Այսօր Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին, որի ժամանակ ընտրելու էին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու 14 անդամները չէին մասնակցում։
ՔՊ-ի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը իր ՖԲ էջում հանդես էր եկել հայտարարությամբ՝ գրելով․ «Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ,
Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:
Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:
Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից:
Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»:
Լրագրողները, մեջբերելով Սարիկ Մինասյանի խոսքերը, նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հարցրեցին՝ ինչպե՞ս է կառավարելու, երբ Սարիկ Մինասյանը խոսում է ձախողումից, ճգնաժամից։
«Թող լինի, Սարիկս թող լինի, մենք իրար հետ կտեսնվենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք Սարիկի հետ։ Ես գիտեմ, որ Սարիկը Երևանից դուրս կգա, առաջինը կմտածի Գյումրիի մասին, հետո նոր կուսակցական մտածելակերպ կդրսևորի, ինքն էդպիսի տղա է, ես իրեն հավատում եմ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ