«Հետք». 2024 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 5.8 մլրդ դոլար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, 2023 թվականի համեմատ դեպի Հայաստան դրամական փոխանցումները կամ ինչպես ընդունված է հաճախ անվանել՝ տրանսֆերտները, աճել են 2.5%-ով։
Չնայած գրանցված աճին՝ ակնհայտ է, որ 2022-ին արձանագրված թռիչքային աճի տեմպը, երբ դրամական փոխանցումները տարեկան 2.1 մլրդ դոլարից հասան 5.2 մլրդ դոլարի, չի պահպանվել հաջորդող երկու տարում։ Հիշեցնենք՝ այս թռիչքային աճը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիների հոսքով, որին հաջորդեց նաև նրանց պատկանող փողերի հոսքը:
«Օրինակ, շատ ռելոկանտներ գրանցված էին ռուսական ընկերություններում, բայց աշխատում էին Հայաստանից, ստանում էին աշխատավարձ Ռուսաստանից։ 2023 թվականի կեսերից Ռուսաստանից ներհոսքի թիվը սկսեց նվազել, քանի որ ռելոկանտները լքեցին Հայաստանը։ Հետևաբար, նվազեցին նաև Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները»,- ասում է «Acses» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագետ Արմինե Պետրոսյանը։
Այդ գումարների մի մասը ինչպես գալիս, այնպես էլ դուրս է գնում։ 2024 թվականին Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները՝ արտահոսքը, կազմել են 4.3 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7.1%-ով։
Կարդացեք նաև
Տնտեսագետները հաճախ առավել կարևոր ուշադրություն են դարձնում դրամական փոխանցումների զուտ ներհոսքին։ Զուտ ներհոսքը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը։ 2024 թվականին այն եղել է 1.5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 8.9%-ով։ Քանի որ այս ընթացքում արտահոսքն ավելի արագ է աճել, քան ներհոսքը, հետևաբար զուտ ներհոսքի կրճատումն ավելի մեծ է։
Թե՛ ներհոսքի, թե՛ արտահոսքի տվյալները ներառում են ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային փոխանցումները։
Արմինե Պետրոսյանը նշում է, որ Հայաստանից արտահոսքը հիմնականում եղել է առևտրային նպատակով։ Օրինակ՝ Հայաստանից անշարժ գույք կամ այլ ապրանքներ են ձեռք բերել ԱՄԷ-ում (Արաբական Միացյալ Էմիրություններ), Շվեյցարիայում, Չինաստանում և այլ երկրներում ու դրա դիմաց գումար են ուղարկել։ Սա առևտրային տրանսֆերտ է։
Կենտրոնական բանկը չի բացահայտում, թե ովքեր և ինչ նպատաներով են գումարներ ուղարկում Հայաստանից արտերկիր։ Սակայն, կա հիմնավոր վարկած, որ վերջին երեք տարիների արտահոսքի մեջ Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների փոխանցումները, որոնց շարքում կան նաև գործարարներ, էական տեղ ունեն։ Զրկված լինելով ռուսական բանկերով նման փոխանցումներ կատարելու հնարավորությունից՝ նրանք օգտվել են հայկական բանկերի ծառայություններից։
Չի բացառվում նաև, որ տրանսֆերտների այս ներհոսքն ու արտահոսքը վերջին երեք տարիներին Հայաստանից կատարվող ակտիվ վերաարտահանումների մի մասն են։
ԱՄԷ, ՌԴ, ԱՄԷ. փողերի արտահոսքի աշխարհագրությունը
Եթե դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքով առաջատարը Ռուսաստանն է, ապա արտահոսքով արդեն Արաբական Միացյալ Էմիրություններն է։
2024 թվականին Հայաստանից արտահոսած 4.3 մլրդ դոլարի շուրջ 20%-ը փոխանցվել է ԱՄԷ, 16%-ը՝ Ռուսաստան, 13.5%-ը՝ ԱՄՆ, 10.5%-ը՝ Շվեյցարիա, 4%-ը՝ Մոնակո։ Սրանք արտահոսքի գծով առաջին հինգ երկրներն են՝ ըստ տեսակարար կշռի։
Հայաստանից ԱՄԷ արտահոսքը կտրուկ աճել է 2022 թվականից։ «Սա համահունչ է նաև այն փաստի հետ, որ այս պահին Հայաստանի արտահանման գրեթե կեսը գնում է ԱՄԷ, որը ոսկու և ադամանդների վերաարտահանումն է Ռուսաստանից դեպի ԱՄԷ: Կարելի է ենթադրել, որ ոսկու վերաարտահանումից ստացված հասույթը դուրս է գալիս նաև ԱՄԷ, որի արդյունքում այս ուղղությամբ ունենք կապիտալի արտահոսքի աճ։ Քանի որ ոսկու վերաարտահանումը ունի ժամանակավոր բնույթ, այս ուղղությամբ դրամական արտահոսքն էլ կարող է ունենալ ժամանակավոր բնույթ»,- իր վելուծության մեջ ենթադրում է տնտեսագետ, տվյալների վերլուծաբան Աղասի Թադևոսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































