Լրահոս
Օրվա լրահոսը

Այն մարդիկ, ովքեր տեսել և անցել էին մարդկության դեմ իրականացրած 20-րդ դարի առաջին հանցագործության միջով, իրենց գործուն մասնակցությունն ունեցան 20-րդ դարի մյուս չարիքի՝ նացիզմի դեմ պայքարում. Էդիտա Գզոյան

Մարտ 16,2025 21:01

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում անցկացվող Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման` նրա զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակներում մարտի 15-ին և 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Երիտթուրքական ազգայնականությունից` Նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները դիմադրության շարժման առաջնագծում» խորագրով միջազգային գիտաժողովը:

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն բացման իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեծ սիրով է միացել «Մանուշյանական շաբաթին» և ուրախ է միջոցառման մասնակիցներին ընդունելու ՀՑԹԻ-ում: Էդիտա Գզոյանն ապա հավելեց, որ գիտաժողովի խորագիրն ինքնին շատ խոսուն է. այն մարդիկ, ովքեր տեսել և անցել էին մարդկության դեմ իրականացրած 20-րդ դարի առաջին  հանցագործության միջով, որը ծնունդն էր երիտթուրքական ազգայնականության, իրենց գործուն մասնակցությունն ունեցան 20-րդ դարի մյուս չարիքի՝ նացիզմի դեմ պայքարում: Ներկաներին ողջունեց նաև գիտաժողովի համակազմակերպիչ, «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միության հիմնադիր Սաթէ Խաչատրյանը:

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ելույթ ունեցան 12 հետազոտող Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից:

Գիտաժողովի մասնակիցներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը, իսկ երկրորդ օրը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Նշենք, որ «Մանուշյանական շաբաթ» միջոցառման նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական ու հայկական պատմամշակութային երկխոսությունը։

«Մանուշյանական շաբաթ» միջոցառումն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանը և Լիոնի քաղաքապետարանը՝ «ՍԱԹԷ – ԱԹՂԸ» թատերական միությունն ու «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31