ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Փաստինֆո»- ից է տեղեկացել, որ իր նկատմամբ կիրառված բռնության դեպքով վարույթը կարճվել է։
Նշենք, որ բռնության դեպքն արձանագրվել էր մոտ 3 տարի առաջ՝ 2022 թ. մայիսին։ «Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել, պատգամավորների նկատմամբ ընդհուպ տեսախցիկների առաջ, ընդհուպ ոստիկանների կողմից տեղի ունեցած բռնության դեպքերից որեւէ մեկը բացահայտվել է, թե ոչ եւ վարույթները ինչ փուլում են։ Հարցմամբ հայցվող դեպքերից մեկը վերաբերել է Գեղամ Մանուկյանի դեպքին։ Ի պատասխան դատախազությունից պաշտոնապես հայտնել էին, որ Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե հաստատվել է քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը։
«Անկեղծ ասած տեղյակ չեմ եղել քրեական գործի ընթացքից, այդ դեպքից գրեթե 1,5 տարի հետո քննիչն ինձ զանգել էր կանչել հարցաքննության, բայց որքան էլ զարմանալի էր՝ վկաների, դեպքի ականատեսների մասին ավելի շատ ինձանից էր հարցնում, թեև կառավարության շենքի այդ հատվածում, որտեղ դեպքը տեղի էր ունեցել բազմաթիվ տեսախցիկներ կան և քննիչը կարող էր այդ տեսանյութերով պարզել անձանց, նույնականացնել»,- «Փաստինֆո»-ին ասել է Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ իր նկատառումները հայտնել էր նաեւ քննիչին։
«Այդ մեկ անգամից հետո քննիչից այլ տեղեկություն չեմ ստացել, երևի զբաղված էին ավելի շատ քաղաքական պատվերներ կատարելով և ընդդիմադիր գործիչների դեմ գործեր կարելով։ Ձեզանից եմ տեղեկանում, որ տվյալ քրեական գործը կարճվել է», – ասաց պատգամավորը։
Կարդացեք նաև
Բռնության մեկ այլ դեպքի մասով ևս պատգամավորը առաջխաղացում չի տեսնում, ավելին՝ վստահ է, որ քննությունը բոլորովին այլ ուղղությամբ է տարվում։ Նշենք, որ խոսքը գնում է 2023 թ. սեպտեմբերի 19-ի իրադարձությունների մասին, երբ Բաքուն ռազմական ագրեսիա սկսեց շրջափակված Արցախի դեմ, իսկ Երեւանում սկսվեցին բողոքի ակցիաներ, որոնք ճնշելու համար ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, որի հետեւանքով Գեղամ Մանուկյանը ուժգին հարված էր ստացել դեմքի հատվածում ու ստացել քթոսկրի կոտրվածք, վիրահատվել։
Այս դեպքով քննիչը մի անգամ այցելել է հիվանդանոցում գտնվող Գեղամ Մանուկյանին։ «Վիրահատությունը նոր էր ավարտվել, քննիչը եկավ, հարցաքննությունը տեսագրեց, բայց այդ ժամանակ հետվիրահատական շրջանում էի ու շատ մանրամասն չեմ հիշում, թե ինչ հարցեր էր տալիս»,- նշեց Գ. Մանուկյանը՝ ավելացնելով, որ այդ դեպքից մոտ 1,5 տարի լռություն պահելուց հետո ՀՀ քննչական կոմիտեն հիշել է, որ նման գործ կա։ «Բայց հետաքրքրականն այն է, որ գործը հարուցված է ոչ թե կոնկրետ իմ նկատմամբ բռնություն գործադրելու առիթով, այլ ուղղակի այդ օրվա՝ 2023 թ.ի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած, այսպես ասած, «զանգվածային անկարգություններ» առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ու հետո էլ՝ այն ժամանակվա ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մի օր ԱԺ –ում հայտարարեց, որ իրենց տեղեկություններով ինձ հարվածողը ցուցարար է եղել ու այդ հայտարարությունն այդ պահին Աժ դահլիճում ուղղակի ծիծաղ առաջացրեց։ Այս ամենից հետո մի բան կարող եմ ասել միայն՝ իշխանական իրավապահները շարունակում են երկակի ստանդարտներով քրեական գործերի հարուցել, կարճել, այսօրվա դատախազության հաղորդագրությունները նույն տրամաբանության մեջ են»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքերով՝ կան երկու տեսակ քրեական գործեր՝ յուրայինների դեմ և ոչ յուրայինների։ «Երբ գործը յուրայինի դեմ է՝ տարբեր շինծու մեղադրանքներով կարող են նախաքննությունն արագ ավարտել ու տարիներով դատաքննություններ տեղի ունենալ, իսկ ոչ յուրայինների դեպքում, եթե նա տուժողն է, քրեական գործերն արագ կարճվում են։