Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մենք այստեղ ենք, որովհետեւ հավաքվել է արցախահայությունը: Վաղը այս նույն տեղում լինելու է Վարդենիսի, Ջերմուկի հայությունը

Ապրիլ 12,2025 19:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբում հանդիպում-քննարկումներ են սկսվել հասարակության ներկայացուցիչների հետ: Քննարկվում են արցախցիների խնդիրների լուծման ուղիներն ու հետագա անելիքները: Քննարկմանը ներկա էին «Համահայկական ազգային միասնական խորհուրդ»-ի անդամ Ալբերտ Բազեյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Նաիրի Հոխիկյանը և այլք։

Առաջարկ եղավ, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ ՀՀ կառավարությանը ներկայացված պահանջագրի 12 կետերը շատանան: Մասնավորապես, Արցախի հարցը պետք է դիտարկել միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչի մասին կառավարությունը, պաշտոնյա անձինք քիչ են խոսում: Անհրաժեշտ է Արցախի ինքնորոշման լեգիտիմությունը ոչ թե նեղացման, այլ ընդլայնման եւ միջազգային հանրության իրազեկման ճանապարհով տանել:

Խոսվեց հասարակական սեկտորի պայքարի մասին: Եթե ասվում է իշխանություն, որը գնում է կամայական, հաճախ՝ հանցավոր անգործության, հաճախ՝ հանցավոր գործողությունների ճանապարհով, այդ չեղած իշխանությունը լեգիտիմացվում է: Խորը, արմատական առումով իշխանություն չկա: Կան իշխանություն կրող անձինք, որոնք այդ ինստիտուտից դուրս ենթարկվում են մեկին, պաշտոններ են: Եվ երբ ասվում է իշխանություն, այդպես նրանք մոնոլիտացվում, ամրապնդվում են: Մինչդեռ, նրանց կապող մանր սարդոստայնային թելերը ընդամենը վարչական ռոսուրսներն են, նյութական շահը: Նաեւ չպետք է խուսափել իրավաբաններին խնդրել, նրանց գիտելիքները ծառայեցնել, որպեսզի նշված կետերի հանցակազմերով հայցեր, բողոքներ ներկայացվեն իրավապահ մարմիններ: Սա հասարակությունը կդարձնի ամուր, միասնական եւ կթուլացնի հակապետական մոտիվներով գործող կողմին:

 

«Ազգային նախագիծ» հ/կ հիմնադիր Արմեն Դավթյանը հանդես եկավ կոնկրետ առաջարկով: «Ես եկել եմ այստեղ ոչ թե արցախցիների, այլ հայ մարդու կողքին լինելու համար: Ես չեմ տարանջատում արցախցիներին, երեւանցիներին, վարդենիսցիներին: Այսօր մենք այստեղ ենք, որովհետեւ հավաքվել է արցախահայությունը: Վաղը այս նույն տեղում լինելու է Վարդենիսի, Ջերմուկի հայությունը: Մենք այսօր ունենք հայկական հիմնախնդիր: Ու որպեսզի կարողանանք հայ մարդու առջեւ ծառացած ցանկացած խնդիր լուծել, առաջինը այդ հարցը պետք է ներկայացնենք ազգային հարց: Այս գաղափարը որդեգրելով՝ ես դիմում եմ իրեն հայ համարող բոլորին ու յուրաքանչյուրին եւ նշանակություն չունի, թե նրանք որտեղ են: Ժողովուրդ, եթե մենք հայերով չենք կարողանում լուծել հայի առջեւ ծառացած խնդիրը, ոչ մի միջազգային իրավունք, ոչ մի միջազգային կառույց այդ հարցին պատասխան տալ չի կարողանալու:

Շատերն այս շարժումը համարում են սոցիալական: Բայց մենք գերիներ ունենք արդեն հինգ տարի: Որպեսզի այստեղ՝ Հայաստանում, Երեւանում այսօր մարդիկ կարողանան սրճարաններում նստել, նրանք գերության մեջ են: Դա գերխնդիրներից մեկն է հենց հայ մարդու համար, ոչ թե միջազգային իրավունքի, որն ամբողջ աշխարհը գիտի»:

 

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930