Լրահոս
Օրվա լրահոսը

Սակուրաները ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները. ԱԺ այգում նշվել է Հանամի տոնը

Ապրիլ 04,2025 15:30

Ինձ համար մեծ հաճույք եւ պատիվ է այս գեղեցիկ օրն այստեղ՝ ԱԺ այգում, նշել Հանամիի միջոցառումը եւ վայելել սակուրաների ծաղկման գեղեցկությունը: Որքան տեղյակ եմ, Ճապոնիայից Հայաստան ներկրված այս սակուրաները խորհրդանշում են հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը: Ես շատ ուրախ եմ՝ տեսնելով, որ սակուրաները մեծանում եւ ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները: Այս մասին ասել է Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Դաբիդե Ցունակակեն՝ ԱԺ այգում մասնակցելով ճապոնական Հանամի տոնին նվիրված միջոցառմանը:

Ապրիլի 4-ին ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ հյուրեր:

Ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը տեղեկացրել է, որ սակուրաների տնկարկումը խորհրդարանի այգում տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին՝ ի նշան հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամության, իսկ Հանամին ծաղկած սակուրաների ծաղիկների գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական, լուսավոր տոն է: Նա նշել է, որ այս տարի լրանում է ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության 5 տարին, եւ կազմակերպությունն այդ տարիների ընթացքում մի շարք աշխատանքներ է իրականացրել՝ զարգացնելու հայ-ճապոնական հարաբերությունները գիտության եւ մշակույթի ոլորտներում:

Ելույթ է ունեցել ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը: «Հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշական է: Իհարկե, շատ հեռու ենք իրարից, սակայն որպես երկու հնագույն ժողովուրդ, որպես ազգային ավանդույթները պաշտպանող, ազգային արժեքները հարգող ժողովուրդներ, որքան մեր համագործակցությունը սերտ լինի, այնքան ավելի կարժեւորենք ազգային ավանդները պահպանելու, խրախուսելու կարեւորությունը»,- ասել է նա: Պատգամավորը նաեւ նշել է՝ Հայաստանը եւ Ճապոնիան համագործակցելու եւս մեկ պատճառ ունեն՝ դա տուժած լինելն է պատերազմներից:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ծառզարդարի գեղեցիկ արարողություն. ի նշան խաղաղության՝ ներկաները ծաղկած բալենիները զարդարել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների պատրաստած թղթե կռունկներով:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930