Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերող ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստում այսօր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը հայտարարեց, որ դատախազությունը թերի փաստաթուղթ է ներկայացրել, ինչի արդյունքում մասնագետները չեն կարողանում ամբողջական վերլուծություն իրականացնել, ինչն էլ իր հերթին, բարդացնում է պաշտպանների աշխատանքը:
Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքին պատկանող ենթադրյալ ապօրինի գույքի ուսումնասիրությունները եւ հաշվարկները ՀՀ դատախազությունում երեք տարի իրականացրել են: Հաշվարկային փաստաթուղթը վերջապես փոխանցվել է պաշտպաններին: Դատավարության այս փուլում պաշտպանական կողմը պետք է փաստաթղթի եւ իրականացված հաշվարկների վերաբերյալ հարցեր ուղղեր հայցվորին: Դատախազության ներկայացրած տեղեկանքում հաշվարկման բանաձեւերն են բացակայում, որոնցով հաշվարկները կատարվել են, միայն արդյունքներն են փոխանցվել:
Դատախազության լիազոր ներկայացուցիչը պարզաբանեց՝ ֆայլը ծավալուն է, փոխանցման փուլում խնդիրներ են առաջացել: Դատախազ Ռուզաննա Խուդավերդյանն էլ հստակեցրեց՝ այլ ձեւաչափով փաստաթուղթ չեն փոխանցելու պաշտպանական կողմին, եթե կոնկրետ դեպքերով կլինեն անհամապատասխանություններ կամ վիճելի հարցեր, իրենք պատրաստ են լրացուցիչ պարզաբանումներ տրամադրելու:
Հարցի վերաբերյալ բանավեճի արդյունքում Վահագն Դալլաքյանը միջնորդություն ներկայացրեց՝ ակնկալելով, որ դատարանի օգնությամբ դատախազությունից ստանան ամբողջական փաստաթուղթը: Քանի որ խոսքը երկու հազարից ավել գործարքների է վերաբերում, պաշտպանը անիրատեսական է համարում դատախազի առաջարկը՝ յուրաքանչյուր վիճելի դեպքով առանձին անդրադառնալ հարցին:
Կարդացեք նաև
Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը մերժեց՝ համարելով դատախազությունը ներկայացրել է մանրամասն հաշվարկ՝ հեշտացնելով պաշտպանների աշխատանքը. մի բան, որը պարտավոր չէր անել, բայց արել է:
Վահագն Դալլաքյանը հաջորդ միջնորդությունը ներկայացրեց՝ ժամանակ տրամադրել պաշտպանական կողմին, փաստաթղթի վրա մանրամասն աշխատելու համար: Նախորդ նիստում դատարանն արդեն իսկ մերժել էր պաշտպանական կողմի համանման միջնորդությունը՝ համարելով, որ երկու շաբաթը բավարար է տեղեկանքն ուսումնասիրելու եւ հարցեր ձեւակերպելու համար:
Այս նիստում, թեեւ դատախազը առարկություն չուներ պաշտպանական կողմին 2-3 շաբաթ լրացուցիչ ժամանակ տրամադրելու հարցում, դատավորը այս միջնորդությունն էլ մերժեց՝ պատճառաբանելով, որ երկու շաբաթ ժամանակ տրամադրվել էր ու պաշտպաններն այդ ընթացքում փոխարենը հարցեր ձեւակերպեին, ընդամենը հասկացել են, որ «բանաձեւերը չկան», ինչն իր համար անընդունելի է:
Կարապետ Բադալյանը մեղադրեց պաշտպաններին՝ լիազորությունները չարաշահելու մեջ. «Դատարանի մոտ տպավորություն կա, որ փորձում եք ձգձգել գործի քննությունը: Ձեր միջնորդությունը ուղղված է ձեր իրավունքի չարաշահմանը»:
Վահագն Դալլաքյանը առարկեց՝ հիշեցնելով, որ հաշվարկի մեթոդոլոգիայի, իրավունքի ոլորտին վերաբերվող բազմաթիվ հարցեր իրենք տվել են հայցվորին ու առնվազն առիթ չեն տվել տպավորության, որ չարաշահում են իրենց իրավունքները:
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպանական կողմը մեկ առարկություն էլ ուներ՝ հաշվարկների եւ հայցի հիմքի հետ կապված. այն վերաբերվում է «Հայէկոնոմբանկից» տրամադրված առերեւույթ կեղծ տեղեկանքին: 1,5 տարի առաջ՝ 2024 թվականի հունվարի 22-ին պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, քանի որ «Հայէկոնոմբանկից» տրամադրված տեղեկանքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել: Իրենք վստահ են, որ արդյունքում չորս միլիարդ դրամի եւ դրանից ստացված շահաբաժինների մասով հաշվարկը սխալ է: Այն ժամանակ դատարանը չքննարկեց միջնորդությունը՝ համարելով, որ դա այլ դատավարական փուլի քննարկման առարկա է:
Պաշտպան Վահագն Դալլաքյանը վստահ է, որ այժմ արդեն այդ հիմքով գործի քննությունը կասեցնելու փուլ է. «Կարող է վաղը հաստատվի, որ այդ փաստաթուղթը կեղծ է եւ մենք այս ամբողջ գործընթացը սկսենք նորից»:
Դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը հարցով պատասխանեց՝ ինչո՞ւ եք կարծում, որ մինչեւ քրեական վարույթի ավարտը հնարավոր չէ այս գործը քննել: Նա տեղյակ չէ, թե քրեական վարույթը ի՞նչ փուլում է գտնվում, բայց չի բացառում նաեւ, որ այդ վարույթի ընթացքում հայցի հիմքը փոփոխության չենթարկվի: Եթե ինչ-որ մի փուլում տվյալների վերանայման կարիք լինի՝ այդ փուլում էլ կվերանայեն. «Որոշակի արդյունքներ, բնականաբար, կարող են ունենալ, բայց այնպես չի, որ գործի քննությունն ամբողջապես կախված է այդ քրեական վարույթից ու որոշումից»:
Վահագն Դալլաքյանի համար տարակուսելի է դատախազի մոտեցումը, քանի որ տրամադրված կասկածելի քաղվածքը վերաբերվում է 1997 թվականից սկսած ժամանակահատվածին, իսկ գործի քննությունը 1999 թվականից է սկսվում եւ եթե իրական քաղվածքը այլ բան ցույց տա, միանգամայն այլ պատկեր կունենանք, քանի որ 4 միլիարդ դրամի՝ ապօրինի որակված եկամուտը, 2001-2004 թվականներին է ստացվել: Պաշտպանի գնահատմամբ, ձնագնդիի էֆեկտով, այլ տվյալներ ևս հնարավոր է օրինական համարվեն:
Մանրամասները՝ տեսանյութում
«Այս գործընթացի անաչառությունը կասկածի տակ չդնելու համար դատախազությունը պետք է ինքը միջնորդի կասեցնել գործի քննությունը, պարզել՝ ո՞նց է եղել, որ բանկը այդ տեղեկատվությունը տրամադրել է, ապա նոր շարունակել: Խոսքը 5000 դրամի մասին չէ, այլ 4 միլիարդ դրամի, որը մուլտիպլիկատիվ էֆեկտով կարող է ազդել ամբողջ գործի վրա: Հիմա հարգելի դատախազն ասում է՝ կապ չունի: Ի՞նչը կապ չունի: 1,5 տարի է՝ այս գործը քննվում է, ես էլ ներկայացուցիչ եմ, 1,5 տարի առաջ հաղորդում եմ ներկայացրել: Բա ձեզ հետաքրքիր չէ՞ բանկն ինչու է կեղծ տվյալ տրամադրել. չար դիտավորությո՞ւն է, թե՞ անփութություն: Բա որ մեզ մոտ պատահականորեն օրիգինալ անդորրագրերը չպահպանվեին»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով՝ եթե խնդիրն այն է, որ լրատվամիջոցներով երևա, որ Ռուբեն Հայրապետյանն իբր ապօրինի գույք ունի, այն արդեն լուծվել է:
Ի դեպ, Ռուզաննա Խուդավերդյանը հայտարարել էր, որ պաշտպանական կողմը մեկ բնօրինակ է ներկայացրել, Ամրամ Մակինյանը ճշտեց՝ ոչ թե մեկ, այլ՝ տասը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ