Արցախն այս իշխանության կոկորդին է մնացել անգամ վիրտուալ տիրույթում: Պարզվում է՝ Արցախի էթնիկ զտումից ամիսներ անց Հայաստանի ԱԱԾ-ն փակել է Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ ԱԺ-ի, կառավարության, նախագահի, ԱԳՆ-ի, ՊԲ-ի եւ այլ կառույցների պաշտոնական կայքերը, որոնք գրանցված են եղել հայկական դոմեյնում: Արցախի տեղեկատվական շտաբից նախօրեին լրատվամիջոցներին հայտնել էին, որ պաշտոնական կայքէջերը ՀՀ ԱԱԾ-ն փակել է 2024 թ. փետրվարին: Արցախին վերաբերող բաժինները հեռացվել են նաեւ ՀՀ պետական մարմինների կայքէջերից: ԱԳՆ կայքում թեեւ «Լեռնային Ղարաբաղ» բաժինը կա, բայց չի բացվում, գրում է. «Անհնար է կատարել հարցումը, խնդրում ենք վերաբեռնել էջը»:
Իհարկե, Արցախի նկատմամբ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը նկատի առնելով, չենք զարմանում, բայց սա եւս մեկ ցուցիչ է, թե ինչպես է այս իշխանությունը ծառայում Ադրբեջանին ու սարսափում Ալիեւից, որ փորձում է ջնջել Արցախի հետքը՝ մի ամբողջ պետության պատմությունն ու արխիվը: «Արցախի պետական ինստիտուտների դեմ այս արշավը նորություն չէ, եւ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո դա է ՀՀ իշխանությունների պաշտոնական մոտեցումը: Առաջին իսկ օրվանից, երբ մենք եկանք Հայաստանի Հանրապետություն, եւ հարաբերությունները պահպանելու փորձեր արվեցին՝ կարեւոր հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելու, տեսանք, որ մոտեցումն այն է, որ որեւէ շփում, որեւէ հարաբերություն Արցախի պետական ինստիտուտների հետ ՀՀ իշխանությունները չեն ուզում ունենալ եւ համարում են, որ այդ ինստիտուտները գոյություն չունեն: Սա թաքուն երեւույթ չէ, սրա մասին հայտարարել են հենց իրենք, եւ հատկանշական է, որ Արցախի լուծարման մասին, այսպես կոչված, հրամանագիրը մատնանշում են հենց ՀՀ իշխանությունները, դա դարձնելով պատրվակ՝ Արցախից հրաժարվելու եւ Արցախի էջը փակելու իրենց քաղաքականության համար»,- «Հրապարակ»-ին ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ սեպտեմբերյան իրադարձություններից հետու Հայաստանի պետական մարմինները, որոնք մինչեւ տեղահանությունը համագործակցել են իրենց հետ, այլեւս դադարել են պատասխանել անգամ հեռախոսազանգերին, բացառությամբ ՀՀ ՄԻՊ-ի, որի հետ Ստեփանյանն աշխատել է:
Ինչ վերաբերում է Արցախի պետական ինստիտուտների կայքէջերին, մեր զրուցակիցը նկատում էր, որ արդեն 2023 թ. վերջից որոշ կայքեր՝ ԱՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, արգելափակվել են, իսկ 2024-ի սկզբից՝ մյուս գերատեսչություններինը: Անգամ Արցախի ՄԻՊ-ի կայքն է որոշ ժամանակ արգելափակված եղել, բայց այն հաջողվել է փրկել: «Մենք կարողացանք տնօրինությունը հատուկ մարմիններից վերցնել եւ կառավարել կայքը, ճիշտ է` հիմա վիզուալ առումով որոշ խնդիրներ կան, բայց դրանք ծրագրավորման հետ են կապված, եւ կարծում եմ` կարճ ժամանակ անց կլուծվեն»,- ասում է Ստեփանյանը եւ հավելում, որ, բարեբախտաբար, ռազմավարական նշանակության պետական մարմինների կայքէջերի ինֆորմացիան սփյուռքի ջանքերի շնորհիվ հաջողվել է արխիվացնել, թեեւ կայքերը փակված են:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում