Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական վանդալիզմ. բռնազավթված Արցախի Սարգսաշեն գյուղն՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է

Ապրիլ 14,2025 16:18

Ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում «Ադրբեջանի Հանրապետության» կողմից վարվող պետական մակարդակի նպատակաուղղված և համակարգված քաղաքականությունը աճում է եկրաչափական պրոգրեսիայով։ Ծանր շինարարական և ռազմական տեխնիկայի կիրառմամբ օրեցօր ընդլայնվում են հայաթափված բնակավայրերի և թաղամասերի լիակատար ավերման ծավալները։ Այս քաղաքականության հիմնական նպատակն է՝ ոչ թե պարզապես վերացնել հայ բնակչության ֆիզիկական ներկայությունը, այլ ամբողջությամբ ջնջել նրա նյութական, մշակութային և պատմական ժառանգության հետքերը՝ Արցախը վերաձևելով որպես «ազատագրված» տարածք ադրբեջանական նարատիվի համաձայն։

Սույն քաղաքականության հերթական զոհն է դարձել Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։ Արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ գյուղը, որը բռնազավթվել էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից 2020 թ․ սանձազերծած պատերազմի ընթացքում, 2021 և 2024 թվականների տվյալներով կրում էր լայնածավալ ավերածություններ, իսկ 2025 թ․ արբանյակային պատկերները վկայում են ամբողջական և համակարգված ավերման մասին։ Սարգսաշենը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է։

Սա մեկ օրինակ է Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարությունից։ Տասնյակ գյուղեր և քաղաքներ կամ ամբողջությամբ, կամ` մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով մշակութային, պատմական և քաղաքակրթական ժառանգության լիակատար ջնջում։ Այդ վայրերի թվում են՝ Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքն իր Ձորագյուղով։ Այս բոլոր բնակավայրերը ոչ միայն ֆիզիկապես են ոչնչացվում, այլ ջնջվում են նաև որպես մշակութային հիշողության կրողներ։

Այստեղ այլևս կասկածի տեղիք, որևէ եզր չկա. Արցախում կատարվում է ոչ միայն 21-րդ դարի, այլև մարդկության պատմության ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։ Խոսքը զուտ մարդկային զոհերի կամ պատերազմի ավերածությունների մասին չէ։ Խոսքը համակարգված, ծրագրավորված մշակութային ու քաղաքակրթական վերացման մասին է, որը պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում և արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին։

Հովիկ Ավանեսով

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930