Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե «Մեր քաղաքը» դաշինքը դեռ մտածելու բան ունի, դա արդեն լավ բանի մասին չի խոսում»

Մարտ 31,2025 22:44

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունները կապեց նույն գիշերը ադրբեջանական կողմից Հայաստանի ուղղությամբ ինտենսիվ կրակոցների հետ:

«Այստեղ տրամաբանական կապ կա: Ուզում եմ մեզ հետեւողներին հիշեցնել, թե երբ ադրբեջանցիները իրենց վերահսկողությունը հաստատեցին Ճակատեն-Կապան ճանապարհի վրա: Կապանի քաղաքապետի ընտրությունների տեղամասը փակելուց երկու ժամ հետո: Երբ քաղաքապետի ընտրությունները դեռ շարունակվում էին, ադրբեջանցիները սպասում էին: Թերեւս, ասում էին, եթե շուտ վերցնենք, ՔՊ-ի հեղինակությունը կընկնի եւ ՔՊ-ն կարող է պարտվել: Չխանգարենք ՔՊ-ականներին, սպասենք, տեսնենք: Միեւնույն է, ճանապարհը վերցնելու ենք: Տեղամասը փակվել է 20:00-ին, ժամը 22:00-ին Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Կապան-Ճակատեն միջպետական ճանապարհի այդ հատվածի վրա, որը մինչեւ օրս փակ է: Էլի է եղել, որ սպասել են ընտրություններին՝ տեսնելու, թե ինչ հաջողություն ունի իրենց թուրք-ադրբեջանական ռեժիմը»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Ինչ վերաբերում է, երեկվա ՏԻՄ ընտրություններին, ՔՊ-ն Փարաքարում ջախջախվել է առաջին փուլով: Այնտեղ երկրորդ փուլ չի լինելու, դաշինք չի լինելու: Գյումրիում ամեն բան արել են: Մի բան էլ հիշեցնեմ: Վրաստանի ներկայիս վարչապետի նախորդը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից այն բանից հետո, երբ որ Վրաստանում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ եւ մի քանի համայնքներում, ոչ բոլորում, իրենց կուսակցությունը պարտվել է: Մարդը մտածում է, որ երբ ժողովուրդը իրեն չի ուզում, ընտրություն է եղել՝ իրեն դեմ են քվեարկել, ինչ տարբերություն՝ համապետական ընտրություններում են դեմ քվեարկել, թե տեղական ընտրություններում: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը անձամբ է գնացել Գյումրի, քարոզչական ելույթ է ունեցել, դրամահավաք է կազմակերպել»:

Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ Գյումրիում ընդդիմության հետընտրական վարքագծին:

«Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել է, որ իրենք իրենց երկու մանդատով առանց նախապայմանի, առանց քննարկելու պատրաստ են քվեարկել ամենից շատ ձայն հավաքած Վարդան Ղուկասյանի օգտին, Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ պաշտոնի ոչ մի քննարկում չկա: Ազնիվ, սկզբունքային մոտեցում է: Ասում է՝ մեր երեք մանդատը անվերապահ գնալու է Վարդան Ղուկասյանին: Մնացել է միայն Մարտուն Գրիգորյանը, որի քաղաքական ուժը ստեցել է վեց մանդատ: Բայց Մարտուն Գրիգորյանը ընդամենը թեկնածուն է, որն այլեւս քաղաքապետ չի կարող դառնալ, որովհետեւ ԸՕ-ով քաղաքապետ դառնում է այն առաջին համարը, որի կուսակցությունը 50 տոկոսից ավելի ձայն ունի: Գյումրիում ոչ մեկը չի կարող հավակնել: Այսինքն, ավագանին իր կազմից պետք է ընտրի քաղաքապետ:

Մարտուն Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է, պատգամավոր է «Պատիվ ունեմ» խմբակցությունից ու այդ խմբակցությունում հայտնվել է, որովհետեւ խմբակցությունը ձեւավորվել է «Հայրենիք» եւ «Հանրապետական» կուսակցություններից: Ինքն առաջադրվել է «Հայրենիք» կուսակցությունից, որի ղեկավարն Արթուր Վանեցյանն է:

Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի առանցքային դեմքը Արթուր Վանեցյանն է: Եվ իրենց կուսակցությունով պիտի որոշում կայացնեն, թե իրենց քաղաքական ձայնը, որ ստացել են, տալիս են Նիկոլ Փաշինյանի՞ն, թե հայերին: Ու ես չգիտեմ, թե մինչեւ հիմա, երբ մյուսներն արդեն հայտարարություն արել են, եթե իրենք դեռ մտածելու բան ունեն, դա արդեն լավ բանի մասին չի խոսում»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31