Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջել թույլի էջը, կանխել նոր պարտությունները

Ապրիլ 03,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Պատերազմում պարտությունից ոչ պակաս ցավոտ են պետության կողմից շարունակական ու քրոնիկ պարտությունները դիվանագիտական դաշտում

Արցախի կորստից հետո, արցախահայության բռնի տեղահանումից հետո, որն ազգային ողբերգություն էր` ազգային շահերի առաջ մղումը նշանակում է, որ Հայաստանը պատերա՞զմ է ուզում…

Այս հարցի պատասխանն ակնառու է, երբ աչքի առաջ ունենք Հայաստանի իշխանությունների կեցվածքը` որպես ապացույց: Դրա հիմքում Ադրբեջանից հնչող պահանջները չեն դադարում, իսկ սահմաններին էլ Բաքուն գնալով իրավիճակն էլ ավելի է լարում:

Անցյալ շաբաթ արցախցիներն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեցին, ապա նստացույց սկսեցին` պահանջելով, որպեսզի Արցախի հարցը չփակվի, օրակարգում մնա:

Հանրահավաքի ավարտին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 պահանջ ներկայացրեց Հայաստանի կառավարությանը. «Նախաձեռնողական, հետեւողական ու պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերն՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող, այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը»:

Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը պահել կառավարության ու միջազգային ատյանների օրակարգում, արցախցիների ճակատագիրը որոշող հարցերում ներգրավել Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներին, ջանքեր գործադրել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Նրանք Հայաստանի իշխանությունից պահանջեցին դադարեցնել արցախցիների նկատմամբ ատելության քարոզն ու պատժել այդ մարդկանց:

Նաեւ սոցիալական աջակցության հարցեր կային 12 կետանոց պահանջագրում. «Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն եւ արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար, ներառյալ՝ Ա. բնակվարձի աջակցության ծրագրի անվերապահ շարունակություն մինչեւ տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը: Բ. նոր, արդար ու արդյունավետ բնակարանային ծրագրի մեկնարկ: Հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից եւ վերադարձնել արցախցիներին իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից եւ ստանձնելու դրանցից բխող պարտավորությունները: Վերանայել Արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հակասահմանադրական որոշումը»:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երեւանում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքում ներկայացված պահանջագրում նշվել է, որ հարկ է կատարել 2023թ. նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը եւ Ադրբեջանի հետ բանակցություններում առաջ քաշել այդ իրավունքի պատշաճ իրացման հարցը:

Պահանջագրում ասվում է. «Առավելագույնը կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության եւ հրատապ ազատ արձակման ուղղությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համապատասխան բանակցությունների վարման, միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմների կիրառման, ալիեւյան ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցների առաջմղման եւ այլ ճնշման գործիքակազմերով: Ուշադրության կենտրոնում պահել նաեւ անհետ կորած հայերի ճակատագրերի պարզման պարտավորության իրականացումը:

Հետեւողական ու հրապարակային կերպով բարձրացնել Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության եւ հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում՝ հետամուտ լինելով հենց ՀՀ հայցերի հիման վրա ընդունված միջազգային դատական ակտերի կատարմանը։ Այդ առումով խիստ կարեւոր է համակարգված կերպով միջազգային հանրությանը ներկայացնել ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող մշակութային ժառանգության եւ մասնավոր ու հանրային գույքի ոչնչացման ու յուրացման համակարգային ու շարունակական դեպքերը՝ պահանջելով մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ակտիվացում եւ պատժամիջոցների կիրառում:

Ապահովել Հայաստանի եւ/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման եւ այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:

Զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից, ինչը մեծապես եւ ուղղակիորեն կխախտի Արցախի ժողովրդի եւ բազմաթիվ այլ հայերի իրավունքները՝ առանց դրանց պաշտպանության եւ վերականգնման որեւէ այլընտրանքային ու համարժեք մեխանիզմի առկայության:

Խուսափել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ճանաչված ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որեւէ քայլից, ինչպես նաեւ վերսկսել Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար:

Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական եւ արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը եւ հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը՝ բացառելով ապօրինի ու ինքնակոչ որոշումների ընդունումը»։

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար եւ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանրահավաքից հետո ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ բազմամարդ հանրահավաքը ցույց տվեց.

«1. Մեր ողբերգական բռնի տեղահանումից հետո մենք վերջապես կարողացանք ինքնակազմակերպվել ու համախմբվել միասնական նպատակների շուրջ՝ չնայած բազմաթիվ խանգարող հանգամանքների ու անձանց առկայությանը,

  1. Մենք վճռական ենք մեր իրավունքների պաշտպանության գործում՝ թե՛ ներքին ու կարճաժամկետ եւ թե՛ արտաքին ու երկարաժամկետ հարցերի լուծման առումով,
  2. ՀՀ իշխանությունների արցախատյաց ու շահառուներին բացառող մոտեցումները գնալով ավելի ու ավելի են կուտակում ու խորացնում հիմնախնդիրները՝ առանց մեզ հնարավորություն տալու արդյունավետ կերպով մասնակցելու մեզ վերաբերող որոշումների կայացմանը,
  3. Զուսպ ու կարգապահ արցախցու բաժակն այնքան է լցվել, որ այսօր շատերը տեղում պահանջում էին արագ ու կոշտ գործողություններ՝ մեր հրատապ հիմնախնդիրների լուծման համար»:

Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքական գիծը` զիջելու, հարմարվելու գիծն է: Իսկ թույլի դիրքերից հանդես եկողների առջեւ Բաքուն նորանոր պահանջներ է դնելու, դա մենք տեսնում ենք 2020թ. 44-օրյա պատերազմից հետո: Այս էջը պետք է շրջվի, որը չի ենթադրում Ադրբեջանի հետ բանակցությունների դադարեցում ու դրանով նոր պատերազմի հիմքերի ստեղծում: Արժանապատիվ կեցվածքը, Հայաստանի ու արցախահայության շահերի պաշտպանությունը չի նշանակում, որ Հայաստանը կառուցողական չէ, կամ չի ձգտում խաղաղության:

Պաշտոնական Երեւանը պարտավոր է վճռականորեն պնդել իր պահանջները, արձանագրելով իր առաջնահերթությունները, առանց որեւէ գերտերության խաղաքարտը դառնալու: Բոլոր շահագրգիռ պետությունների հետ նախաձեռնողական քաղաքականությամբ, Հայաստանի պետական շահերի առաջմղմամբ է հնարավոր հարաբերական խաղաղության պայմաններում նորանոր պարտություններ չարձանագրելը:

Պատերազմում պարտությունից ոչ պակաս ցավոտ են պետության կողմից շարունակական ու քրոնիկ պարտությունները դիվանագիտական դաշտում` հարաբերական խաղաղության պայմաններում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 02.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930