Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի հերթական դասախոսությանը, որը տեղի ունեցավ ապրիլի 8-ին՝ Մատենադարանում, հրավիրված էին նախապես առցանց հայտեր լրացրած ՀՀ քաղաքացիները` Երեւանից եւ մարզերից։ Ես էլ էի հայտ ներկայացրել եւ «երջանիկների» թվում էի: Դահլիճ ներս թողնելուց առաջ նախ ներկաներին խուզարկեցին՝ անցկացնելով մետաղորսիչի միջով, վերցրին բջջայինները` նկարելն ու ձայնագրելն արգելված էին, նաեւ՝ ժամացույցները։ Աննա Հակոբյանի պահանջն է, որ ներկաները չնայեն ժամացույցին։ Հավանաբար, կարծում է, որ իրեն տեսնելը երջանկություն է, իսկ երջանիկները ժամեր չեն հաշվում։
Առհասարակ այն, ինչ փորձում էին հաղորդել լսարանին Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ոչ թե գիտելիք է, այլ մոտիվացիոն պոստուլատներ այն մասին, թե ինչպիսին է պետք լինել։ «Մարդը վատ է ապրում՝ ոչ թե որովհետեւ քիչ է վաստակում, այլ որովհետեւ քիչ է վճարում պետբյուջե»,- ներշնչում է վարչապետը հավաքվածներին։
Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի
Մի ուսանող աղջնակ հարցրեց, թե ինչ հույս ունենանք, որ սահմանազատման ավարտից հետո մեր անվտանգությունը չի խաթարվի։ Փաշինյանն ասաց, որ նույն անվտանգային հարցերը ծագում են Իրանի, Թուրքիայի բնակիչների գլխում, որոնք ասում են՝ մեր հարեւանը` հայերը, առավոտից երեկո մեր հողերն են ուզում` Կարսն ու Վանը, Վրաստանի բնակիչների գլխում են ծագում։ «Ինչպես աղքատությունն է մեր գլխում, այնպես էլ անվտանգությունն է մեր գլխում։ Ես այստեղից նայում եմ, մի բան եմ տեսնում, տանիքից եմ նայում՝ բոլորովին այլ բան է երեւում»։
Կարդացեք նաև
Արդյո՞ք Փաշինյանը կցանկանար դառնալ վարչապետ, եթե իմանար, թե ինչ արհավիրքներ են պատուհասելու Հայաստանին իր կառավարման տարիներին՝ աղջնակի մյուս հարցին Նիկոլը պատասխանեց․ «Այո։ Ես չեմ ունեցել բավարար կրթություն, թե չէ այս ամենի մասին կմտածեի 2018 թվականին։ Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի»։
Մի պահ խոսեց ռազմահայրենասիրական դաստիարակության մեթոդներից, որոնք ինքը չի ընդունում, մասնավորապես այն, որ զորամասերում խաչեր ու տերտերների նկարներ են կախված, որ զինվորի գրպանում պետք է ոչ թե Վարդան Մամիկոնյանի նկարը լինի, այլ՝ իր մոր։ «Մտնում ես զորամաս, բանակը վերածել են եկեղեցու։ Քիչ է մնում՝ զինվորների վզին խաչեր կախեն, ուղարկեն մեռնելու»,- ասում է նա։
Նոյեմբերի 9-ն էլ հիշեց, երեւի դա էլ վարչապետի գլխից դուրս չի գալիս։ «Հենց որ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրեցի, պարզվեց, որ բոլորը գնում են ճակատամարտի։ Բա մինչեւ էդ ո՞ւր էին»,- հարցրեց Փաշինյանը, ու մի կին դահլիճից բղավեց, թե այդ փաստաթղթի շնորհիվ իր որդին ողջ է։ «Իմ 2 տղաներն են հետ եկել»,- գոռաց մյուսը տեղից, ու բոլորը ծափ տվեցին։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: