«Մեր զգացողությունն այն է, որ մենք վերադառնանք մեր Արցախ, մեր պահանջը դա է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի մի կին։
Նա անկեղծացավ՝ այստեղ ապրում ենք, հողը մերն է, հայերի մեջ ենք, բայց կարծես թե ապրում ենք օտար հողում․ «Մենք մեզ ճնշված ենք զգում այստեղ, մեզ արհամարհում են, ոչ բոլորը, բայց կարծես թե արհամարհված ենք զգում մեզ»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից հետո Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեցին։
Հարցին՝ ինչո՞ւ եք ձեզ արհամարհված զգում, նա պատասխանեց․ «Այն, որ 40+ տալիս են, արցախցու ասած՝ մեր մի թուլափայն է։ Ղարաբաղցին 50 հազարով ոչ մի բան է, ուղղակի որտեղ ապրում է, այդ տանիքի տակ ապրի, որտեղ հիմա ապրում է։ Բայց էդ էլ ուզում են ղարաբաղցուց վերցնեն։ Վերցրել են ամեն ինչ, մեր հողն ու ջուրը, մեր Արցախը․․․»։
Կարդացեք նաև
Հարցին՝ արցախցիները, գտնվելով ՀՀ-ում, միասնակա՞ն են, արցախցի կինն այսպես արձագանքեց․ «Մեր արցախցիները մի բուռ են, մեր արցախցիներին մի լավ ղեկավար է հարկավոր, որ տեղ տան, գնան, ապրեն բոլոր արցախցիներով, ոչ թե արցախցուն ասեն՝ գնա Գորիս, Վարդենիս ապրի։ Արցախցին որտեղ ուզում է, էնտեղ էլ պիտի ապրի․ իր հողն է»։
Լրագրողների հարցին՝ ՀՀ իշխանությունները կարձագանքե՞ն իրենց պահանջին, մի արցախցի տղամարդ պատասխանեց․ «Ես այս իշխանությունից ոչինչ չեմ ակնկալում։ Ինքը արձագանք կտա, բայց բացասական․․․Չգիտեմ՝ էս Արցախ բառը ո՞նց է սրանց վախեցրել, որ անունն անգամ չեն ուզում տալ, թե վախենում են, թե զզվում են։ Սրանք մոռանում են, որ արցախցին հայ ժողովրդի սերուցքն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ