Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք հուսահատվում, որովհետեւ վստահ ենք, որ առաջիկայում կլինեն հնարավորություններ՝ ապացուցելու եւ ցույց տալու, որ կարող ենք ավելին անել». ազատ ոճային ըմբիշները՝ Եվրոպայի առաջնության մասին

Ապրիլ 15,2025 15:07

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, օրերս Սլովակիայի մայրաքաղաքում ավարտված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ Արսեն Հարությունյանը, Արման Անդրեասյանը եւ բրոնզե մեդալակիր Վազգեն Թեւանյանը «Արմենպրես» լրատվական կենտրոնում ամփոփեցին իրենց մասնակցության արդյունքները:

Էդգար Ենոքյան

Էդգար Ենոքյանը նշեց, որ մարզչական շտաբն, ընդհանուր առմամբ, գոհ է մասնակցությունից, թեեւ թիմում մայրցամաքի նախորդ առաջնության երկու չեմպիոն կար: «Հուսով եմ, որ այսուհետեւ ավելի լավ կնախապատրաստվենք, որպեսզի մյուս մրցաշարերում նրանք ավելի լավ հանդես գան: Եվրոպայի առաջնությունից մեդալով վերադառնալը հեշտ բան չէ: Արսենը, Արմանը եւ Վազգենը հավասար պայքարում պարտվել են աշխարհի չեմպիոնների օլիմպիական մեդալակիրների ու շատ քիչ էր մնում, որ իրենք հաղթեին: Իսկ մյուսներից Մանվել Խնձրցյանը շատ մոտ էր մեդալին, սակայն նա էլ ինչ-ինչ պատճառներով պարտվեց: Մյուս տղաները առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների առաջնությանը: Վստահ եմ՝ մարզումների միջոցով ավելի կբարելավենք նրանց վիճակը եւ նրանք նույնպես լավ հանդես կգան»:

Էդգար Ենոքյանը նաեւ տեղեկացրեց, որ դեռ չեն հասցրել ամբողջական վերլուծել արդյունքները: Ընդամենը առայժմ զրուցել են տղաների հետ: «Մարզչական շտաբով ամենը կվերլուծենք եւ կաշխատենք այնպես անել, որպեսզի ըմբիշները գալիք մրցաշարերում լավ հանդես գան»,-ավելացրեց մարզիչը:

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյանն իր մրցելույթները գնահատեց լավ: «Ես լավ մարզավիճակում եմ եղել Եվրոպայի առաջնությանը: Մի փոքր չհերիքեց, որպեսզի կարողանայի 5-րդ ոսկին նվաճել: Բայց ամեն հաղթանակի հետեւում պարտություն է թաքնված, ամեն պարտության հետեւում՝ մեծ աշխատանք: Մենք աշխատելու տեղ շատ ունենք: Կարեւորը՝ այս պարտությունից հետո ես հասկացել եմ, թե որն էր իմ սխալը: Ու պիտի աշխատենք, որպեսզի աշխարհի առաջնությանը ավելի լավ մարզավիճակում ներկայանանք»,-ասաց Եվրոպայի քառակի չեմպիոնը:

Նա Բրատիսլավայում անցկացրած իր գոտեմարտերից առանձնացրեց եզրափակիչը: «Չնայած այդ գոտեմարտում պարտվել եմ, բայց լավ գոտեմարտ եմ վարել: Վերջին վայրկյաններին եթե կարողանայի շուտ կողմնորոշվել, մենամարտը կարող էր այլ ելքով ավարտվել: Վերջին 50 վայրկյաններին ուզում էի էլի միավոր անել: Բայց պետք է կանգնեի եւ միավոր չտայի»,-ասաց Արսենը:

Նա նաեւ նշեց, որ այս անգամ իր քաշային կարգում՝ 61 կգ-ում, երկու շատ ուժեղ մրցակից կար. «Ալբանացուն, որը աշխարհի չեմպիոնն էր, հաղթեցի, իսկ եզրափակչում մրցակիցս արդեն օլիմպիական չեմպիոնի հետ էի մենամարտում»:

Արման Անդրեասյան

Արման Անդրեասյանն ավելի հակիրճ էր. «Ճիշտն ասած, մարզական առումով բոլորս էլ շատ լավ պատրաստվել էինք: Հավաքականի մարզիչներով ու անդամներով ավելի լավ մեդալների սպասելիք ունեինք: Բայց թերություններ, այնուամենայնիվ, կային ու այս անգամ չհաղթեցինք»:

Վազգեն Թեւանյան

Իսկ Վազգեն Թեւանյանն ասաց. «Ընդհանուր առմամբ ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Սակայն բրոնզի համար չէի գնացել: Պատրաստվել էի ոսկի նվաճելու համար, բայց չստացվեց: Չեմ հուսահատվում, որովհետեւ վստահ եմ, որ առաջիկայում կլինեն հնարավորություններ՝ ապացուցելու եւ ցույց տալու, որ կարող ենք ավելին անել: Ինչ վերաբերում է իմ մրցակիցներին, արդեն մի քանի տարի Եվրոպայի առաջնությանը բարձրակարգ մարզիկներ են մասնակցում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930