Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահպանենք, մինչեւ վերադառնանք». արցախցի գիտաշխատող

Մարտ 17,2025 13:00

Մարտի 13-ին տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի 4(23) 2024 համարի շնորհանդեսը: Այն նվիրված էր Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորման հիմնադրման 10-ամյակին:

«Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորման հիմնադրման 10-ամյակն առանձնացավ ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ, ցավոք, կորուստներով: 44-օրյա պատերազմը խափանեց ինչպես Արցախի Հանրապետության՝ որպես լիիրավ պետության, այնպես էլ ԱԵԳՄՄ-ի կենսագործունեությունը, այն ակտիվ գործունեություն էր ծավալում հիմնականում Արցախում»,-ասաց գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանը:

Նա նաեւ նշեց, որ հրապարակվել են պարբերականի 23 համարներ, որոնցում տպագրվել են 677 հեղինակների 588 հոդվածներ, իսկ հոդվածագիրները ներկայացում են աշխարհի 19 երկրներ:

«Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիրը, ով նաեւ Արցախի էլեկտրոնային գրադարանի նախաձեռնողն ու համակարգողն է՝ Ավետիք Հարությունյանը ներկայացրեց պարբերականի հեղինակներին, որոնք իրենց հերթին խոսեցին վերջին համարում տպագրված իրենց աշխատանքների մասին:

Հայ-ռուսական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարիամ Գրիգորյանն ու նույն համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի 3-րդ կուրսի ուսանող Ռոման Բեգլարյանը համահեղինակել էին «Արցախում կատարված պատերազմական հանցագործությունների համար միջազգային իրավական պատասխանատվության որոշ հիմնահարցեր» հոդվածը, նշեցին, որ անդրադարձել են ՄԻԵԴ նախադեպերին, պատերազմական հանցագործություններին, Արցախում կատարված ռազմական հանցագործություններին:

Ժամանակահատվածը, որն ուսումնասիրել էին, 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներն էին, ապա՝ 2023 թվականին կատարվածները:

Հեղինակները հանգել էին հետեւության, որ Արցախում կատարված ադրբեջանական գործողությունները նույնպես պատերազմական հանցագործություններ են՝ միջազգային նորմերի համաձայն:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Ռենա Մովսեսյանը «Ղարաբաղի բարբառի դարձվածների ուսուցումը» հրապարակման հեղինակն էր:

Նա ասաց, որ Արցախում այս գործը կիսատ էր մնացել, այն կարեւոր է այն առումով, որ հնարավորություն է տալիս պատկերացում ստանալ արցախցիների բնավորության, մտածողության, կենսակերպի մասին. բարբառը պետք է ուսուցանվի, պահպանվի, մինչ Արցախ վերադառնանք. «Ղարաբաղի բարբառի դարձվածները Արցախի դարավոր ժողովրդի իմաստնությամբ եւ կենսափորձով թրծված միավորներ են, որոնց ուսուցմամբ սովորողներին կփոխանցվի նաեւ այդ ժողովրդի մտածողությունն ու արժեհամակարգը, եւ բարբառային իրողությունների ուսուցումը նպատակային ու արդյունավետ դարձնելու յուրաքանչյուր մեթոդ եւ հնար կնպաստի դրանց պահպանմանը ոչ բարբառային միջավայրում»:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության եւ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ասպիրանտ Վարդուհի Բարսեղյանը («Անանիա Սանահնեցու «Մեկնութիին ՄատթԷի Աիետարանի» երկի նորաբանությունները եւ դրանց իմաստնաբանական առանձնահատկությունները») ասաց, որ ուսումնասիրել է հայ միջնադարյան շրջանի ականավոր դեմքերից մեկի՝ մատենագիր, մեկնիչ Անանիա Սանահնեցու Ավետարանի գրաբար երկի նորակազմ, նորաբան բառերը, բացահայտելով «այդ միավորների հետագա իմաստային զարգացումն արդի արեւմտահայերենում»:

Վարդուհին ասաց, որ նաեւ իրավաբանական կրթություն է զուգահեռ ստանում, ինչը հետագայում իրավական նորակազմությունների բացահայտմանն ու ուսումնասիրությանը կհանգեցնի:

Ամսագրում տեղ է գտել Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Աննա Առաքելյանի, նույն ամբիոնի դասախոս, դոցենտ Անի Ավագյանի «Տրավմատիկ հիշողությունների հոգեկան վերափոխումների առանձնահատկություններ կրկնվող տրավմաների դեպքում» անչափ հետաքրքիր ուսումնասիրությունը:

Հետազոտության մասնակիցների մեծ մասը եղել են արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա, վերջին պատերազմի մասնակիցներ…

Առհասարակ, արժե այս ամսագիրը ծայրից ծայր կարդալ, արտատպել, կան հեղինակներ, որոնք պահանջված են մասնագիտական սակավ հանդեսներում:

Մասնավորապես, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը («Օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների օգտագործման արգելքները»), պրոֆեսոր Նազելի Սուքիասյանը («Բյուջետային օրենսդրության խախտումների պատասխանատվության իրավական առանձնահատկությունները»), Միսաք Հարթենյանը, ով ընտրել էր ֆրանսահայ նկարիչների՝ Գառզուի, Ժանսեմի, եգիպտահայ Օննիկ Ավետիսյանի, իտալահայ Ժիրայր Օրայանի ստեղծագործությունները, վեր հանել մշակութային տարբեր միջավայրերում ստեղծագործող նկարիչների արվեստի առանձնահատկությունները, դոցենտ Կարեն Ներսիսյանը, ով եղել է Արցախի վիճակագրական կոմիտեի պատասխանատուն, նա ուսումնասիրել էր Ֆինանսական հոսքերի ձեւավորման գործընթացը ՀՀ առեւտրային կազմակերպություններում…

Հարուստ բովանդակությամբ այս ամսագիրը եռալեզու է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31