Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արցախցիների պայքարը ստամոքսի կռիվ եք համարում, մենք համաձայն ենք, ստամոքսի կռիվը միջից հանեք, մեր մնացած 19 կետերի պատասխանը տվեք». Անաստաս Իսրայելյան

Ապրիլ 04,2025 12:41

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նիստ կանի՝ որոշելու հետագա անելիքները։ Երեկ կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո նրանք հայտարարել էին, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից ու այսօր կորոշեն հետագա անելիքները։

«Առավոտը» պարզեց, որ արցախցիները քննարկում են հանրահավաքները շարունակական դարձնելու հարցը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը (լուսանկարում) մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանք են տանում՝ մարդկանց համախմբելու ուղղությամբ։

«Հաշվի առնելով, թե ինչ պատասխաններ ենք ստացել իշխանության կողմից, մենք ավելի ենք եկել այն եզրակացության, որ իշխանությունը մեր հարցերի ու պահանջների շուրջ ընդհանրապես խոսելու թեմա էլ չունի։ Մենք հասկանում ենք, որ այդ նույն իշխանության մեղքով է, որ մենք հասել ենք այս օրվան, այդ նույն իշխանությունից էլ պետք է պահանջենք, ուզեն-չուզեն, ցանկություն ունեն, թե ոչ՝ դա իրենց խնդիրն է։ Եթե դուք գնացել եք այն քայլերին, որ ժողովուրդը եկել՝ հասել է այս իրավիճակին, դուք էլ պատասխանատու եք։ Մենք պիտի կրկնապատիկ ցույց տանք մեր համախմբվածությունը։ Խորհուրդն այսօր որոշում կկայացնի հետագա օրերի կամ օրվա կապակցությամբ՝ հանրահավաք կամ այլ գործողություն անցկացնելու։ Մենք պայքարը շարունակելու ենք։ Ես գիտեմ, որ օրեցօր պայքարն ունենալու է ավելի մեծ ու ավելի լայն ընդգրկում»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։

Նա նշեց, որ ժողովրդի կողմից արդեն ստանում են աջակցություն։ Եվ հաջորդ հանրահավաքին իշխանությունները կտեսնեն, որ սա միայն արցախահայության հարցը չէ, սա ազգային հարց է։ «Մարդկանց այսօր փորձում են տարանջատել, գիտենք, թե ինչ աշխատանք է տարվում եւ ինչի համար են իրականացնում։ Մենք ցույց կտանք հակառակը։ Այս ստեղծված խորհուրդը հասարակության կողմից ինքնաբուխ ձեւավորված խումբ է եւ ամեն ինչ իր ժամանակին իրականացնելու է։ Ափսոս որ կրկնապատիկ համոզվեցինք, որ ներկա իշխանության կողմից ընդհանրապես հայանպաստ լուծում չկա, մեր կարգավիճակն իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, ոնց ու չի հետաքրքրել Արցախը, ոնց որ չեն հետաքրքրում հայ ազգի մնացած հարցերը»,- հավելեց նա։

Անաստաս Իսրայելյանի խոսքով՝ առաջին հանրահավաքին այդքան շատ մարդ էր մասնակցում, որովհետեւ ոչ թե ժողովրդի համբերության բաժակը լցվել է, այլ կարմիր գծերն են հատվել։ «Երկրորդ հանրահավաքը նույնպես այդպես մարդաշատ է լինելու։ Մենք՝ որպես հասարակայնություն, մեր համախմբվածությամբ պետք է լսեցնել տանք՝ ինչքան աղետ եք բերել ժողովրդի գլխին, այս իրավիճակում հնարավորություն ունեք մեղմացնելու ձեր մեղքերը։ Ոչ թե պատժից խուսափեք, մեկ է, դուք դատապարտվելու եք հենց ժողովրդի կողմից, բայց այսօրվա իրավիճակում ունեք բոլոր հնարավորությունները՝ մեղմելու ձեր մեղքերը։ Եվ, իրոք, այսօր իշխանությունն ունի բոլոր հնարավորությունները՝ այս ժողովրդին տեր կանգնելու, գոնե բարենպաստ մի իրավիճակ ստեղծելու, որ արտագաղթը կասեցվի»,- նշեց նա։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ու նրանց խուսափողները փորձում են ներկայացնել, թե արցախցիները «փողի ու ստամոքսի կռիվ են անում»։ Անաստաս Իսրայելյանը, արձագանքելով այս մեղադրանքներին, ասաց. «Եթե խոսքը արցախցիների մասին է, արցախցիները ոչ մի դեպքում ստամոքսի համար կռիվ չեն արել։ Արցախցին հայի այն տեսակն է, որ ինքն է միշտ ստեղծել, ուրիշներին էլ օգնել է։ Ցեղասպանությունից փրկված մարդուն դուք մեղադրում եք ստամոքսի համար կռիվ անելու մեջ, հազար ամոթ ձեզ բոլորիդ, ովքեր նման մտքեր են արտահայտում։ Մարդիկ կորցրել են իրենց ամենաթանկը՝ հարազատներին, տունը, հայրենիք, դու մարդու պահանջի անունը դնում ես ստամոքսի կռի՞վ։ Եթե սա ստամոքսի կռիվ եք համարում, մենք համաձայն ենք, դուք ստամոքսի կռիվը միջից հանեք, մեր մնացած 19 կետերի պատասխանը տվեք՝ մեր իրավունքների, մեր հավաքական վերադարձի, գերիների հարցերին պատասխան տվեք։ Եթե դուք անպիտան եք, չեք կարողանում այդ հարցերը լուծել, գոնե մի փակեք այդ հարցերը։ Այս հարցերի լուծումը թողեք հաջորդ իշխանություններին ու սերնդին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930