«Հանդիպմանը մասնակցել ենք բնակիչներով, կառուցապատող ընկերությունը՝ քաղաքապետարանի անձնակազմի հետ: Մեր հիմնական պահանջները ներկայացրել ենք քաղաքապետին, որ գնման իրավունքով մեզ ապագայում պատկանելիք 3,37 հա հողամասը պետք է ապահովվի, այսինքն այն 4000քմ հողամասը, որ կառուցապատողն առանձնացրել է եւ դրան առանձին հասցե է տրվել, այդ հարցը պետք է լուծվի »,-լրագրողների հետ զրույցում ասաց Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներից մեկը, որը այլ բնակիչների հետ միասին մասնակցել էր Երեւանի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը՝ քննարկելու իրենց թաղամասի խնդիրները եւ լուծման ուղիները։
Նրա խոսքով. «Պայմանավորվել են, որ այդ հողամասը պիտի վերադարձվի Անաստաս Միկոյան 64 հասցեի տակ, քանի որ, եթե այդ հողամասը չվերադարձվի, շահագործման թույլտվության՝ օրինական ճանապարհով ստացումը դառնում է անհնարին, որովհետեւ դա էական շեղում է: Համաձայն կառավարության սահմանած կարգի՝ այդ պարագայում շահագործման թույլտվություն չի կարող տրվել: ՄԵնք այդ ամենը ներկայացրել ենք, քաղաքապետ Տիգրան Ավինյանին»: Քաղաքացին հավելեց, որ իրենց մտահոգում է նաեւ այն հարցը, թե իրենց գնած բնակարանների վրայից ինչպես է դուրս գալու առաջնային գրավը:
«Մեր հիմնական խնդիրը 4000քմ հողատարածքն է, ինչի համար վճարվել է: Դա նույն բանն է, որ ես բնակարան եմ ձեռք բերել, ու օրերից մի օր, երբ փոխանցման ակտով սեփականության իրավունքն ինձ հանձնեն, պարզվի, որ, օրինակ, պատշգամբը կամ խոհանոցի հատվածն այլեւս իմը չէ, ընդհանուր հասցե են տրամադրել կամ վաճառել են ուրիշին: Մենք այդ հողի համար վճարել ենք, ինչ-որ պրինցիպներով չենք առաջնորդվում, մեր իրավունքը ոտնահարել են, դա պետք է լիներ մերը: Այդ տրամաբանության մեջ գլխավոր խնդիրն այդ հողամասն է»,-ասաց նա: Հավելեց, որ կա նաեւ ԱՄԻՕ բանկի առաջնային գրավի կարգավորման հարցը:
«Մենք լիահույս ենք, որ մեզ կարձագանքեն նաեւ կառավարությունից: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը զբաղվում է մեր խնդիրներով, իրենցից պահանջել ենք ու պահանջում ենք, որ բնակիչները եւս ներգրաված լինեն այդ խմբի աշխատանքներին ու քննարկումներին, որովհետեւ մենք պետք է հասկանանք՝ եթե մեր խնդիրն են ուզում լուծել, վերջիվերջո մենք պետք է մասնակից լինենք, ու հնարավոր է լուծման մեր տարբերակներն առաջարկենք: Իսկ եթե ներառված չենք այդ խմբում, ստացվում է՝ այդ աշխատանքային խումբը որոշումներ է կայացնում, որն անմիջականորեն վերաբերվելու է մեզ, բայց մենք դրա մասին տեղյակ չենք լինելու»,-ասում է Անաստաս Միկոյան 64-ի բնակիչը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ