, ինչպես վերը նշեցի, ավելի շուտ վերաիմաստավորումներ են, ոչ թե պարզապես վերամշակումներ։ Նա կարողանում է գտնել արտահայտման նոր ձևեր, ուշադրություն է դարձնում հայտնի սյուժեների այնպիսի դետալներին, որոնք առաջին հայացքից կարող են թվալ աննկատ։ Արդյունքում ձևավորվում են հեքիաթ-պիեսներ, որոնք ունեն երգիծական, քաղաքական, քնարական, հոգեբանական շերտեր։ Դրանք առաջին հայացքից կարող են թվալ հեքիաթին ոչ հարիր։ Շվարցի գլխավոր առաքելությունը հեքիաթի ժանրի տիրույթների ընդլայնումն է։

– Հետաքրքիր է, համաշխարհային գրականության մեջ կա՞ երկրորդ Շվարց։ Իսկ մենք ունե՞նք մեր Շվարցը։

– Գրականության պատմության մեջ իր ձեռագիրն ունեցող ցանկացած հեղինակ միաժամանակ և՛ անկրկնելի է, և՛ արդյունք է դեպի իրեն եկող ու իրենից գնացող տարբեր երակների։ Շվարցը խորապես ինքնատիպ է։ Բայց իր ամբողջ մոնումենտալությամբ հանդերձ՝ նա օդից չծնվեց։ Նա կարողացել է յուրացնել համաշխարհային հեքիաթագրության ավանդույթները՝ դրանցում իրենը հավելադրելով։ Նկատելի է հատկապես անդերսենյան ազդեցությունը։ Նրա կերպարակերտման, սյուժեների ընտրության դաշտում ակնառու են անդերսենյան նախասիրությունները։ Բայց Շվարցը հեքիաթի լիովին նոր ըմբռնում է բերել։ Նա ցույց է տվել հեքիաթի «քողարկված» հնարավորությունները։ Նրա հեքիաթները հագեցած են նաև այլ ժանրերի տարրերով։ Ներժանրային, հոգեբանական, քնարական, քաղաքական տարրերի այս համընդգրկունությունը հեքիաթը ներկայացնում է մինչ այդ չդրսևորված «լայնությամբ»։

Ինչ վերաբերում է հայ գրականությանը, ապա ներժանրային տարրերի այս ընդգրկունությունն առկա է նաև Էլֆիք Զոհրաբյանի հեքիաթներում։ Այնտեղ կարելի է տեսնել և՛ սատիրայի, և՛ քաղաքական պամֆլետի, և՛ պատմվածքի տարրեր։ Ողջունելի է այն, որ Զոհրաբյանի մոտ այս ամենը ձևավորվել է Շվարցից անկախ։

– Ընդգծեցիք Շվարցի հեքիաթների քաղաքական շերտը։ Ըստ ձեզ՝ այն արդիակա՞ն է։ Ընթերցողը կարո՞ղ է Շվարցի հեքիաթներում տեսնել նաև մերօրյա հայ և համաշխարհային քաղաքական անձանց։

– Հենց դա է Շվարցի արդիականության հիմնական գրավականներից մեկը։ Նա պահպանում է հեքիաթի ժանրի ընդհանուր ֆոնը։ Գործող անձինք հեքիաթային են, իրադարձությունների բնույթը հեքիաթային է․ արքաներ, նախարարներ, կախարդներ, վիշապներ, հրաշքի և իրականի այլևայլ համատեղումներ․․․ Եթե նայում ենք «դրսից», ապա ամեն ինչ հիշեցնում է ավանդական հեքիաթը։ Բայց եթե յուրաքանչյուր կերպար և իրադարձություն փորձում ենք մեկնաբանել «ներսից», ապա արքաների կամակոր և անտրամաբանական հրամանները, նախարարների եսակենտրոն վարքագիծը, իշխանափոխությունների ընդհանուր բնույթը և նոր իշխանավորի հնին նմանվելն ավելի քան համահունչ են մերօրյա իրադարձություններին։

– Ինչու՞ են շատ բեմադրվում Շվարցի պիեսները։

– Կարելի է առանձնացնել երկու հիմնական պատճառ՝ արդիականություն և «բեմականություն»։ Շվարցը չափազանց «բեմական» դրամատուրգ է։ Նրա պիեսներն ընթերցելիս արդեն մտովի տեսնում ես ներկայացումը։ Իսկ «Սովորական հրաշքը» ավելի քան արդիական է։ Այս հեքիաթում քաղաքական շերտն առաջին պլանում չէ, բայց արքայի և կառավարչի գործողությունների ընդհանուր բնույթը կարելի է համեմատել մերօրյա իշխանավորների անբացատրելի քայլերի հետ։ Հմուտ երգիծանքով են ներկայացված արքայի ինքնարդարացումները։ Ցանկացած վատ արարքից հետո նա գտնում է ինչ-որ արդարացում, մեղադրում է իր նախնիներին։ Սա հիշեցնում է մերօրյա քաղաքական այրերի՝ մեղքերն այլոց վրա բարդելու սովորությունը։ Ավելի լայն իմաստով՝ այն ցույց է տալիս մարդու՝ իրեն մշտապես անմեղ համարելու հատկությունը։

Այս պիեսում կողք կողքի են երգիծանքը և քնարականությունը։ «Սովորական» և «հրաշք» բառերի պարադոքսալ համատեղումը Շվարցը ներկայացրել է համոզիչ իրադարձային շղթայով։ Երբեմն հրաշքը հենց սովորականի տարածություններում է։ Պարզապես այն պետք է նկատել։ Վստահ եմ, որ պիեսի այս բեմադրությունը նորովի կարժևորի մեծ դրամատուրգի անմահ ստեղծագործությունը։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31