Լրահոս
Օրվա լրահոսը

Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել․  պաշտպանության կողմն արդարացում է պահանջում, տուժող կողմը՝ պատժի խստացում

Ապրիլ 03,2025 14:28

«Փաստինֆո». ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել։ Պաշտպանության կողմն արդարացում է ակնկալում, տուժող կողմը՝ պատժի խստացում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով։ Նշենք, որ պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել Ջալալ Հարությունյանին, դատախազը՝ մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ վեց տարի ժամկետով, իսկ տուժող կողմն առավելագույն պատիժ էր պահանջել՝ ութ տարվա ազատազրկում։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պաշտպանության, թե՛ տուժող կողմը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով։ Պաշտպանության կողմը երեք բողոք է ներկայացրել։

Պաշտպան Անդրանիկ Մնացականյանը պահանջել է բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռն ամբողջությամբ և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Ջալալ Հարությունյանի անմեղությունը՝ մեղսագրվող արարքում։ Պաշտպան Արսեն Սարդարյանը ևս պահանջել է բեկանել դատարանի որոշումը և արդարացնել Ջալալ Հարությունյանին կամ գործը կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Արդարացման կամ գործը նոր քննության ուղարկելու անհնարինության դեպքում պաշտպան Էդգար Այվազյանը ներկայացված բողոքով պահանջել է նշանակել նվազագույն պատիժ։ Բողոքները կքննվեն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լուսինե Աբգարյանի և Ռոբերտ Պապոյանի։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

 Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930