Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնոջ ազատությունը, կրթությունը և նույնիսկ ամուսնությունը շարունակում են մնալ ուրիշների որոշումները, հատկապես նրա ընտանիքի տղամարդկանց կողմից»

Ապրիլ 04,2025 17:38

«Էջ» հրատարակչությունը վերջերս հրատարակել է հնդիկ կին հեղինակ Սալմայի «Երազող կանայք» վեպը»։ Գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունենում Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի մի փոքր գյուղում: Տղամարդկանց կողմից ու տղամարդկանց համար ստեղծված կրոնական հայրիշխանության պայմաններում կանայք փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը։

Սալման վարպետորեն ցույց է տալիս, թե ինչպես են այս կանայք նավարկում իրենց տխուր, դաժան իրականության պայմաններում և քայլ առ քայլ կոտրում իրենց վշտերի շղթան: Գրքում ներկայացված են իրականության մեջ կնոջ դերը խիստ սահմանափակող ավանդական մտածելակերպը պախարակող մոտեցումները։

-Կարո՞ղ եք մեզ հետ կիսվել ձեր՝ որպես գրողի անձնական ճանապարհորդության մասին։ Ի՞նչն է ձեզ մոտիվացրել սկսել գրել:

-Իմ գրական ճանապարհորդության կարևորագույն ճշմարտությունն այն է, որ բուռն հակազդեցությունը, քննադատությունը և պայքարն էին, որ, ի վերջո, տվեցին ինձ իմ հստակ ինքնությունը: Չնայած այս ամենին՝ իմ ուղղվածությունը մնաց բացառապես գրական: Հենց այս անսասան որոշումն էր, որ թույլ տվեց ինձ յուրօրինակ ինքնություն կերտել:

-Որպես կին գրող Թամիլ Նադուից, ինչպե՞ս է ձեր անձնական փորձն ազդել ձեր գրելու վրա, հատկապես գենդերային և հայրիշխանության թեմաները շոշափելիս:

-Կնոջ համար սեփական ինքնությունը ճանաչելը երբեք հեշտ չէ: Ես չունեի ոչ նախապատմություն, ոչ էլ սոցիալական միջավայր, որը կարող էր աջակցել նման նախաձեռնությանը: Ես ծնվել եմ մի փոքրիկ գյուղում, և իմ գրական ճանապարհորդությունը սկսվեց առանց որևէ աջակցության։ Ինձ առաջ էր մղում ոչ միայն գրականության հանդեպ հետաքրքրությունը, այլ դրա միջոցով իմ հույզերը փաստելու՝ կնոջ կյանքը ձևակերպելու, քաղաքական քննադատություններ առաջ քաշելու ցանկությունը:

Անգնահատելի էին այն ուշադրությունն ու ճանաչումը, որ ստացա գրականության միջոցով, և այն ինքնավստահությունը, որն այն սերմանեց իմ մեջ: Կարծում եմ, որ դրանք հսկայական նշանակություն ունեին, հատկապես այն պատճառով, որ ես սկսել էի գրել այն ժամանակ, երբ խորապես հուսահատված էի: Քաջալերումը, դրական ընդունելությունը և նույնիսկ այն քննադատությունը, որին հանդիպեցի, միայն ամրապնդեցին գրելու իմ նվիրվածությունը: Այդ առումով գրականությունը դարձավ ոչ միայն ինձ համար կարևոր, այլև փոխակերպող. այն վերափոխեց և շարունակում է վերափոխել իմ կյանքը:

-Կպատմե՞ք գրականության դերի մասին ձեր կյանքում: Կա՞ն գրքեր, որոնք ոգեշնչել են ձեր սկսել գրելու կարիերան: Հավատու՞մ եք, որ գրականությունը կարող է փոփոխություն առաջ բերել:

-Այդ փուլում իմ կարդացած գրքերը ծառայեցին որպես իմ ամենամեծ ուղեցույցը: Ի վերջո, գրքերը մեր մտածելակերպը փոխելու ամենահզոր գործիքն են: Նույնիսկ ամենաանբարենպաստ հանգամանքներում գրքերն օգնում են մեզ փաստագրել մեր իրականությունը: Բայց բացի ինձ գրելու հնարավորություն տալուց, նրանք նաև սովորեցրին ինձ գրելու նրբությունները: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ կարդալն անփոխարինելի է:

Այդ ընթացքում ես շատ էի կարդում՝ գրքեր վերցնելով մեր գյուղի փոքրիկ գրադարանից։ Կենսական դեր է խաղացել հատկապես ռուս գրականությունը՝ Տոլստոյը, Դոստոևսկին, Չեխովը, Չինգիզ Այթմատովը։ «Աննա Կարենինա», «Պատերազմ և խաղաղություն» և «Սպիտակ գիշերներ» գրքերը նոր աշխարհներ բացեցին ինձ համար: Նրանք ձևավորեցին իմ պատկերացումները կյանքի և, ամենակարևորը, այն փաստագրելու մասին:

-Ի՞նչը ձեզ ոգեշնչեց գրել «Երազող կանայք» վեպը: Արդյոք պատմությունը հիմնված է իրական իրադարձությունների կամ մարդկանց վրա, որոնց հետ հանդիպել եք ձեր կյանքի ընթացքում, թե՞ դա ավելի լայն խնդիրների շրջանակի արտացոլումն է:

-«Երազող կանայք» վեպը խորապես անձնական փորձառություն էր ինձ համար, սակայն ես երբեք այն չեմ դիտարկել որպես բացառապես իմ սեփականություն: Դա ավելին է, քան անձնական ինչ-որ բան: Փորձ և կյանք, ահա սա է, ինչ արտացոլվում է այս վեպում: Սա երբեք չի եղել միայն մեկ մարդու պատմություն: Ես հավատում եմ, որ դրա մեջ հյուսված են անթիվ կյանքեր, անհամար կանանց պատմություններ, որոնց իրականությունն արտացոլում է այս մեկը: Այս վեպում ես ուզում էի ֆիքսել մի ճշմարտություն, որը դեռևս պահպանվում է այսօր. կնոջ ազատությունը, կրթությունը և նույնիսկ ամուսնությունը շարունակում են մնալ ուրիշների որոշումները, հատկապես նրա ընտանիքի տղամարդկանց կողմից: Սա այն իրականությունն է, որը ես փորձում էի փաստագրել:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ամենակարևոր ուղերձը, որը ցանկանում եք փոխանցել ընթերցողներին «Երազող կանայք» վեպի միջոցով:

-Միայն մի բան եմ ուզում փոխանցել իմ ընթերցողներին. կնոջ ինքնությունը, ազատությունը և իրավունքները երբեք ուրիշների կողմից տրվող կամ խլելու բան չեն, պատկանում են միայն նրան: Կինը պետք է վերահսկի դրանք: Այս հասարակությունը պետք է հասկանա դա։ Ոչ ոք, տղամարդ լինելու քողի տակ, չպետք է իրավասություն ունենա միջամտելու նրա ընտրությանը: Հենց դա էի ուզում ասել այս վեպի միջոցով։

-Ի՞նչ զգացողություններ ունե՞ք հիմա, երբ Ձեր գիրքը թարգմանվել է հայերեն։

-Վեպս հայերեն տպագրվելու միտքն ինձ անսահման ուրախացնում ու զարմացնում է։ Երբ սկսեցի գրել, երբեք չէի պատկերացնի, որ իմ գրքերը կճամփորդեն և կթարգմանվեն աշխարհի տարբեր լեզուներով: Ես չեմ գրել մեծ ակնկալիքներով կամ հավատով, որ դա տեղի կունենա:

Իհարկե, տասնվեց տարեկանից ես երազել եմ դառնալ մեծանուն գրող, շրջել աշխարհով մեկ, հրավիրվել տարբեր երկրներ խոսելու: Բայց տեսնել այդ երազանքների իրականացումը, ականատես լինել, որ իմ գրքերը հասանելի են այլ լեզուներով, հատկապես հայերենով, և՛ ապշեցուցիչ է, և՛ խորապես ուրախալի:

Եվ հատկապես կարևոր է այն, որ Հայաստանը սերտ կապված երկիր է այն գրական ավանդույթների հետ, որոնք ես ամենաշատն եմ սիրել: Ես անչափ երջանիկ եմ, որ իմ գիրքը հրատարակվել է Հայաստանում: Չեննայում հայերի անունով մի փոքրիկ փողոց կա՝ «Հայկական փողոց», որտեղ դեռ մի քանի հայ ընտանիքներ են ապրում։ Ես հաճախ եմ այցելում այդ տարածքը, և հիմա մտածելը, որ իմ գիրքը գոյություն կունենա հենց այդ համայնքի լեզվով, էլ ավելի ուրախացնում ինձ:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Կալաչուվադու հրատարակչությանը՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930