Գյումրու «սպիտակ ծուխը» և իր դասերը
Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա սպասումն իրականում խոսում է շատ լուրջ խնդրի մասին։ Մենք խնդիր ունենք այս և մյուս ազդակները ճիշտ հասկանալու՝ ներհայաստանյան հետագա սցենարները ճիշտ պատկերացնելու համար։
- Ավարտվում է Նիկոլի և ՔՊ-ի ժամանակաշրջանը։ Ամեն գնով փորձելու են կառչել, բայց միևնույն է տապալվելու են։
- Անհատների դերը դեռևս շարունակում է մնալ բարձր։ Ընտրազանգվածներն առաջնորդվում են ընտանեկան, կլանային սկզբունքներով, և սա լուրջ խնդիր է։
- Թրամփը Հայաստանում ջարդել է այսպես կոչված «եվրոպամետների» ուժը։ Օտար թթվածնով սնվող ցանցն աչքի առաջ քանդվում է։ Թե ինչի կտրանսֆորմացվի նրանց նախկին ռեսուրսը՝ առանձին քննարկման թեմա է։
- Համապատասխան մթնոլորտի դեպքում տանը մնացող մշտապես դիտորդ քաղաքացիներից հնարավոր է ստանալ մոտիվացված ընտրազանգված։
- Սխալ է այն հապճեպ հետևությունը, թե այս մոդելով կարելի է գնալ խորհրդարանական ընտրությունների։ Համապետական ընտրությունները չեն կարող լինել նույնը՝ մասշտաբի պարզ փոփոխությամբ։ Այս մոդելի ընտրությունը քաղաքական-հասարակական ինստիտուտների տոտալ ստորադասումն է անձանց, կլաններին, մեծ ընտանիքներին։ Մենք չենք կարող խաբել մեզ, թե Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում մեծ հաջողության է հասել, կամ «Հայրենիքը» և մի անհայտ կուսակցություն հաջողություն արձանագրեցին։ Դա արել են անհատները, կլանները։ Սա փակուղային մոդել է 21-րդ դարում պետություն զարգացնելու համար։ Ավելի պարզ ասեմ. այս մոդելով ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելը բերելու է մի 10-15 ընտանիքների կողմից երկիրը «կադաստրի թղթով» մեջ-մեջ անելուն։
- Քաղաքական պրոցեսներում ստվերն անթույլատրելի մեծ է։ Մի ամբողջ երկիր սպասում է, թե ստվերում մի քանի հոգի մի քանի անհասկանալի միջնորդներով ի´նչ կպայմանավորվեն։
Այնուհանդերձ, էական պոզիտիվը 1-ին կետն է, որի գործնական ռեալիզացիայի համար, և այդ ընթացքում իրական ռիսկերը չեզոքացնելու համար ա´յլ քաղաքական-հրապարակային պրոցեսներ են պետք։ Սրա մասին պետք է բաց խոսել՝ Գյումրիից սպիտակ ծխի դուրս գալուց հետո։
Վահե Հովհաննիսյան
Կարդացեք նաև
Այլընտրանքային նախագծեր խումբ