Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը դարձել է եվրոպական քաղաքականության առաջնահերթություն. Արման Բաբաջանյան

Ապրիլ 04,2025 15:38

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Եվրամիություն–Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում հնչեցրած հայտարարության մեջ առաջին անգամ արձանագրվում է Հայաստանի սահմանների բացման նշանակությունը եվրոպական տրանսպորտային և տնտեսական քաղաքականության համար։ Նրա խոսքով՝ «երեսուն տարվա փակվածությունից հետո Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կդառնա շրջադարձային պահ։ Դա այնպես կմտերմացնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան, ինչպես երբևէ չի եղել»։

Այս հայտարարությունն ինքնին ունի երկու առանցքային մակարդակ։ Նախ՝ այն փաստում է, որ Եվրոպական միության ամենաբարձր ղեկավարությունը Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանային ռազմավարական հանգույց։ Եվ երկրորդ՝ այն արձանագրում է, որ խաղաղության հաստատումը և հաղորդակցության ուղիների վերագործարկումը Հայաստանի և նրա հարևանների միջև ոչ միայն երկկողմ հարց է, այլև համաեվրոպական ռազմավարական օրակարգի մի մաս։

Հայաստանին տրված է բացառիկ հնարավորություն՝ վերաիմաստավորել իր աշխարհաքաղաքական դերակատարությունն ու տնտեսաքաղաքական ուղեգիծը՝ դառնալով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև ոչ միայն աշխարհագրական, այլև ինստիտուցիոնալ և քաղաքական կապող օղակ։ Հայաստանի քայլերն այս պահին վճռորոշ նշանակություն կունենան՝ արդյո՞ք նա կդառնա այդ կապի ակտիվ կառուցողը, թե՞ կշարունակի մարել իր ռազմավարական ներուժը՝ կախվածության և անորոշության պայմաններում։

ԵՄ Global Gateway նախաձեռնության շրջանակներում նախատեսվող 10 միլիարդ եվրոյի ներդրումը Տրանսկասպյան միջանցքի մեջ ունի կոնկրետ քաղաքական և ենթակառուցվածքային նպատակներ՝ ձևավորել Եվրամիությանն ուղղված նոր աշխարհագրական և տնտեսական մայրուղի՝ շրջանցելով Ռուսաստանը։ Միջանցքի հաջողությունն ամբողջությամբ կախված է Հարավային Կովկասում կայունությունից, վստահությունից և իրավական կանխատեսելիությունից։ Ուստի Հայաստանի մասնակցությունը այս նախագծին կարող է դառնալ պետական վերակառուցման և ռազմավարական վերադասավորման առանցք։

Տրանսկասպյան միջանցքը տեխնիկական նախագիծ չէ։ Այն քաղաքական որոշում է՝ ձևավորել նոր աշխարհակարգ՝ Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունից դուրս։ Եվրոպայի համար սա ռազմավարական անհրաժեշտություն է՝ նվազեցնելու կախվածությունը ռուսական էներգակիրներից և կրճատելու Արևելք-Արևմուտք ցամաքային հաղորդակցությունների ռուսական վերահսկողությունը։

Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ նշվում է որպես game changer գործընթաց, որը կարող է ամբողջությամբ վերակազմավորել տարածաշրջանի փոխգործակցության մոդելները։ Այս գնահատականը Եվրոպական հանձնաժողովի նախագահի մակարդակով նշանակում է միայն մեկ բան՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը դարձել է եվրոպական քաղաքականության առաջնահերթություն։

Հայաստանը պետք է արագ և վճռական քայլերով դառնա տրանսպորտային և էներգետիկ փոխկապակցման անբաժանելի օղակ։ Բոլոր ենթակառուցվածքային նախագծերը՝ միջպետական մայրուղիներից մինչև կապի և էներգետիկ ենթակառուցվածքները, պետք է համահունչ լինեն Տրանսկասպյան միջանցքի ռազմավարությանը։ Հայաստանը կարող է ստանձնել ոչ միայն տարանցիկ երկրի, այլև մաքսային, վերամշակման և լոգիստիկ հանգույցի դեր։

Ֆոն դեր Լայենի ուղերձը պետք է հետևող հստակ պատասխան ստանա Երևանի կողմից՝ քաղաքական նախաձեռնության, վստահության հաստատման և համագործակցային օրակարգով։

Տրանսկասպյան միջանցքի և Կենտրոնական Ասիայի կապի հարցերը Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերահսկողության համար լրջագույն մարտահրավեր են։ Ռուսաստանն արդեն մի քանի անգամ փորձ է արել արգելափակել այս նախագծերը՝ խոչընդոտելով դրանցով Արևմուտքի մուտքը տարածաշրջան։ Բայց Ուզբեկստանը, Ղազախստանը և Թուրքմենստանը արդեն սկսել են մերձենալ ԵՄ-ին՝ փոխհատուցելով Մոսկվայի դեմ պատժամիջոցների տնտեսական հետևանքները։

Հայաստանը պետք է դառնա այս ռազմավարական շարժման մասնակից։ Ռուսաստանի սպառնալիքները չպետք է խանգարեն Հայաստանի ապագա ինտեգրմանը, այլ՝ պետք է վերաիմաստավորվեն՝ փոխադարձ հարգանքի և իրավահավասարության հիմքով։

ԵՄ-ի ակնկալիքները Հայաստանից

  • Կայունություն և հստակություն քաղաքական ուղեգծում։
  • Վերահսկելիություն և կանխատեսելիություն սահմանային հարաբերություններում։
  • Իրավական ու տնտեսական միջավայր, որը կարող է գրավել եվրոպական կապիտալը։
  • Արևմտյան սկզբունքներին համահունչ մոդել՝ դատական, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի և ազատության ոլորտներում։

ԵՄ-ն այսօր չի փնտրում պասիվ գործընկերներ։ ԵՄ-ն փնտրում է պատասխանատու դերակատարներ, որոնք կօգնեն նոր աշխարհակարգի ձևավորմանը։ Հայաստանը կարող է և պետք է լինի այդպիսի գործընկեր։

Ընտրությունը մերն է՝ մտնել պատմության վերաձևման փուլ որպես լիարժեք գործընկեր, թե՞ դանդաղ նահանջել անորոշությունների գոտի։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացահայտել է դարպասները։ Մնում է Հայաստանը քայլ կատարի ներս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930