Երբ որեւէ լրատվամիջոցում՝ լինի այն թեկուզ ծայրահեղ իշխանամետ կամ երդվյալ ընդդիմադիր, խնդիր է առաջանում, դա ինձ ցավ է պատճառում: Ես կարծում եմ, ավելի լավ է՝ գործընկերներս աշխատեն՝ թեկուզ ինձ համար էթիկապես անընդունելի ձեւերով, քան չաշխատեն ընդհանրապես: Ի վերջո, ամեն մի լրատվամիջոց մի երանգ է ավելացնում ընդհանուր ներկապնակում, իսկ մտածող (ոչ քառակուսի) մարդու համար կարեւոր է ցանկացած երանգ:
Ինձ համար այդ խնդիրները կրկնակի ցավալի են, երբ լրատվամիջոցի մոտեցումներն ինձ ընդհանուր առմամբ հոգեհարազատ են: Այդպիսին է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը: (Մի քանի տասնամյակ գործող եւ 27 լեզվով հեռարձակվող RFE/RL ռադիոկայանի մասին խոսակցությունն առանձին վերլուծության թեմա է): Անկախ Հայաստանի պատմության մեջ դա, իմ կարծիքով, առանցքային մեդիա է՝ նախեւառաջ պրոֆեսիոնալիզմի եւ վառ անհատականությունների առատության առումով: Դրա ապացույցն այն է, որ «Ազատությունը» գրեթե երբեք՝ 1991-ից սկսած, դուր չէր գալիս Հայաստանի հարափոփոխ իշխանություններին: Ասում եմ՝ «գրեթե», որովհետեւ 2018-2021 թվականներին ռադիոկայանն ու իշխանությունը «իրար հավանում էին», ինչը, մեղմ ասած, ցանկալի չի որեւէ լրատվամիջոցի դեպքում: Հետագայում, բարեբախտաբար, այդ «մեղրամիսն» ավարտվեց:
Ինչն է «Ազատության» առավելությունը: Իհարկե, նախեւառաջ այն, որ այն ամբողջապես գտնվում է դոտացիայի վրա` ինչպես եւ «Ամերիկայի ձայնը», ֆինանսավորվում է (էր) ԱՄՆ Կոնգրեսի կողմից Գլոբալ մեդիայի գործակալության միջոցով: Դա ազատում էր խմբագրակազմին միջոցներ հայթայթելու ծանր հոգսից: Որոշ գործընկերների մոտ այդ հանգամանքը խանդ էր առաջացնում՝ «մենք տանջվում ենք, իսկ նրանք…», եւ գուցե նաեւ այդ պատճառով այժմ մի քանի տեղից «չարախինդ» մեկնաբանություններ են հնչում:
Բայց ես դարձյալ պետք է խոսեմ՝ ի պաշտպանություն բազմազանության: Դոտացիայով աշխատող մեդիաներ նույնպես պետք է լինեն. մարդիկ կտրվում են սովորական հոգսերից եւ կենտրոնանում են որակի վրա: Այդպիսին պետք է լինի նաեւ Հանրային հեռուստատեսությունը, բայց Հ1-ը… դե գիտեք, թե ինչպիսին էր միշտ ու ինչպիսին է հիմա: Շատ բան, հետեւաբար, կախված է դոտացիա տվողից: Դատելով «Ազատության» հայկական ծառայության աշխատանքից՝ ԱՄՆ կոնգրեսը բավականաչափ լայնախոհ էր:
Կարդացեք նաև
Այնպես որ, պետք է շնորհակալություն հայտնենք «Ազատություն» ռադիոկայանի նախկին եւ ներկա աշխատողներին (կրկնեմ՝ մերոնց նկատի ունեմ) եւ ցանկանալ, որ այդ յուրահատուկ նախագիծն ինչ-որ ձեւով պահպանվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Սկիզբը, որոշ ժամանակ մը, ես ժխտական նախապաշարում ունէի «Ազատություն» լրատուական գործակալութեան դէմ: Նկատի ունենալով բնոյթը այն ընդհանուր ցանցին, որուն հայաստանեան մասնիկն է այն:
Եղան պահեր, որոնք հիմնաւորեցին այդ կանխակարծիքս:
Սակայն երկար ժամանակ ի վեր, ես որեւէ «սխալ» բան չեմ կարդացած անոր կայքէջին վրայ, ոչ հայերէնով ոչ անգլերէնով:
Ի մասնաւորի 2018ի պետական յեղաշրջումի առնչութեամբ, գոնէ այն ինչ կը վերաբերի՝ «Ազատություն»ի կայքէջի բովանդակութեան – մնացեալին չեմ հետեւիր -, աննշան է ՀՀ Մամլոյ այս մասնիկին պատասխանատվութեան բաժինը: Բաղդատած՝ ՀՀի բազմաթիւ այլ թերթերու:
Իսկ մէյ մը որ «յեղափոխական» գինովութիւնը ցնդեցաւ, «Ազատություն» սկսաւ շատ լրջօրէն քննադատել վարչակարգը:
Դեհ, ուրեմն, հիմա մնաց միմիայն՝ «Առավոտ»ը… Զորս Փաշինյանը դեռ չկարողացաւ լռեցնել: Եւ ակնյայտ են այս թերթին կրած վնասները, այն օրէն սկսեալ երբ յստակացաւ որ նա պիտի չենթարկուի վարչակարգին, մինչ դաշնակիցներ – եւ ուրեմն՝ հասոյթը աղբիւր… – չունի նաեւ փող ունեցող ընդդիմադիրներու շրջանակներուն մէջ:
Մ. Հայդուկ Շամլեան