Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր այցելել են Ազատության հրապարակում տեղադրված վրան ու հանդիպել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ։
«Ադրբեջանը ագրեսիայի հիմնական զոհը եղել է արցախահայությունը։ 1915 թվականի ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է, Ադրբեջանն ավելի քան ագրեսոր է։ Մենք տեսնում ենք, որ ինչքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը, այնքան Ադրբեջանը նոր նախապայմաններ է ավելացնում պայմանագրի մեջ փոփոխություններ իրականացնելու համար։ Կա ագրեսոր պետություն, որն Ադրբեջանն է, եւ կա ագրեսիան կրող պետություն, որը Հայաստանն է»,- ասաց ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ կարող են արցախցիների ձայնը բարձրացնել Եվրամիության հաստատություններում։ «Բայց Ֆրանսիան միայնակ չի կարող ձայն բարձրացնել ընդհանուր Եվրոպական միության տարածքում, եւ պետք է ԵՄ մյուս պետությունները նույնպես հայացք չթեքեն Հայաստանից՝ խնդիրների լուծման ճիշտ տարբերակները գտնելու համար, քանի որ շատ պետություններ տնտեսական ու քաղաքական շփման մեջ են Ադրբեջանի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ կարեւոր է, որպեսզի Հայաստանը կարողանա հնարավոր հարձակման դեպքում իր տարածքը պաշտպանել։
Հանդիպման ժամանակ Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ասաց, որ Արցախցիների պաշտպանության խորհուրդը բանակցում է ՀՀ կառավարության հետ՝ իրենց ներկայացրած պահանջագրի կետերի լուծման ուղղությամբ։ Նա ներկայացրեց նաեւ, թե ինչ հանդիպումներ են անցկացնում այս օրերին Ազատության հրապարակում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. Հանուն Արցախի միավորման հաղորդագրության համաձայն՝ Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին. «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները ապրիլի 16-ին Ազատության հրապարակի վրանում ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին և Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին:
Արցախցիները հյուրերին են ներկայացրել Արցախի ժողովրդի հիմնախնդիրները և իրավունքների պաշտպանության ջանքերը: Նրանք շնորհակալություն են հայտնել ԵԽ պատգամավորներին իրենց ցուցաբերած աջակցության ու սրտացավության համար:
Պատգամավորներն ընդգծել են հակամարտության արդար ու խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է ներառի նաև Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորումը: Նրանք հատուկ անդրադարձ են ունեցել Ադրբեջանի միջազգային հանցագործությունների պատժման անհրաժեշտությանը՝ շեշտադրելով, որ գործող անպատժելիությունը հանգեցրել է նոր ոտնձգությունների նույնիսկ Ֆրանսիայի հանդեպ:
Բեյն ու Մեցդորֆը հատուկ ընդգծել են իրենց շարունակական սատարումը հայ ժողովրդին՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել այն՝ այցի արդյունքների հիման վրա»: