Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ցույց է անում ՀՀ արտգործնախարարության շենքի առջեւ՝ ներկայացնելով իրենց պահանջները։ Ցույցի մասնակիցները ԱԳՆ-ից պահանջում են կոնկրետ քայլեր իրականացնել արցախցիների հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, Միջազգային քրեական դատարան պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Ավելի վաղ, արցախցիներն իրենց այս պահանջներով նամակը փոխանցել էին ՀՀ կառավարությանը։
Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Եթե մենք ճնշում չենք գործադրում, չենք բարձրաձայնում մեր խնդիրների, մեր իրավունքների պաշտպանության մասին, շատերը թե ներսում, թե դրսում մեկնաբանում են, թե Արցախի էջը, այսպես ասած, փակված է, եւ բոլորը մարսել են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումն ու հայրենազրկումը։ Այս պարագայում, ի դեմս արտգործնախարարության, ՀՀ կառավարությունը համար մեկ պատասխանատուն է, որ Արցախի էջը չպետք է փակվի։ Եվ քանի կա Արցախի ժողովուրդ, կա նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր։ Եվ ՀՀ կառավարությունը համար մեկ սուբյեկտն է, որն այս ուղղությամբ շատ լուրջ անելիքներ ունի»։
Բեգլարյանը նշեց, որ ոչ մի էական սպասելիք չկա այս իշխանություններից, բայց բոլորը տեսնում են, որ հանրային ճնշումը որոշակի ազդեցություն կարող է ունենալ։
«Ես տարբեր երկրների դիվանագետների եմ հանդիպում, բոլորն էլ մեզ ուղիղ ասում են՝ ի՞նչ եք ուզում մեզանից, եթե Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում այդ հարցերը չկան։ Եվ սա բավականին տրամաբանական պատասխան է։ Դրա համար բոլորս պիտի գիտակցենք, որ առաջին հերթին մենք ՀՀ իշխանություններից ունենք պահանջներ, որպեսզի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավորման հարցերը լինեն արտաքին քաղաքական օրակարգում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք դրան զուգահեռ՝ միջազգային կառույցներից կամ կոնկրետ պետություններից պահանջներ ու ակնկալիքներ չպետք է ունենանք, զուգահեռաբար մենք պետք է այդ ուղղությամբ էլ աշխատենք»,- հավելեց Բեգլարյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ