Կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր մամուլի ասուլիսը սկսեց գյումրեցիներից շնորհակալություն հայտնելով, որ ընտրություններն անցան անփորձանք, խաղաղ, հանգիստ։
Ըստ նրա, ինչքան էլ որոշ մարդիկ փորձեցին խառնել, քաղաքում խնդիրներ առաջացնել, միևնույնն է՝ իրենք խելացի ու համերաշխ անցկացրեցին ընտրությունները։
Հարցին ՝ գոհացնո՞ղ են ընտրությունների արդյունքները Վարդան Ղուկասյանի համար, նա պատասխանեց․ «Ասեմ, որ վատ արդյունքներ չենք ունեցել, որովհետև, երբ տեսել եմ ամբողջ պետությունն իր լծակներով ու ապարատներով աշխատել է իմ դեմ, բոլորդ գիտեք՝ ինչ է տեղի ունեցել, ոնց է արվել, ինչքան դրսից մարդ է բերվել, ինչքան հանձնարարականներ են տրվել մարզպետներին։
Կարդացեք նաև
Երկրից բոլորը էստեղ են եղել՝ նախարարները, պատգամավորները, բանակը, զորամասերից ընդհուպ բերել են, տեղեկություններ ունենք, որ զինվորներին զանգել, ասել են՝ կանչեք ձեր ծնողներին։ Մի խոսքով, շատ-շատ բաներ, եթե ես բարձրաձայն ասեմ, ինձ կասեք՝ պետք է դրա համար քրեորեն պատասխանատվության ենթարկեք, բայց հասարակության կարծիքը բոլորիս համար շատ կարևոր է։ Եթե հարցնենք ժողովրդին, ժողովուրդը ձեզ ավելի լավ կասի՝ ինչ մեթոդներ են կիրառվել։
Եվ այն ժամանակ, երբ ես ասում էի՝ 300 սպարտացիները, այ, հիմա էլ ասում եմ՝ 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց ամբողջ պետական ապարատի դիմաց՝ առանց պոնչիկի, առանց պեռաշկի բաժանելու, առանց 20 հազար դրամների, առանց որևիցե մի բանի , այլ գաղափարի շուրջ հավաքվելով և ՔՊ-ին դեմ քվեարկելով՝ կանգնել են իմ կողքին, որի համար մեկ անգամ ևս շնորհակալ եմ», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ