Խորհրդարանում Փաշինյանի վերջին «բռնկումը» մի շարք պատճառներ ու ենթատեքստեր ունի, որոնք անտեսելը հազիվ թե ճիշտ է:
Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը նման «ցուցադրությունների», աղաղակումների ու նյարդային շարժումների, մի խոսքով՝ «տեսարանների» հետևում ցանկանում է թաքցնել բուն խնդիրը, այս դեպքում՝ խնդիրները:
Իսկ որո՞նք են այդ խնդիրները: Թեթևակի հիշատակենք մի քանիսը:
Առաջին. հայտարարվել է, թե «խաղաղության համաձայնագիրը» լրիվ համաձայնեցված է, իսկ Փաշինյանն էլ «նոն ստոպ» տարբերակով ազդարարում է, թե պատրաստ է այն ստորագրել: Սակայն Փաշինյանն ու նրա ՔՊ-ն կտրականապես հրաժարվում են հրապարակել, ժողովրդի դատին ներկայացնել թշնամու հետ իրենց համաձայնեցրած-ավարտած փաստաթղթի բովանդակությունը:
Կարդացեք նաև
Երկրորդ. Փաշինյանն ու քպականները շարունակ հայտարարում են, թե «համաձայնագրում» բացառապես փոխադարձ զիջումներ են: Այնինչ, փորձագետները, հաշվի առնելով հընթացս այդ «համաձայնագրի» մասին եղած տեղեկությունները, նշում են, որ խոսքը բացառապես միակողմանի զիջումների մասին է:
Ընդդիմադիր պատգամավորները «հուշող» հարցեր են տալիս, թե՝ հրապարակեք, բարձրաձայնեք ադրբեջանական կողմն ինչ զիջումներ է արել, լավ, գոնե 1 զիջում նշեք: Փաշինյանն ու ՔՊ-ն խոսքները սարուձոր են գցում, ինչի մասին ասես՝ խոսում են, ինչ բացականչություններ ու ձայնարկություններ ասես՝ անում են, բայց այդ հասարակ հարցին ոչ մի կերպ չեն պատասխանում: Եթե լինեին նման «զիջումներ», ապա Փաշինյանն ու ՔՊ-ն նո՞ր էին դրա մասին հայտարարել: Եթե գոնե մի կես միլիմետր նման բան լիներ, ապա հիմա բոլոր իշխանական քարոզչամիջոցները հանրության ականջները կոշտուկած կլինեին՝ այնքան այդ մասին կխոսեին օրնիբուն:
Չորրորդ. Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր ու իր կառավարության դիրքորոշումը այն է, որ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել»:
Նախ՝ այդ հայտարարությունն ինքնին սխալ ընկալման վրա է կառուցված: Արցախյան (Ղարաբաղյան) շարժումը պատմաքաղաքական իրողություն է: Շարժումը մեկնարկել է 1988 թ. փետրվարի 20-ին, իսկ ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակագրերով, անկախության հանրաքվեներով և պետականությունների ձևավորմամբ՝ հասել է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Փաշինյանն ու իր խումբը 34 տարի ուշացել են այդ առումով:
Բայց դա նաև չափազանց վտանգավոր հայտարարություն է: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախ պետականության վերականգնումը Արցախյան շարժման ուղղակի քաղաքական հետևանք է (կարելի է ասել՝ պատմաքաղաքական): Հիմա, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը հայտարարում է, թե ինքն ու իր գլխավորած կառավարությունը չեն շարունակելու Արցախյան շարժումը, դա նշանակում է, որ չեն շարունակելու Հայաստանի անկախ պետականության գոյությունը: Ու, ի դեպ, աստիճանաբար հասարակության ավելի շատ ներկայացուցիչներ են նման տպավորություններ արտահայտում, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն հենց դրան էլ հետամուտ են:
Հարկավ, ԱԺ նիստերի դահլիճում ներկաների, նիստին հետևողների, ներառյալ՝ քպականների համար մի առանձնահատուկ նորություն չէ, որ Փաշինյանն ուրացել է Արցախը, որ նա Արցախը ճանաչել է ադրբեջանական, ինչպես նորություն չէ այն չարությունը, որ նա ցուցադրում է հատկապես Արցախի հայության նկատմամբ:
Ուստի, մնում է ենթադրել, որ վերը նշված հայտարարությունն ամենից առաջ Ալիևին ուղղված ևս մի յուրօրինակ «խնդրագիր» էր՝ ստորագրելու համար մի թղթի կտոր, որի գլխամասում մի փոքր խոշոր տառերով գրված լինի «խաղաղություն»: Եվ որը, ինչպես Փաշինյանին է թվում, կդառնա իր քաղաքական «փրկօղակը», գլուխը՝ քարին, թե ինչ այն օղակ կլինի Հայաստանի ու հայության համար:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում