Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հստակ եւ ուժեղ աջակցություն ենք ցուցաբերել Եվրոպական Խաղաղության հիմնադրամի նախաձեռնությանը, որպեսզի ՀՀ Զինված ուժերին սատարենք»․ Սլովենիայի փոխվարչապետ

Ապրիլ 16,2025 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր հրավիրած համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնն անդրադարձան հարցին, թե ի՞նչ փուլում են Խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու քննարկումները, արդյոք կա՞ երկիր, որն ընդդիմանում է համաձայնությանը։

Հիշեցնենք՝ կա տեղեկություն, որ Հունգարիան, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է ՀՀ-ին աջակցություն տրամադրելու որոշումը։

«Եվրոպական Խաղաղության հիմնադրամի աջակցության նախաձեռնությանը մենք սատարել ենք, որպեսզի ՀՀ Զինված ուժերին սատարենք։ Պետք է միաձայն մոտեցում լինի, բայց ինչ վերաբերում է Սլովենիային, շատ հստակ եւ ուժեղ աջակցություն ենք մենք ցուցաբերել»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ քննարկումները շարունակվում են։ «Հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի»։

Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաեւ իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Անթալիայում կայացած հանդիպմանը։ Հարցին, որ Ադրբեջանը չի նահանջում թե Մինսկի խումբը լուծարելու, թե ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջներից, արդյոք փաստաթղթի ստորագրման հեռանկարը կարելի՞ է փակված համարել նա պատասխանեց․ «Երկու հարցի վերաբերյալ էլ հայաստանյան կողմի դիրքորոշումները հայտնի են։ Մենք նախարար Բայրամովի հետ փորձեցինք օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ։ Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում եւ պայմանավորվածություն, կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ պետք է խոսակցությունը շարունակել։ Ինչպես եւ նախկինում, մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, մենք կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ։ Հետեւաբար, Մինսկի խմբի գոյությունը ոչ մի հավելյալ արժեք չի տա, հակառակը կարող է հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության վրա։ Այդ պատճառով մենք կողմ ենք եւ բաց ենք այդ ձեւաչափի լուծարման գործընթացին։ Մենք այդ փաստաթղթերը կարող ենք նույն օրը ստորագրել՝ համատեղ դիմում հղելով ԵԱՀԿ-ին՝ տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի ու Ադրբեջանի պատրաստակամության մասին»։

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության վերաբերյալ պահանջներին, Միրզոյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները։ «Եթե սա անուղղակի գործիք է, խոսույթ է, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու եւ ստորագրված խաղաղությունը չունենալու, սա մի իրավիճակ է։ Եթե անկեղծորեն մտահոգություն են տեսնում, սա այլ իրավիճակ է։ Եվ այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, խոսել հարցի մասին, որ մեր Սահմանադրությունը չի պարունակում որեւէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- հավելեց նա։

Ամփոփելով Անթալիա կատարած այցը՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Չենք կարող ասել, որ Անթալիայում Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ շփումների ու խոսակցությունների արդյունքում ունենք վերջնական լուծումներ եւ պայմանավորվածություններ։ Բայց նաեւ չենք կարող ժխտել, որ այդ հանդիպումներում այնուամենայնիվ հնարավոր է լինում քննարկել թեմաներ, ենթաշերտեր, որն արդյունավետ է ընդհանուր գործընթացի տեսանկյունից»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930