Լրահոս
Օրվա լրահոսը

Ուր է դիպլոմի պատճենը

Ապրիլ 04,2025 14:00

Մրգավետի նախկին ղեկավարի գործով փաստաբանը մտադիր է բացարկ հայտնել դատավորին

Արարատի մարզի Մրգավետ գյուղի նախկին համայնքապետ Գագիկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական գործընթացները շարունակվում են: Դատարանն ապացույցների հետազոտման փուլում է: Գործը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է 2023 թվականի մարտի 23-ից:

Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգտագործել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող եւ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետեւյալում։ Գ. Սարգսյանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը, այն է՝ «1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն» շրջանցելու նպատակով, քննությամբ չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Բարձրագույն մասնագիտական կրթության Կ.Ա.Տիմիրյազեւի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի անվամբ 2002 թվականի հուլիսի 01-ին տրված N 3958784 սերիայի 83 գրանցման համարի կեղծ դիպլոմ, որով հավաստվել է բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը, որից հետո այն օգտագործելու եղանակով դրել է փաստաթղթաշրջանառության մեջ եւ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին դիմումին կից ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին՝ խնդրելով իրեն նշանակել Արտաշատ համայնքի Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար։

Պաշտպան Աննա Ծառուկյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե՝ «Եթե անգամ կան մեղավորներ, անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցները ճանաչվեն անթույլատրելի, ոչ թե քրեական գործը դատարանը կրկին նորոգի, մի բան, որ երկու տարուց ավելի իրենց ձեռքի տակ է եղել»:

Փաստաբանն ասում է, որ որեւէ մեկը չի տեսել այդ կեղծ դիպլոմը, գործի նյութերում ռուսերեն, չթարգմանված ինչ-որ դիպլոմի պատճեն է:

«Իրենք ասում են, կնիքից սկսած՝ ամբողջական կեղծ է դիպլոմը, հարցնում ենք, ուր է բնօրինակը, որ Գագիկ Սարգսյանը կեղծել է:

Առկա է դիմում, որտեղ երեւում է, որ Գ. Սարգսյանը ներկայացրել է աշխատանքի համար, սակայն չկա մի վկա, ով ասի, թե դիպլոմը տեսել է, որ այն կեղծ էր»:

Փաստաբանը տեղեկացնում է, որ դատարան ներկայացած վկաներն ասել են, որ իրենց լիազորությունների մեջ չի մտնում, որ ասեն, դիպլոմը կեղծված է:

Վկաների սահման գոյություն ունի, քննիչը սպառել է, իսկ դատարանն այնքան ձգձգեց, որ վաղեմության ժամկետները խախտեց:

Պաշտպանական կողմը չգիտի, թե ինչ դիպլոմի պատճեն է ներկայացվել, որը թարգմանված չի մինչ օրս:

«Դա նույնն է, ինչ «Մակարով» տեսակի խաղալիքը ճանաչվի իրեղեն ապացույց»,-ասում է Ա. Ծառուկյանը, ով նկատում է, որ այս գործով «Միակ սուբյեկտը դատարանն է, ով շահագրգիռ է, որ Գագիկ Սարգսյանին դատեն»:

Պաշտպանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ հանցագործության մասին հաղորդումը ստացել է անձամբ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչը՝ Դավիթ Դավթյանը, ով քննել է այս գործը, ստացել է ուղիղ, այն ուղղված չի եղել ոչ քննչական վարչության պետին, վարչությանը, ոչ դատախազին, այլ կոնկրետ քննիչին, որի կապակցությամբ նա հարցադրումներ է արել դատարանում. «Բա, ուր մնաց անաչառության երաշխիքը»: Բացարկման ենթակա սուբյեկտը հավաքել է ապացույցներ:

Շեշտադրում են կատարել, որ Գագիկ Սարգսյանը կատարել է այս գործողությունները. «մեղադրական վերդիկտի տեքստ են ուղարկում դատարան, որը քննում է այս գործը»:

Պաշտպանական կողմն ասում է, որ դատավորին բացարկ են հայտնելու, որովհետեւ խախտել է հավասար մրցակցության սկզբունքը:

Նշեմ, որ Գ. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ՀՀ-ից բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 14-ին, ժամը 10-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930