Ինչպես տեղեկացրել ենք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօրվանից քննարկումներ է իրականացնում Ազատության հրապարակում։
Այսօրվա քննարկմանը մասնակցում են Արցախի Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները։
Կարդացեք նաև
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արցախցիների ներկայացրած բոլոր պահանջները ՀՀ իշխանությունները վերածել են զուտ սոցիալական խնդիրների եւ փորձում են այդ սոցիալական խնդիրների ներքո ցույց տալ, որ իրենց պատրաստ են աշխատել արցախցիների հետ։ Չեն փորձում հարցը լուծել ինստիտուցիոնալ մակարդակով։ «Արցախցիները սոցիալական խնդիրների համար չեն պայքարում, այլ պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի, մեր գերիների համար, պայքարում ենք, որպեսզի Արցախի հարցը չփակվի, որպեսզի այն գործերը, որոնք հարուցված են միջազգային ատյաններում, հետ չկանչվեն։ Բայց այս բոլորի վրա նրանք փորձում են աչք փակել եւ զուտ սոցիալական խնդիր ներկայացնել»,- ասաց Գալստյանը։
Անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը՝ Դավիթ Գալստյանն ասաց․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նրանք անամոթաբար ստում են, Արցախի լուծարման մասին փաստաթուղթ գոյություն չունի իրավական հարթակում։ Եվ նրանք լավ գիտեն այդ մասին։ Հերթական մանիպուլատիվ հայտարարություններն են՝ հասարակությանը շեղեն, իրենց մեղքը փորձեն այլ մարդկանց վրա բարդել»։
Նրա խոսքով՝ եթե իրոք ՀՀ իշխանություններն ուզում են, որ արցախցիները մնան Հայաստանում, ապա պետք է ստեղծեն այնպիսի պայմաններ, որ արցախցիները հնարավորություն ունենան մնալու։ Բայց, նրա խոսքով, այսօր ՀՀ իշխանությունները կյանքի են կոչում արցախցիների արտագաղթի ծրագրերը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ