Գերատեսչությունների ղեկավարները 2025 թվականի հունվար, փետրվար եւ մարտ ամիսների ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները:
Նրանք են՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը:
«Պատվավոր» տասնյակից ներկայացնենք, թե ինչու է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այդ ցուցակում:
2025 թ. մարտի 21-ին News.am լրատվական կայքի լրագրող Թագուհի Մելքոնյանը ՀՀ դատախազություն է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2023 թ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախաձեռնությամբ եւ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, արդյոք 2024 եւ 2025 թթ. ընթացքում ռուսական կողմը, ՀՀ դատախազը կամ այլ միջնորդ երկիր հանդես եկե՞լ է երեք երկրների գլխավոր դատախազների կամ Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների երկկողմ ձեւաչափով նոր հանդիպում կազմակերպելու առաջարկով: Լրագրողը նաեւ հարցրել է, արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ռուս գործընկերոջը նման հանդիպում նախաձեռնելու առաջարկով, հստակեցնել, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազը մինչ օրս դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին Բաքվում պահվող հայ գերիների հարցով, իսկ ՌԴ գլխավոր դատախազին՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանության կամ նրանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցում ՌԴ գործընկերոջ աջակցությունը ստանալու համար: Դատախազությունը, սակայն, այս 4 հարցից բաղկացած գրությանը պատասխանել է մեկ նախադասությամբ՝ «Ի պատասխան մարտի 21-ի գրության՝ հայտնում եմ, որ Ձեր կողմից նշված եռակողմ հանդիպման ողջ տեղեկատվությունը առկա է ՀՀ դատախազության կայքում» եւ տրամադել ակտիվ հղում, որը տանում է լրագրողի կողմից նշված հանդիպման մասին պատմող տեղեկատվական նյութին։ ԻԱԿ-ի հետ խորհրդակցելուց հետո լրագրողը մարտի 24-ին ուղարկել է նաեւ կրկնակի հարցում, որին, սակայն, դատախազությունը պատասխանել է նույնաբովանդակ գրությամբ։ ԻԱԿ-ը պատասխանները որակել է անհիմն։
Կարդացեք նաև
Մեկ այլ հարցում էլ՝ փետրվարին «Ինֆոքոմ» լրատվական կայքի լրագրող Միլենա Խաչիկյանը մասնակցել է մի դատական նիստի, որը վերաբերում էր 10 տարի առաջ կատարված սպանությանը։ 9 տարի դատարանում քննվելուց հետո գործը քննող դատավորի փոփոխություն է տեղի ունեցել, եւ նոր դատավորը որոշել է գործի քննությունը սկսել սկզբից։ Նիստի ընթացքում հանրային մեղադրող Տաթեւիկ Ղուկասյանը հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։ Քանի որ դատական նիստի ավարտին եւս մեղադրողը հրաժարվել է առանց համապատասխան թույլտվության պատասխանել լրագրողի հարցերին, «Ինֆոքոմը» նախ փորձել է դատախազության հանրային կապերի բաժնի միջոցով հանդիպում կազմակերպել, ապա 2025 թ. փետրվարի 13-ին ուղարկել է տեղեկություն ստանալու հարցում։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ լրագրողը դիմել է Դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից խոստացել են պատասխանն ուղարկել մինչ փետրվար ամսվա վերջ՝ ուշացումը պայմանավորելով տեխնիկական խնդրով, սակայն այդպես էլ չեն արձագանքել։
«Առավոտ» օրաթերթ
11.04.2025