Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները շանտաժի են ենթարկում ժողովրդին, թե Ադրբեջանի պահանջներին չենթարկվելու դեպքում` պատերազմ կլինի. Արթուր Խաչատրյան

Մարտ 14,2025 13:46

«Սա հերթական ձախողումն է ՀՀ իշխանությունների եւ մասնավորապես՝ դիվանագիտության: Միակ հիմնավորումը, որ ՀՀ արտգործնախարարը բերեց՝ այն էր, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն, ինչը բխում է Հայաստանի շահերից: Այսինքն, Ադրբեջանն ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնել են եւ հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ համայն հայությանը, որ եթե հանկարծ մենք Ադրբեջանի պահանջներին չենթարկվեինք, պատերազմ կլիներ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին, որի տեքստի շուրջ Փաշինյանի հայտարարմամբ համաձայնություն է ձեռք բերվել:

«Թե տիկին Քրիստինե Վարդանյանը, թե՛ ես երկու անգամ այդ հարցը տվեցինք, նշեք գոնե մի հարց, որտեղ Ադրբեջանը գնացել է զիջումների, որպեսզի կարողանանք ասել, որ եղել է փոխզիջում: Ալմա Աթայի մասին առաջինն Ադրբեջանն էր խոսում դեռեւս 2008թ դեկտեմբերի 29-ին… Եվ այնտեղ վարչական սահմանների մասին ընդհանրապես խոսք չկա: Այսինքն, եթե ՀՀ արտգործնախարարը չի կարողանում գոնե մի զիջում ներկայացնել Ադրբեջանի կողմից, ինչի՞ մասին է խոսքը»,- հավելեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Նրա խոսքով. «Նիկոլ Փաշինյանը շտապում է, որովհետեւ ինքը եկել է իշխանության խաղաղություն հաստատելու խոստումով…2018թ նրա առաջին խոստումը երջանկությունն էր, 2021-ին խաղաղություն հաստատելը: Հիմա մնացել է մի տարի ու մի քանի ամիս, իրեն պետք է մի թղթի կտոր՝ անկախ բովանդակությունից, որ ինքը Չեմբեռլենի նման թափահարի եւ ասի՝ ես ձեզ խաղաղություն եմ բերել: Բայց էդ թուղթը՝ Չեմբեռլենի ստորագրած, ի՞նչ բերեց Եվրոպայի գլխին, դրա նման մի բան էլ սրանց արածն է բերելու Հայաստանի գլխին…»:

Լրագրողների հարցին՝ ինչ են պատրաստվում անել, Արթուր Խաչատրյանն ասաց, որ ողջ խմբակցության անունից չի կարող խոսել, հավաստիացրեց, որ կքննարկեն եւ տեղյակ կպահեն:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31