«Առավոտի» զրուցակից Հայկ Թութունջյանը՝ ջազմեն, թմբկահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի որդին, անդրադարձել է ԱՄՆ չորս քաղաքներում սպասվող ջազային համերգ-շնորհանդեսներին, հատուկ այս միջոցառումների շարքի համար ձեւավորված ջազ քառյակին եւ «Ջազը Հայաստանում» գրքին։
– Հայկ, հայկական ջազային միջոցառումներ են նախատեսվում անցկացնել Նյու Յորքում, Բոստոնում, Դալլասում եւ Լոս Անջելեսում։ Խնդրում եմ պատմեք, թե ինչո՞ւ են հենց այս քաղաքներն ընտրվել եւ ի՞նչ սպասի հանդիսատեսը։
– Համերգները կայանալու են ապրիլի 30-ին՝ Նյու Յորքում, մայիսի 2-ին՝ Բոստոնում, մայիսի 3-ին՝ Դալլասում եւ մայիսի 4-ին՝ Լոս Անջելեսում։
Կարդացեք նաև
Նյու Յորքի, Բոստոնի եւ Լոս Անջելեսի համերգների նախաձեռնողը եւ կազմակերպիչը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է (ՀԲԸՄ), Դալլասինը՝ տեղի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու ծխական խորհուրդը։
Այս միջոցառումների «մեղավորն» ու առիթը վերջերս անգլերենով լույս տեսած «Ջազը Հայաստանում» գիրքն է, որի հեղինակը իմ հայրն է՝ հայտնի ջազմեն, հայկական ջազի ակունքներում կանգնած երաժիշտ Արմեն Չիկո Թութունջյանը։ Այս գրքի հրատարակման գործում, ի թիվս այլ կազմակերպությունների, մեծ ներդրում ունեցավ ՀԲԸՄ-ն՝ իր AGBU Arts նախագծով: Ինչպես նշեցի՝ գիրքը այժմ լույս է տեսել անգլերենով՝ ջազի մայրենի լեզվով եւ այս կապակցությամբ միտք առաջացավ գիրքը ներկայացնել հենց ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում՝ արժանի տուրք մատուցելով հայկական ջազի 85-ամյա հարուստ պատմությանը եւ այդ պատմության հերոսներին:
Ինչո՞ւ հենց այս քաղաքներում։ Նյու Յորքում է գտնվում ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակը։ Այստեղ նաեւ ջազային խոր ավանդույթներ եւ մեծ հայկական համայնք կա։
Բոստոնում է բնակվում իմ ավագ ընկեր, իրավաբան, Բոստոնի ՀԲԸՄ կենտրոնի ղեկավար Արա Բալիկյանը, ում շնորհիվ տարիներ առաջ կատարվեց իմ հոր երազանքը. նա այցելեց ջազի ամերիկյան մայրաքաղաք՝ Նոր Օրլեան։ Բոստոնում աշխարհահռչակ Berklee երաժշտական քոլեջում 1994-ին հայրս վեցամսյա վերապատրաստում է անցել, որը նա իր ամենակարեւոր ակադեմիական նվաճումներից էր համարում։ Ես ինքս սովորել եմ Բոստոնի Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցում։ Բոստոնն Ամերիկայի ամենահոգեհարազատ քաղաքն է իմ եւ իմ լուսահոգի հոր համար։ Իր մահից երկու տարի առաջ նաեւ միասին ենք այցելել։ Ինձ համար անձնապես Բոստոնի միջոցառումը յուրահատուկ խորհուրդ ունի միջոցառումների այս շարքում:
Դալլասում միջոցառում կազմակերպելու առաջարկը եկավ հընթացս, այնտեղի հայկական համայնքի կողմից: Դալլասում արդեն եղել են ջազային միջոցառումներ, եւ ես գիտեմ, որ այնտեղ մեծ ոգեւորությամբ են սպասում կայանալիք միջոցառմանը:
Դե իսկ ինչ վերաբերում է Լոս Անջելեսին՝ հայտնի է, որ այնտեղ է գտնվում Ամերիկայի ամենամեծ հայկական համայնքը։ Լոս Անջելեսի ՀԲԸՄ կենտրոնը մեծ սիրով համաձայնեց հայկական ջազային միջոցառում ընդունել։
Ամփոփելով՝ ասեմ՝ անմոռանալի ջազային երեկոներ են սպասվում։ Վստահաբար կարող եմ ասել նաեւ, որ համերգները կհետաքրքրեն ոչ միայն հայերին, այլեւ ամերիկացիներին եւ այլազգիներին։
– Պատմեք, խնդրեմ, համերգի ընթացքում հանդես եկող երաժիշտների մասին։ Ովքե՞ր են ելույթ ունենալու։
– Նախ նշեմ, որ այս բոլոր միջոցառումները «Հայերը ջազում» խորագրի ներքո են անցկացվում։ Այս խորագրի տակ ՀԲԸՄ AGBU Arts նախագծի շրջանակներում բազմաթիվ մշակութային միջոցառումների նախագծեր են իրականացվում, իսկ այդ ամենը համակարգում է Նյու Յորքում բնակվող դաշնակահար Հայկ Արսենյանը:
Կայանալիք միջոցառումների առանցքում հայտնի ամերիկահայ դաշնակահար Վարդան Օվսեփյանի գլխավորած քառյակն է, որը այս կազմով ձեւավորվել է հատուկ այս միջոցառումների շարքի համար:
Վարդան Օվսեփյանի հետ հանդես կգան թմբկահար Կարեն Քոչարյանը, կոնտրաբասահար Նոա Գարաբեդյանը եւ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը:
Վարդան Օվսեփյանին եւ Կարեն Քոչարյանին անձամբ ճանաչում եմ շատ վաղուց: Նրանք պատկանում են հայ ջազմենների այն շարքին, որոնք Հայաստանում իրենց առաջին քայլերն անելուց հետո՝ զգալի նվաճումներ եւ հաջողություններ են ունեցել ջազի հայրենիք Ամերիկայում, որտեղ նրանք բարձր համբավ ունեցող ջազմեններ են:
Վարդանն ապրում է Լոս Անջելեսում։ Ձայնագրել է բազմաթիվ սկավառակներ, բավականին յուրօրինակ ձեռագիր ունի թե՛ որպես կատարող, թե՛ որպես կոմպոզիտոր: Նրա ելույթները միշտ սպասված են ջազի սիրահարների կողմից:
Կարենը հորս լավագույն աշակերտներից էր։ Նա երկար տարիներ համագործակցել է այնպիսի անվանի ջազմենների հետ, ինչպիսին օրինակ՝ սաքսոֆոնահար Ջերի Բերգոնզին է։
Կարենը մոտ 15 տարի ապրել է Բոստոնում։ Մի քանի տարի առաջ որոշում կայացրեց տեղափոխվել Հայաստան։ Այսօր նա Հայաստանի ամենապահանջված ջազաին թմբկահարներից է։
Անհամբեր սպասում եմ Նոա Գարաբեդյանի եւ Էմմանուել Հովհաննիսյանի հետ իմ առաջին հանդիպմանը։ Նրանք իսկապես փայլուն արտիստներ են։ Շատ տարբեր, բայց միայն դրական կարծիքներ եմ լսել նրանց մասին։ Ցավոք, մինչ այժմ նրանց արվեստին ծանոթ եմ հեռակա կարգով միայն։
Նոա Գարաբեդյանը ամերիկահայ է, բնիկ նյույորքցի է։ Նա եւ Վարդան Օվսեփյանը համագործակցության փորձ ունեն։
Էմմանուել Հովհաննիսյանը մեր լավագույն դուդուկահարներից է։ Բնակվում է Լոս Անջելեսում։ Իմ համեստ կարծիքով՝ նա յուրահատուկ ձեռագիր, բարձր ճաշակ, բարձր վարպետություն ունի, քանի որ կարողանում է ազգային երաժշտական գործիքը ներդաշնակորեն միաձուլել ջազի հետ։
Քառյակը կներկայացնի հայկական երաժշտություն՝ ջազային յուրահատուկ մեկնաբանմամբ։ Օրիգինալ ստեղծագործություններ եւս կհնչեն։ Օրինակ՝ Վարդան Օվսեփյանի հեղինակած մի քանի ստեղծագործություն, հայ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունների ջազային մեկնաբանություններ։ Իհարկե, կհնչեն նաեւ մի քանի ամերիկյան հայտնի ջազային ստանդարտներ։
Միջոցառման ընթացքում տեսանյութի միջոցով կներկայացվի նաեւ գիրքը եւ հայկական ջազի համառոտ պատմությունը։ Սա համերգ-շնորհանդես է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա ոչ միայն ջազ վայելել, այլ նաեւ գիրքը ձեռք բերել եւ պարզապես լավ ժամանակ անցկացնել:
– Խոսում եք Չիկոյի «Ջազը Հայաստանում» գրքի մասին։ Նշեցիք, որ այն արդեն հասանելի է նաեւ անգլերեն թարգմանությամբ։ Մի փոքր մանրամասնեք գրքի նախապատմությունը։
– Այս գիրքը իմ հոր կյանքի մեծագույն ստեղծագործություններից մեկն է։ Բացի ջազ նվագելուց, նա իր ողջ կյանքը նվիրել է նաեւ ջազի ուսումնասիրմանը, ուսուցմանը եւ պրոպագանդմանը։ Նա խորապես ուսումնասիրել է թե՛ համաշխարհային ջազի պատմությունը, թե՛ Հայաստանում ջազի սկզբնավորման, զարգացման բոլոր փուլերը:
Այս գիրքը իր կյանքի ընթացքում կուտակված գիտելիքների եւ տպավորությունների լավագույն արտացոլումն է: Գրքի ստեղծմանը հայրս նվիրել է իր կյանքի շուրջ տասը տարիները։ Այն զուտ փաստագրություն չէ։ Այստեղ նաեւ իր անձնական տպավորություններն են այն բոլոր կարեւոր իրադարձությունների, որոնք ընկած են հայկական ջազի պատմության հիմքում: Սկսած 60-ականների սկզբից, նա այդ պատմության ականատեսը եւ անմիջական մասնակիցն է եղել։
«Ջազը Հայաստանում» գիրքը իր ծավալով, ձեւաչափով եւ նշանակությամբ հայկական ջազի պատմությունը ներկայացնող դեռեւս միակ աշխատությունն է: Հպարտ եմ, որ այն արդեն առկա է նաեւ անգլերենով: Հուսով եմ՝ այն լավ նշաձող կհանդիսանա հայկական ջազի հետագա պատմությունը կերտողների եւ այդ պատմությունը ուսումնասիրողների համար:
Զրույցը վարեց
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.04.2025