Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկվող լուծումը հետքայլ է, կհանգեցնի բիզնեսների զանգվածային սնանկության». BSCOSMO-ն՝ արդարադատության նախարարության նախագծի վերաբերյալ

Ապրիլ 04,2025 16:17

BSCOSMO բիզնես ակումբի հայտարարությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ։

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրինագիծ, որը նախատեսում է, որ վիճարկման հայցի ներկայացումը չի կասեցնելու վիճարկվող վարչական ակտի գործողությունը, այսինքն վարչական մարմինների (այդ թվում՝ հարկային մարմինների) կողմից առաջադրված տուգանքները պետք է վճարվեն, նախքան դրանց դատական բողոքարկման հնարավորությունը։ Նման մոտեցումը իրավական առումով հիմնավորված չէ, նախագծի հեղինակները չեն ներկայացրել նման նախաձեռնության նպատակը, նախագիծը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ միջազգային իրավական չափանիշներին:

Այսպես,

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրին արդար դատաքննության իրավունք։ Տուգանքի վճարման պարտադրումը՝ մինչև դատական քննությունը, գործարարներին և քաղաքացիներին զրկում է իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։

ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը ամրագրում է անմեղության կանխավարկածը, որի համաձայն՝ անձը չի կարող համարվել մեղավոր, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի կողմից։ Նոր օրինագիծը վարչական ակտերը դարձնում է անմիջապես պարտադիր, ինչը այս սկզբունքի լրջագույն խախտում է։

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածը սահմանում է, որ վիճարկման հայցերով ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, ոչ թե Հայցվորը։ Սակայն առաջարկվող օրինագիծը պահանջում է, որ անձը նախ վճարի տուգանքը, ապա միայն հնարավորություն ստանա ապացուցելու դրա անհիմն լինելը, ինչը ամբողջովին փոխում է արդարադատության տրամաբանությունը։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ քաղաքակիրթ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ առաջադրված պարտավորությունը չպետք է գանձվի, առանց որոշման դատական կարգով վիճարկման հնարավորության: Մասնավորապես նմանատիպ կարգավորումներ են առկա Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Վրաստանում և այլն:

Գտնում ենք, որ օրինագծի ընդունումն անթույլատրելի է, այն առաջացնելու է բազմաթիվ բացասական հետևանքներ նախ և առաջ բիզնեսի համար, մասնավորապես.

Նախագծի ընդունումը հանգեցնելու է բիզնեսների զանգվածային սնանկության.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշումների 80%-ը ՀՀ վարչական դատարանում հետագայում բեկանվում են, դա այն պայմաններում, երբ վարչական գործերի քննության միջին տևողությունը 2-3 տարի է: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 10 դեպքից 8-ում Ընկերությունները տարիներով կորցնելու են վարչական ակտով արձանագրված գումարի չափով իրենց միջոցները տնօրինելու հնարավորությունից, որն էլ իր բացասական ազդեցությունն է ունենալու տնտեսական արդյունավետության վրա՝ հանգեցնելով ընդհուպ մինչև բիզնեսի սնանկացման։

Նախագիծը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր.

Վարչական ակտերով առաջադրված պարտավորությունների վճարման պահանջն առանց դատական վերահսկողության հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Այն կարող է գործիք հանդիսանալ վարչական մարմինների ձեռքին, որով կամայականորեն կարող են հարվածել ցանկացած բիզնեսի, իսկ տնտեսվարողը գիտակցելով, որ պետական մարմնի կողմից պարտավորության առաջադրման պարագայում պետք է կատարի ակտի պահանջը, անկախ դատարան դիմելու հանգամանքից, կփորձի «համաձայնության գալ» պարտավորությունն առաջադրողի հետ:

Նախագծի ընդունումը կվանի պոտենցիալ ներդրողներին.

Հնարավոր չէ սպասել ներդրումների ներհոսք այն երկրում, որտեղ վարչական մարմինները կարող են անօրինական տուգանքների միջոցով արգելափակել ընկերության ֆինանսական միջոցները՝ առանց դատարանի որոշման։

Ամփոփելով վերոգրյալն, ակնհայտ է, որ առաջարկվող փոփոխությունները էականորեն նվազեցնում են վարչական դատարաններում քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունները, սահմանափակվում է վարչական արդարադատությունը: Առաջարկվող լուծումը հետքայլ է, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, այն հակասում է ՀՀ սահմանադրությանը, զարգացած երկրների փորձին:

Ելնելով վերոգրյալից` BS COSMO միջազգային բիզնես ակումբն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված նախագծին հետագա ընթացք տալուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930