Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության

Ապրիլ 04,2025 15:42

Գյումրիի համայնքապետի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և «Մեր քաղաքը» դաշինքին ընտրելու համար։

Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և շարունակում է կատարվել իմ ընտանիքի անդամների և թիմակիցներիս շրջանում։ Իշխանությունը դիմեց բոլոր անհնար ու հնարավոր միջոցներին, մանիպուլյացիաներին, օրինական ու անօրինական գործողություններին, փորձելով՝ ինձ հոգեբանորեն ճնշել, թիմիս՝ ձերբակալել և քրեական հետապնդումների ենթարկել։
Եվ դա շարունակվում է մինչ այս պահը։

Բայց դրա մասին կխոսեմ ավելի ուշ։

Սիրելի գյումրեցիներ ու հայրենակիցներ, ես լավ գիտեմ ու հասկանում եմ՝ այս օրերին ամբողջ Գյումրին և հանրապետությունը լարված սպասում են իմ որոշմանը, որից կախված է Գյումրու և երկրում հետագա զարգացումներն ու տրամադրությունները։

Ես իմ անցած ճանապարհի ընթացքում ապացուցել եմ, որ ինձ համար մեր երկրի, մեր քաղաքի ու մեր գյումրեցիների ընդհանուր շահը գերադասել եմ անձնական շահերից և մոտեցումներից։

Այսօր ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել ու մեծ դժվարությամբ եմ եկել դրան։

Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված։

Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ։

Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար, Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։

Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին՝ անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի և տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային, քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։

Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյունքում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։
Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։

Սիրելի գյումրեցիներ ու հատկապես շուրջ 7400 ինձ ընտրողներ, դուք քվեարկեցիք իմ օգտին նաև այն սկզբունքով, որ ներկա իշխանությունը չվերարտադրվի Գյումրիում և բոլորս այդ գաղափարախոսությամբ էինք այս պայքարի մեջ։

Ու մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։

Սիրելի ազգականներ, ընկերներ, թիմակիցներ, գյումրեցիներ, դուք իմ կողքին կանգնեցիք, որ նախկին բարքերը չվերադառնային քաղաք։ Գիտենալով իմ սկզբունքներն ու հստակ, ընդգծված կարմիր գծերը, որ այդ բարքերին միշտ դեմ եմ եղել ու ժամանակին իմ շնորհիվ է քաղաքն ազատվել այդ ամենից։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։

Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց և վստահ ասում եմ, որ երկրիս՝ պետության և պետականության, Գյումրուս և գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները և անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։

Բոլորդ համոզվեցիք՝ իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ և «Մեր քաղաքը» դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում և ամեն ինչ, հետայսու էլ, կախված է լինելու «Մեր քաղաքը» դաշինքի քվեարկություններից։

Եվ այսպես, «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։

Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա։

Իսկ «Մեր քաղաքը» դաշինքը գյումրեցիների հետ միասին ամեն ինչ կանի, որպեսզի ապրենք այն քաղաքում, որին արժանի ենք։

Հարգելի լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ, բլոգերներ, քաղաքական կուսակցություններ, տերեր և ծառաներ, այսուհետ բոլորդ լավ իմացեք՝ Մարտուն Գրիգորյանն իր ողջ կյանքի ընթացքում որոշումներ կայացրել է ինքնուրույն և առանց շտապողականության և որևէ քաղաքական ուժ կապ չունի ու չի կարող ազդել իմ կայացրած որոշումների վրա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930