Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են կողմ, որպեսզի Սյունիքում «միջանցքը» վերահսկեն ռուսները

Ապրիլ 09,2025 12:00

Փարիզն անընդունելի է որակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս ունի, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջեւ սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ համագործության համար։ Այս մասին անցյալ շաբաթ Եվրամիության գործադիր իշխանության ղեկավարը խոսել էր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած ԵՄ-ի եւ Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում։ «Սեւ ծով հասնելու համար կարեւոր է նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը: Երեք տասնամյակ փակ Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի, քան երբեւէ», – նշել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Որքան էլ Արեւմուտքից նման հայտարարություններ են հնչում, միեւնույն է, պաշտոնական Անկարայից շարունակ պնդում են, որ հայ-թուրքական եւ հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են եւ հայ-թուրքական սահմանը կբացվի հայ – ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում։

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Փարիզում էր, որտեղ հանդիպեց Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոյի հետ։ Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության, հանդիպմանը կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված քայլերը։ Դիվանագետներն ընդգծել են՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի երկու պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա: Դա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, ներառականությանը եւ գործակցությանը:

Թուրքական կողմը Ֆրանսիայից իր ակնկալիքներն է հայտնել Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերություններում արհեստական արգելքների վերացման վերաբերյալ։ Բացի այդ, Ֆիդանն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու Թուրքիայի ջանքերին, սիրիական նոր կառավարության հետ կապերի ընդլայնմանը, PKK/YPG-ի դեմ պայքարի կարեւորությանը եւ Մերձավոր Արեւելքին վերաբերող այլ հարցերի։

Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի իշխանությունների համար, կարծես, առավել կարեւոր են Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության ու ինքնիշխանության հարգման սկզբունքները, քան` պաշտոնական Երեւանի համար:

Ուշագրավ էր Թուրքիայի արտգործնախարարի եւ Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարի հանդիպման ֆոնին Ադրբեջանի նախագահ Ալիեւի դժգոհությունը: Վերջինս հայտարարեց, թե Ֆրանսիան դեմ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի պայմաններին. «Ֆրանսիան աջակցում է հայկական դիրքորոշմանը, որը ձգտում է խաղաղության պայմանագիրը ստորագրել առանց Սահմանադրության փոփոխությունների՝ հնարավորություն թողնելով ապագա տարածքային պահանջների համար»։

Նկատենք, որ ավելի վաղ, ապրիլի 2-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ միջազգային վերջին զարգացումներին նվիրված նիստի ընթացքում, պատասխանելով նախագահական մեծամասնությունը ներկայացնող «Միասին» խմբակցության պատգամավոր Մոդ Պետիի հարցին, Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն ընդգծել էր, որ Ֆրանսիան առաջիններից է, որը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը եւ կոչ է արել կարճ ժամանակում ստորագրել համաձայնագիրը։

Իր խոսքում նախարար Բարրոն, սակայն, անընդունելի էր որակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը եւ շեշտել է, որ նման նախապայմանները ձգձգում են ստորագրման գործընթացը: Նա նշել էր, որ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ՝ Եվրոպական Միությունը ուշադիր հետեւում են Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց շուրջ իրավիճակին եւ կոչ են անում նրանց ազատ արձակել երկու երկրների միջեւ ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում։ «Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության եւ բարգավաճման տարածք։ Եվրոպական Միությունը կարող է դեր խաղալ՝ նպաստելով սահմանների բացմանը, տարածաշրջանի ապաշրջափակմանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության։ Հենց այս պատճառով մենք կոչ ենք անում հարգել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ խաղաղության գործընթացի եւ խաղաղության պայմանագրի շրջանակներում, որը պետք է այսուհետ կնքվի երկու երկրների միջեւ»,- հավելել էր Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարը։

Պաշտոնական Բաքուն անմիջապես արձագանքեց Փարիզի վերոնշյալ հայտարարությանը: Ադրբեջանի արտգործնախարարությունից կտրականապես հերքեցին Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե Բաքուն նոր նախապայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Այխան Հաջիզադեն պնդել էր, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը նոր չէ, այն քննարկվել է ավելի քան երկու տարի, եւ դրա լեգիտիմությունը կասկածի տակ դնելն անընդունելի է։ «Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը, ինչպես որ հայտարարում է, ապա պետք է կոչ անի Հայաստանին համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

Իսկ Ռուսաստանի իշխանությունների կողմից երբեւէ հնչե՞լ է ի պաշտպանություն Հայաստանի որեւէ հայտարարություն… Հետաքրքրական էր փաստը, որ փետրվարին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում հայտնվել էր քննադատության թիրախում: «Ռադիոլուրին» տված հարցազրույցում դեսպան Օլիվյե Դըկոտինյին ասել էր. «Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետեւաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը», – ասել էր Օլիվիե Դըկոտինյին:

Հայաստանում, իհարկե, իրավացիորեն դեսպանին հրապարակավ որոշ փաստեր հիշեցրեցին, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերապահում է եղել, որով եւ Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել է Ալմա Աթայի հռչակագիրը: Ըստ այդմ՝ Անկախ պետությունների համագործակցությունը բաց է նաեւ ԽՍՀՄ նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե: Իսկ Արցախը մինչեւ Ալմա Աթայի հռչակագրի ստորագրումը՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին արդեն Անկախության հանրաքվե էր անցկացրել եւ հռչակել իր անկախությունը: Ի դեպ, Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ ընդհանրապես այս փաստաթղթի կողմ չի եղել եւ դրան միացել է միայն 1993-ին:

Բացի այդ, մինչեւ 2018թ. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հրապարակվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ստորագրված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարների կողմից, այդ թվում եւ՝ Ֆրանսիայի: Սա եւս կարեւոր հանգամանք է, որը դեսպանները պետք է հաշվի առնեն:

Սակայն, միեւնույն ժամանակ, փաստ է նաեւ, որ Բաքվի, Մոսկվայի եւ հայաստանյան ընդդիմադիրների մի հատված` ընդդեմ Ֆրանսիայի ժամանակ առ ժամանակ համակարգված, սինքրոն գործունեություն են ծավալում: Կարծես մեկ հրահանգով` հայաստանյան ընդդիմադիրները շտապում են սոցիալական ցանցում իրենց գրառումներով «Ֆրանսիային իր տեղը ցույց տալ», մամուլի ակումբերում «դեմքի լուրջ արտահայտությամբ» նույնական մտքեր են կրկնում: Նույն գիծն ընդդեմ Ֆրանսիայի ու նախագահ Մակրոնի իրականացվում է նաեւ Ադրբեջանում, ինչպես նաեւ` ռուսաստանյան հակաքարոզչությունն է նույնական:

Ուշագրավ է փաստը, որ հայաստանյան ընդդիմադիրներին չանհանգստացրեց ու չմտահոգեց փաստը, երբ անցյալ տարի օգոստոսին Ռուսաստանի արտգործնախարարն ուղիղ տեքստով Երեւանին մեղադրեց Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ՝ նշելով, թե այն դժվար է հասկանալ: «Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը եւ կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի՝ Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը», – ասել էր Սերգեյ Լավրովը ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա պնդել էր, որ եռակողմ հանդիպումների եւ փաստաթղթերի շրջանակում դրված հիմքն ամբողջովին պահպանում է իր ակտուալությունը, բայց ոչ մի բառ չի ասել եռակողմ փաստաթղթերի մյուս բոլոր կետերը պահպանելու կամ չպահպանելու մասին։ Ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը Լավրովի տված հարցազրույցի հենց այս հատվածն էր ՌԴ ԱԳՆ-ը հրապարակել իր կայքէջում:

Հետեւաբար, հարց հայաստանյան ընդդիմադիրներին` նրանք կո՞ղմ են, որպեսզի «Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաների» հարցում Հայաստանի իշխանությունն իրագործի Մոսկվայի պահանջները, այն է` «միջանցքը» վերահսկի ռուսական կողմը…

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Լավրովին ընդամենը պետք է հասկացնել որ ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը Ազգային Ժողովն է եւ ոչ վարչապետը եւ որ միջազգային ցանկացած պայմանագիր պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից՝որպեսզի իրավական ուժ ստանա։Մյուս կողմից՝ՌԴ-ն երբեք թույլ չի տա եվրոմիությանմուտք կենտրոնական ասիա….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930