Հայկ Մկրտչյան
Սոցիալական ծառայությունների փորձագետ,
Հարբժշկական Հայկական Ասոցիացիայի նախագահ
Կարդացեք նաև
- Որպես նախաբան և ուղերձ
Յուրաքանչյուր հասարակության դիմակայունությունն ու արժեհամակարգային ամրությունը չափվում են նրանով, թե ինչպես է այն արձագանքում իր ամենախոցելի անդամների կարիքներին։ Արցախի հայության հետ պատահածը փորձություն է ոչ միայն այս անձանց, այլ նաև ողջ երկրի համար։ Եթե որպես պետություն և հասարակություն կարողանանք կառուցել մեխանիզմներ, որոնք մարդու արժանապատվությունը դնում են քաղաքականության կենտրոնում, ապա մենք ոչ միայն կարձագանքենք ճգնաժամին, այլև կվերածենք այն հնարավորության՝ բարեփոխելու և ամրապնդելու մեր սոցիալական համակարգը։ Այս ճգնաժամը կարող է դառնալ հնարավորության պատուհան՝ ոչ միայն արցախցիների, այլև ողջ Հայաստանի սոցիալական արդարության ինստիտուցիոնալացման համար։ Կարևոր է, որ պետությունն այսօր իր ընտրած ուղին որոշի ոչ թե միայն ռեսուրսներով, այլ արժեհամակարգով։ Այդ ճանապարհը երկար է, բայց անանցանելի չէ՝ եթե առաջնորդվենք պատասխանատվությամբ, մասնագիտականությամբ և համերաշխությամբ։
- Արցախի մեր հայրենակիցները․
Հայաստանում բռնի տեղահանված անձանց սոցիալական պաշտպանության հարցը, հատկապես 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները ստիպեցին մոտ 100,000 արցախցիների լքել իրենց բնակավայրերը, նոր խորություն ստացավ։ Սակայն սա առաջին դեպքը չէր։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ևս հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տները՝ հիմնականում Հադրութից, Շուշիից և հարակից համայնքներից։ Այս բնակչության զգալի հատվածը մինչ այժմ շարունակում է գտնվել սոցիալական ծանր պայմաններում, իսկ պետական արձագանքը՝ չնայած որոշ քայլերի, դեռևս որակական փոփոխություններ չի բերել՝ լիարժեք և արդյունավետ չէ, այդ թվում՝ այս ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխանեցման առումով։
Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը կանգնած է սոցիալական քաղաքականության վերարժևորման կարիքի առաջ, որտեղ արցախցիների փորձառությունը դառնում է համակարգային մարտահրավեր և հնարավոր բարեփոխման ազդակ։
- Ի՞նչ է արվել մինչ այժմ․
- Կառավարությունը ընդունել է տեղահանված անձանց բնակության վարձի, կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը, որով՝ ըստ պաշտոնական տվյալների, արցախցիներին տրամադրվել է ամսական աջակցություն՝ բնակարան վարձելու նպատակով, որոնք հետագայում խիստ սահմանափակվել են։
- Գործարկվել են նաև բնակարանի ձեռքբերման ծրագրեր, որոնց շրջանակում խրախուսվել է հատկապես արցախցիների վերաբնակեցումը սահմանամերձ համայնքներում։ Սակայն սա հոգեբանական առումով կարող է ավելացնել լարվածությունն ու անապահովության զգացումը՝ հաշվի առնելով նրանց վերապրած պատերազմական փորձառությունը։
- 2020 թվականի պատերազմից հետո ևս որոշ կարճաժամկետ աջակցության ծրագրեր են գործարկվել, սակայն դրանք շատ հաճախ չեն շարունակվել հաջորդ փուլում։
- Մի շարք միջազգային և տեղական ՀԿ-ներ իրականացրել են անհատական օգնություն, հոգեբանական աջակցության ծառայություններ, երեխաների ինտեգրման նախաձեռնություններ, սոցիալական աջակցության այլ տեսակներ, որոնց արդյունավետությունը գնահատված չէ։
- Կային խոստումներ զբաղվածության, կրթության հասանելիության, առողջապահության և հանրային ծառայությունների ոլորտում հատուկ մեխանիզմների ստեղծման մասին, սակայն դրանց արդյունավետությունը բարձր չէ։
- Սակայն ինչն է խիստ թերի․
Այս ծրագրերը հիմնականում կարճաժամկետ բնույթ են կրել և չեն հիմնել կայուն ինտեգրման ուղիներ։
- Հոգեկան առողջության ոլորտում համակարգված մոտեցում չի մշակվել, չնայած այն հանգամանքին, որ պատերազմի և բռնի տեղահանման ենթարկված անձինք ունեն տրավմայի բարձր ռիսկեր։ Արցախի բնակչության շրջանում հոգեբանական վիճակի վրա անդրադառնում է նաև այն փաստը, որ Բաքվում ընթանում է կեղծ դատավարություն Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, և Հայաստանը գործուն ու արժանապատիվ քայլեր չի ձեռնարկում՝ պաշտպանելու նրանց իրավունքները։ Սա արցախցիների մոտ արդարության զգացման կորստի նոր աղբյուր կարող է դառնալ։
- Աշխատաշուկայում արցախցիների ներառման ծրագրերը ցաքուցրիվ են եղել, չեն եղել մեկ համակարգի մեջ, իսկ աջակցությունը՝ երբեմն ձևական։
- Կրթական համակարգը պատրաստ չէ եղել ընդունելու մեծ քանակով երեխաներ, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին։
- Տեղահանվածների մեծամասնությունը զրկված է եղել անհատական աջակցություն տրամադրող մասնագետների ծառայություններից՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ կամ ինտեգրման խորհրդատուներ։
- Համայնքային սոցիալական ծառայությունները Հայաստանում բավարար զարգացած չեն։ Թեև համայնքներն են հաճախ առաջին պատասխանատուն աջակցություն ցուցաբերելու հարցում, սակայն դրանք չունեն բավարար ֆինանսավորում, մարդկային ռեսուրսներ և գործիքակազմ՝ արդյունավետ միջամտելու համար։
- Շատ դեպքերում պետությունն անգամ չունի ամբողջական և ժամանակին թարմացվող տվյալներ այն մասին, թե տեղահանվածներն ինչպես են տարածվել Հայաստանի տարբեր մարզերում կամ համայնքներում։ Այս տվյալների ժամանակավրեպ լինելը խոչընդոտում է թե՛ պլանավորումը, թե՛ նպատակային ծառայությունների տրամադրումը։
- Արցախցիների համար փաստաթղթերի կորուստը և կարգավիճակի անորոշությունը դարձել են խոչընդոտ բազմաթիվ ծառայություններից օգտվելու համար։ Արցախում ունեցած փաստաթղթերը հաճախ չեն ճանաչվում ՀՀ-ում, և մարդիկ ստիպված են նորից անցնել բարդ և երբեմն անհասկանալի գործընթացներ՝ նույն իրավունքներն ու արտոնությունները ստանալու համար։ Սա հակասում է միջազգային լավագույն փորձին, որի համաձայն՝ կարգավիճակային անցումներում պետք է լինեն պարզեցված ընթացակարգեր և պետական ուղեկցող մեխանիզմներ։
- Արցախցիների տեղափոխումը, որպես գործընթացի կարևոր բաղադրիչ
Հայաստանի Հանրապետություն. կազմակերպում, դժվարություններ և բացթողումներ 2023-ի սեպտեմբերին, Արցախի դեմ իրականացված լայնածավալ և անհավասար ռազմական գործողություններից հետո, մոտ 100,000 արցախցի ստիպված եղավ լքել հայրենի բնակավայրերը։ Մինչ այդ, նրանք արդեն շուրջ ինը ամիս շրջափակման պայմաններում էին՝ զրկված լինելով սննդից, դեղորայքից, ազատ տեղաշարժից և կենսական ռեսուրսներից։ Արցախի բնակչության զանգվածային տեղաշարժը դեպի Հայաստան գրեթե ամբողջությամբ տեղի ունեցավ ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Շատերն անցան ավելի քան 30 ժամ խցանումների և անհարմարությունների միջով, հոգեբանական ծանր վիճակով և ֆիզիկական սպառվածությամբ։
Հայաստանի պետական և հասարակական համակարգը արձագանքեց արտակարգ իրավիճակին՝ կազմակերպելով ընդունման կետեր, ժամանակավոր կացարաններ, սննդի, հիգիենիկ պարագաների ու բուժօգնության տրամադրում։ Քաղաքացիական հասարակությունն ու կամավորականները էական դերակատարություն ունեցան ճգնաժամային օգնության տրամադրման հարցում։ Սակայն պետք է արձանագրել, որ այս արձագանքը հիմնականում եղել է կարճաժամկետ բնույթի։ Բազմաթիվ խնդիրներ մնացին չլուծված՝ սկսած երկարաժամկետ կացության հարցից մինչև մասնագիտացված աջակցություն ստանալու հնարավորությունը։ Պետությունն չունեցավ ճգնաժամին նախապատրաստվածություն, չկային համաչափ արտակարգ պլաններ՝ նման ծավալի մարդահոսքի ընդունման և ինտեգրման համար։
- Միջազգային ստանդարտների համեմատականը
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակը (UNHCR) և «Տեղահանված անձանց իրավունքների միջազգային ուղեցույցները» (Guiding Principles on Internal Displacement) հստակ սահմանում են բռնի տեղահանված անձանց աջակցման շրջանակները, որոնց հիմնական ուղղություններն են:
- Անմիջական կենսապահովման ապահովում՝ սնունդ, կացարան, հիգիենա
- Իրավական պաշտպանություն և փաստաթղթավորման պարզեցված ընթացակարգ
- Հասանելիություն առողջապահական, կրթական և սոցիալական ծառայություններին
- Հոգեսոցիալական աջակցություն և համայնքային ինտեգրում
- Հավասար մոտեցում՝ խտրականությունից զերծ սկզբունքը ապահովելով
Այս բոլոր ուղղություններով արցախցիների դեպքում կան լուրջ բացեր։ Շատ ընտանիքներ դեռ ապրում են ժամանակավոր պայմաններում, առանց սոցիալական աշխատողի ուղեկցության կամ անհատական պլանավորման։
- Արցախցիների սոցիալական աջակցության վիճակը (փաստեր, խնդիրներ, իրավիճակ)
- Ըստ որոշ գնահատականների՝ արցախցիների միայն մոտ 60-70%-ն է ստացել ժամանակին նախատեսված պետական աջակցությունը։
- Շատ ընտանիքներ փաստացի բաժանվել են՝ ապրելով տարբեր մարզերում, ինչը հոգեբանական և սոցիալական լուրջ հետևանքներ է ունեցել։
- Մտահոգիչ է արցախցի հաշմանդամություն ունեցող երեխաների ու տարեցների առողջապահական ծառայություններին հասանելիության խնդիրը։
- Ոչ բոլոր համայնքներում են գործել ինտեգրման ծրագրեր, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները շատ դեպքերում սահմանափակ են եղել։
- 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածները տարիներ շարունակ դուրս են մնացել սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից։ Նրանք չեն ստացել երկարաժամկետ բնակարանային լուծումներ, կրթության և աշխատանքի կայուն հնարավորություն կամ հոգեսոցիալական վերականգնման ուղղվածություն։
- Արձանագրվում են նաև աճող սոցիալական բողոքի ձևեր։ 2024-2025 թվականների ընթացքում մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ և բռնի տեղահանվածների խմբեր կազմակերպել են բողոքի ակցիաներ՝ բնակարանային, առողջապահական և սոցիալական ապահովության բացերի վերաբերյալ։
- Չկան համակարգված տվյալներ՝ արցախցիների բնակության, աշխատանքի, կրթության կամ առողջապահության ներկայության վերաբերյալ։ Այս բացը խոչընդոտում է նպատակային միջամտությունները։
- Երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է դիտարկել նաև կրթական և մասնագիտական ուսուցման բաղադրիչը՝ որպես կայունության և արժանապատիվ կյանքի հիմք։ Արցախի բազմաթիվ երեխաներ և դեռահասներ ընդհատել են կրթությունը, իսկ շատ մեծահասակներ կորցրել են աշխատանքային հմտությունները կամ չեն կարողանում կիրառել դրանք նոր միջավայրում։ Ուստի պետք է ներդրվեն մատչելի և որակյալ մասնագիտական կրթության ծրագրեր՝ հաշվի առնելով տեղահանվածների տարբեր փորձառություններն ու կարողությունները։
- Բնակարանային ապահովման ծրագրերում ևս պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել անհատական կարիքներին։ Արցախցիների մի մասը քաղաքային բնակավայրերից է, մյուս մասը՝ գյուղական։ Ըստ այդմ պետք է ձևավորվեն բազմազան մոդելներ՝ բնակարանների տրամադրման կամ բնակության պայմանների ստեղծման հարցում։
- Խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիությունը, հատկապես տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, լուրջ խնդիր է։ Արցախում այս խմբերը հաճախ օգտվել են համայնքի սերտ կապերից և չձևակերպված խնամքի մոդելներից։ Սակայն ՀՀ-ում այս ծառայությունները պահանջում են բյուրոկրատական ընթացակարգեր, որոնք չեն հարմարվում մշակութային այն առանձնահատկություններին, որոնք ձևավորվել են Արցախում։ Պետական քաղաքականությունը պետք է հաշվի առնի նաև այս հանգամանքները՝ նոր մոդելներ ձևավորելու և բյուջետային միջոցները դրանց համապատասխանեցնելու ուղղությամբ։ Հատկապես կարևոր է պարզել՝ արդյոք այս խմբերի աճը ուղեկցվել է պետական ֆինանսավորման մեծացմամբ։
Այսպիսով պետք է փաստել, որ պետական աջակցության ծրագրերը հիմնականում սահմանափակվել են միանվագ փոխհատուցումներով, որոնք չեն կարող երկարաժամկետ կայունություն ապահովել։ Բացի այդ, որոշ մարզերում նկատվում է աջակցության ծրագրերի անհավասար բաշխում, ինչը խոչընդոտում է հավասար հնարավորությունների ապահովմանը։
- Մարդը` որպես սոցիալական արդարության օբյեկտ
Այս ամենի ֆոնին՝ տեղահանված անձանց անձնական պատմություններն ու ապրումները հիշեցնում են մեզ, որ վիճակագրության հետևում իրական մարդիկ են՝ իրենց տներով, հիշողություններով ու կորստով։
• «Մեր տունը Հադրութում ինքներս էինք կառուցել։ Ամեն պատի մեջ հորս ձեռքերն էին… հիմա վարձով ենք Գյումրիում, չգիտեմ՝ երբևէ նորից տուն կունենա՞մ։» — Մարինե Ա., 34 տ., երեք երեխաների մայր • «Երեխաս դեռ չի խոսում։ Երեք տարեկանում պետք է սկսեր մանկապարտեզ գնալ Ստեփանակերտում, բայց հիմա մենակ է՝ անծանոթ վայրում, առանց ընկերների ու աջակցության։» — Գագիկ Ս., 38 տ., ժամանակավոր կացարանում բնակվող հայր • «Ինձ թվում է՝ մեզ մոռացել են։ Ոչ մեկը չի գալիս հարցնի՝ ոնց ենք ապրում, ինչի կարիք ունենք։ Լավ է՝ հարևաններն օգնում են…» |
Արցախցիների ճակատագիրը միայն քաղաքական կամ վարչական հարց չէ։ Դա հուզական, մարդկային պատմություն է՝ արժանապատվության, հիշողության և ապրելու իրավունքի մասին։
- Ի՞նչ է անհրաժեշտ անել
- Հայաստանի կառավարությունը պետք է որդեգրի ռազմավարական մոտեցում՝ հիմնված հետևյալ ուղղությունների վրա։
- Մշակել երկարաժամկետ քաղաքականություն բռնի տեղահանվածների համար՝ առանձնացնելով արցախցիների կարիքները։
- Ստեղծել ինտեգրված աջակցության համակարգ, որտեղ միևնույն անձը միաժամանակ կստանա իրավական, սոցիալական և հոգեբանական աջակցություն։
- Իրականացնել տվյալահեն պլանավորում՝ իրական կարիքների գնահատմամբ Համայնքային մակարդակում ներգրավել ինչպես տեղահանված, այնպես էլ ընդունող համայնքի բնակիչներին՝ ինտեգրման համար։
- Տեղահանված անձանց հետ աշխատելու համար մասնագիտացված վերապատրաստում տրամադրել հանրային ծառայությունների մասնագետներին՝ ներառյալ սոցիալական աշխատողներին, ուսուցիչներին, բժիշկներին, և այլն։
- Ապահովել բոլոր սոցիալական ծառայությունների համակարգային հասանելիություն՝ բացառելով բյուրոկրատիան և խտրական մոտեցումները
- Նախատեսել բռնի տեղահանվածների համար սոցիալական բոլոր ծառայությունների ապահովման հատուկ «ճանապարհային քարտեզ»՝ հստակեցնելով միջգերատեսչական պատասխանատվությունները և քայլերի հաջորդականությունը։
- Հաշվի առնել տեղական մշակութային առանձնահատկությունները՝ հատկապես Արցախի բնակչության շրջանում ձևավորված սպասումները սոցիալական ծառայությունների մատուցման վերաբերյալ։
- Բնակարանային (ընդհանրապես բոլոր) ծրագրերում ապահովել ճկունություն՝ համաձայն անհատական կարիքների, գյուղաբնակ և քաղաքաբնակ խմբերի տարբերությունների հիման վրա։
- Առաջարկել աջակցող ծառայությունների զարգացման մոդելներ՝ հատկապես հաշմանդամություն ունեցող և խնամք պահանջող անձանց համար՝ հնարավորության սահմաններում տեղայնացնելով համայնքային խնամքի մոդելները։
- Զարգացնել սոցիալական տեղեկատվական համակարգերը՝ ապահովելով Արցախից տեղահանվածների տվյալների ժամանակին թարմացումը և տարբեր պետական համակարգերի համադրված աշխատանքը։
- Բոլոր վերը նշված գործողություններում ներառել Արցախցիներին՝ մասնակցայնության բարձ և իրական մակարդակ ապահովելով։
Արցախցիների խնդիրները չեն կարող դիտարկվել ընդամենը որպես մի առանձին ճգնաժամային միջադեպ։ Այս խնդիրը բացահայտում է Հայաստանի սոցիալական համակարգի կառուցվածքային խոցելիությունները։ Եթե կառավարությունը նպատակ ունի ստեղծել ներառական, արդար և մարդակենտրոն պետություն, ապա բռնի տեղահանվածների, հատկապես արցախցիների սոցիալական աջակցությունը պետք է դիտարկվի որպես գերակայություն։ Ավելին, կարևոր է հանրային խոսքում և պետական քաղաքականության մեջ հետևողականորեն բացառել արցախցի-հայաստանցի տարանջատումը։ Այս բաժանումը հակասում է ազգի համախմբվածության գաղափարին և կարող է խորացնել սոցիալական լարվածությունը։ Ուստի կառավարության ջանքերը պետք է լինեն ոչ միայն կազմակերպված և փաստահեն, այլև ունենան հստակ սոցիալական արդարության հիմք՝ միաժամանակ հասարակության ներսում խթանելով միասնականության և սոցիալական համերաշխության մշակույթը։