Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական իրավախախտման արձանագրման 3 տարբերակ է առաջարկված. առանց վճարելու երթեւեկելը, այլ ուղեւորի արտոնության իրավունքի օգտագործումը, և երրորդը՝ երբ վճարում իրականացվել է, սակայն տրանսպորտային միջոցում վավերացում չի եղել

Ապրիլ 14,2025 16:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ համայնքի կողմից ներհամայնքային ուղեւորափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին: Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է՝ որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Վերոնշյալ օրենքով մանրամասն կարգավորված են տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:

Այս կարգավորումները Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում:

Հաշվի առնելով, որ Երեւան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն՝ առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել մեկ միասնական տեղական վճար սահմանելու հնարավորություն, ինչը թույլ կտա քաղաքացիներին վճարելով մեկ անգամ՝ իրենց հայեցողությամբ օգտվելու բոլոր տրանսպորտային միջոցներից:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար: Սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործուն մեխանիզմներ:

Հարցուպատասխանի ձեւաչափում փոխնախարարը մի շարք պարզաբանումներ է ներկայացրել: Նշվել է, որ վարչական իրավախախտման արձանագրման երեք տարբերակ է առաջարկված. առաջինը վերաբերում է առանց տեղական վճարը վճարելու երթեւեկությանը, երկրորդը՝ այլ ուղեւորի արտոնության իրավունքի օգտագործմանը, երրորդը՝ երբ վճարում իրականացվել է, սակայն այդ իրավունքի շրջանակում տրանսպորտային միջոցում վավերացում չի եղել: Արմեն Սիմոնյանը փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով անտոմս երթեւեկությունն առաջացնում է տուգանքի նշանակում: Զեկուցողի խոսքով երբ մասնավորն է իրականացնում երթուղում փոխադրումներ եւ հետապնդում բիզնես-շահ, ապա ինքն է վերահսկում, որ իր ուղեւորներն ունենան տոմսեր: Այստեղ նույնիսկ պետական վերահսկողության խնդիր չկա: Սա միջմարզային, ներմարզային փոխադրումներում, իսկ համայնքի դեպքում անկախ ձեւավորման ձեւից՝ սակագինը որոշում է ավագանին: Երբ ծառայությունը մատուցում է համայնքը, սահմանվում է տեղական վճար՝ որպես համայնքի կողմից իրականացվող ծառայություն, եւ դրա գանձման նկատմամբ սահմանվում են իրավախախտման տեսակներ:

Ընդդիմադիր որոշ պատգամավորներ դեմ են արտահայտվել նման կարեւոր հարցի հապճեպ քննարկմանն ու ընդունմանը: Նշվել է, որ նման կարգավորումներով քաղաքացիների իրավունքներն են սահմանափակվում:

Քանի որ վիճահարույց կետեր կան, աշխատանքային քննարկումներ կազմակերպելու առաջարկ է հնչել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ գրավոր առաջարկները եղել են տեխնիկական բնույթի, դրանք ընդունվել են: Նախարարի համոզմամբ փոփոխությամբ սոցիալական խնդիր ազգաբնակչության համար չի առաջանա:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ՀՀ հողային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն եղել. շտկվել են խմբագրական թերությունները: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930